«Այսպես շարունակվելու պարագայում նոր 1000 դրամ կստեղծվի: Երկիրը սոցիալ-տնտեսական առումով գոյություն չունի, կոռուպցիան վխտում է: Այս պարագայում ջանադրաբար հուզված են 1000 դրամով: Դա մի կողմ շպրտվի…մտածում եմ՝ երկիր ունենալո՞ւ ենք, թե ոչ»,-«Դեբատ» բանավեճի ակումբում այսօր խոսելով ՊՆ աղմկոտ օրինագծի մասին՝ ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նա իշխանավորներին առաջարկում է իրենց տեղերը զիջել նրանց, ովքեր երկիրը կսիրեն. «Բոլորը գառի պես խելոք նստած են, այդ պատճառով անում են այն, ինչ ուզում են: Թե չէ 1000 դրամից խոսել, կամ այսինչը փող կտա, թե չի տա…անիմաստ է…»:
Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Բոստանջյանն ասաց, որ վերջինս տնտեսագիտության դոկտոր է եւ տիրապետում է ոլորտին. «Ես նրան շատ ավելի վաղուց եմ ճանաչում: Նրա մոր հետ միասին դաս ենք տվել մենք…մակարդակով ընտանիք են, կարող եք չկասկածել, որ տիրապետում է տնտեսական հարաբերությունների դաշտին: Եթե Կարապետյանին թույլ տան, ուզում եմ համոզված լինել, որ կաշխատի երկիրը դուրս բերել ներկա վիճակից»:
Aravot.am-ը Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ ի՞նչ այլ միջոցներով է հնարավոր զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքների համար համապատասխան գումար հայթայթել: Արամ Մանուկյանն, օրինակ, առաջարկեց ստվերային տնտեսությունից գումարներ բերել բյուջե:
Կարդացեք նաև
«Եթե անգամ պատահականորեն չտիրապետենք իրավիճակին, միայն այն հանգամանքը, որ ՊՆ-ում այս պահին իմ կարծիքով 100.000 դոլարին մոտ մեքենաներն ավելի շատ են, քան աշխատողների թիվը, ուրեմն վատագույն դեպքում ուրիշ ռեզերվ էլ չգտնեինք՝ միայն այդ մեքենաների իրացման պարագան կստեղծեր ֆոնդ»,-պատասխանեց Վարդան Բոստանջյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ