Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ինտեգրացման զարգացման վարչության պետի տեղակալ Սաադատ Ասանսեիտովան նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստում իր զեկույցից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության ընթացքում գրանցած արդյունքներին:
Նա նշեց, որ 2016 թվականի 9 ամիսների տվյալներով Հայաստանը միակ երկիրն է, որը ավելացրել է իր արտահանումը Եվրասիական տնտեսական միության շուկա՝ 1.6 անգամ. «Դա խոսում է այն մասին, որ Հայաստանը վերականգնում է իր տնտեսությունը, եթե 2015 թվականին նվազում էր գրանցվել, ապա հիմա Հայաստանը զգալի տեմպերով արտահանման աճ է գրանցում: Բացի դրանից Հայաստանում ամենաբարձրն է ՀՆԱ-ի աճը. 2016 թվականի առաջին վեց ամիսներին ՀՆԱ-ի աճը կազմել է 2.7 տոկոս, դա բարձր է, քան ԵԱՏՄ միջինը»:
Սաադատ Ասանեսեիտովան հավելեց, որ 2011-2015 թվականների ընթացքում Հայաստան ներդրումները ԵԱՏՄ երկրներից գրեթե 7 անգամ ավելացել են: 2015 թվականի դրությամբ կուտակված ներդրումները 3 միլիարդ են կազմում: Ըստ նրա, դա ինտեգրացիայի ազդեցության արդյունքն է:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև