Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խումբը` որպես պատերազմի զսպման նկատմամբ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումների չընդհատվող փոխհամաձայնության հարթակ. Ղարաբաղի օրինակով

Նոյեմբեր 19,2016 15:56

Գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱՄՆ-ի ՊԱՀ-ի առաջատար հրավիրված պրոֆեսոր, ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված իսկական անդամ, ՀԱՊԿ-ի Գիտափորձաքննական խորհրդի անդամ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ Հ. Ս. ՔՈԹԱՆՋՅԱՆԻ ելույթը ՀՀ Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական Դումայի Միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստում։

Երևան, 19 նոյեմբերի, 2016 թ.

Արձագանքելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի հանձնաժողովների այսօրվա համատեղ նիստի հիմնական թեմաներից մեկին` պատիվ ունեմ նշելու, որ դեռ «վերագործարկման» վաղ շրջանում` 2010 թ., ինձ բախտ վիճակվեց Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում հանդես գալու որպես «ԱՄՆ–Ռուսաստան ռազմավարական երկխոսության» գիտական խորհրդարկու, ընդսմին դրա մասնակիցներ էին ռուսաստանյան և ամերիկյան առաջատար գեներալներ և ռազմավարական մակարդակի վերլուծաբաններ: Դա հնարավորություն է տալիս մասնագիտորեն հետևելու ռուս-ամերիկյան հարաբերությունների դինամիկային:

Գտնվելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սառը «կիսախաղաղություն-կիսապատերազմի» շեմի մոտ` իմ գործընկերները, որոնք ներգրավված են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու համար հարթակների որոնմամբ, նշում են նրանց դիրքորոշումների պարբերական անհամապատասխանությունը Մինսկի ձևաչափով ՈՒկրաինայի վերաբերյալ, ինչպես նաև Սիրիայի վերաբերյալ բանակցություններում:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և ՌԴ դիրքորոշումներում բազմամյա և չընդհատվող միջազգային անվտանգային համաձայնության քաղաքական-դիվանագիտական  հարթակների շարքում առանձնանում է Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահության հարթակը: ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահների` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի այս անընդհատ համաձայնությունը հաստատել է իր բացառիկ արժեքը նաև 2016 թ. մայիսին Վիեննայում կայացած բանակցություններում: Այս տարվա ապրիլին Ղարաբաղում Չորսօրյա պատերազմի արդյունքներով կայացած Վիեննայի խորհրդարկումների ժամանակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումների համահունչությունը Հայաստանին և Ադրբեջանին հակեց  համաձայնության այն բանում, որ անհրաժեշտ է զինված հակամարտության գոտում պատերազմի նախապատրաստման  նկատմամբ սահմանել վերահսկողություն` ռազմական գործողությունների վերսկսումից կողմերին հետ պահելու համար:

Պատերազմների վարման ու կանխման միջոցների տեղեկութային հագեցվա­ծության դա­րաշրջանում, մի կողմից, տեխնոլոգիական նորամուծությունների կիրառման և, մյուս կողմից, մարտական գործողություննե­րի նախապատրաստման վրա քաղաքական-դիվանագիտական ներգործության մեթոդների խելացի համակցումը հնարավորություն է տալիս մշակելու մի այնպիսի հայեցա­կարգ, ըստ որի` ագրեսիայի զսպումը կատարվում է պատերազմին նախա­պատրաստումն ազդարարող ռազմական ուժի կուտակման ու տեղաշարժերի նկատմամբ արդյունավետ տեղե­կատվական վերա­հսկողության միջոցով: Նման ռազմավա­րության շնորհիվ հնարավորություն է ստեղծվում, որպեսզի խաղաղապահության ոլորտում գործող միջնորդ կողմերը միմյանց և հակամարտության մասնակիցներին տրամա­դրեն հակառակորդների` խաղաղությանն սպառնա­ցող նախապատրաստումների վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ, որպեսզի նրանց հակեն հրաժարվելու պատերազմին նախապատրաստումից:

Տվյալ համատեքստում հույժ կարևոր է ելնել այն բանի ըմբռնումից, որ Հայաստան-ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մակարդակի անհաշվեկշռության անընդհատ աճման պայմաններում չի կարելի ապավինել ավան­դա­կան ռազմական զսպման արդյունավետությանը: Այս հարցում անհրաժեշտ է գիտականորեն իմաստա­վորել միջազգային հանրության հետ համագործակ­ցության նկատմամբ այն նորա­մուծական մոտեցումները, ըստ որոնց` մարտական գործողութ­յունների ծավալմանը կողմերի նախապատրաստման մասին ազդարարող ռազմական ուժի վտանգավոր տարաշարժների խորազննման համար կկիրառվեն միջազ­գային հանրութ­յան բարձր տեխնոլոգիական միջոցները: Խոսքը վերաբերում է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեր մշակած մեթոդաբանությանը, ըստ որի` Ղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի փոփոխման վտանգավոր դինամիկայի խորազննման գործում պետք է ներգրավվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահներ, Անվտանգության խորհրդի մշտական անդամներ ՌԴ-ն, ԱՄՆ-ը և ՖՀ-ն՝ վերազգային տիեզերական տարածությունից վերահսկման իրենց ուղեծրային հեռադիտական միջոցների գործադրմամբ:

Միջազգային տիեզերական իրավունքը միջազգային հանրությանը հնարավորություն է տալիս մերձերկրային տիեզերական տարածությունից վերահսկելու հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսմանը զորքերի պատրաստման դիմանիկան: Վերահսկողության այս եղանակը, այն է` ազգային օդային տարածքից հեռազննման տեղափոխումը վերազգային տարածություն, կարող է օգտագործվել որպես պատերազմի կանխման վերաբերյալ խորհրդարկումների ու բանակցությունների կիրառմամբ քաղաքական-դիվանագիտական զսպման միջոց:

Երկիրը տիեզերքից խորազննելու վերաբերյալ սկզբունքների հռչակագիրը նախատեսում է, որ «Միջազգային համագործակցության խրախուսման և ակտիվացման համար, հատկապես` զարգացող երկրների կարիքների հաշվառմամբ, տիեզերքից Երկրի հեռահար խորազննում կատարող պետությունը, ըստ խնդրանքի, խորհրդարկումներ է անցկացնում այն պետության հետ, որի տարածքը խորազննվում է»[1], իսկ Տիեզերական տարածության, ներառյալ` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ուղղությամբ պետությունների գործունեության սկզբունքների մասին պայմանագիրը նախատեսում է, որ «Տիեզերական տարածությունը, ներառյալ` Լուսինը և այլ երկնային մարմիններ, ենթակա չէ ազգային յուրացման ո՜չ դրանց նկատմամբ ինքնիշխանության հռչակման եղանակով, ո՜չ օգտագործման կամ զավթման ճանապարհով, ոչ էլ որևէ այլ միջոցով»[2]:

Միջնորդ խաղաղարար տերությունների ուղեծրային խորազննական միջոցների կիրառմամբ պատերազմի վերսկսումը զսպելու այս նորա­մուծական հայեցակարգի կիրառումը կարող է արդյունավետ եղանակ լինել շարունակվող Ղարաբաղյան հակամարտության դեպքում, մի հակամարտության, որն ավելի քան քառորդ դար մարմրում է մրրկա­հույզ Միջին Արևելքի անմիջական հարևանությամբ: Այն նաև ռազմա­վարական կարևորություն ունի տարածաշրջանային անվտան­գութ­յան համար, ինչը պայմանավորված է Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Իրանին և Թուրքիային հայաբնակ Ղարաբաղի մերձությամբ: ՈՒստի Ղարաբաղում ռազմական գործողությունների յուրաքանչյուր վերսկսում կարող է ցեղասպանության մի նոր ողբերգական էջ բացել Արևելքն ու Արևմուտքը կամրջող այս տարածաշրջանում, որտեղ Իսլամական պետության դահիճները քրիստոնյաների, հրեաների, եզդիների և ահաբեկչական ջիհադի մեջ չներգրավված մահմեդականների նկատմամբ այսօր իրագործում են ցեղասպանություն:

Հայ ժողովրդի համար «Այլևս երբե՜ք» սկզբունքի հրատապությունը ևս մեկ անգամ երևան եկավ ԽՍՀՄ-ում Վերակառուցման շրջանում իր հայ բնակիչների դեմ Ադրբեջանի ձեռնարկած ջարդերի ժամանակ: Դրանք կազմակերպվել էին ի պատասխան ինքնորոշման և Ադրբեջանական ԽՍՀ-ից համաձայն այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրության դուրս գալու ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի հայության նախաձեռնած խաղաղ քաղաքական գործողություններին[3]:

1991 թ. նոյեմբերի 23-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) լուծարելու մասին օրենք: Ի պատասխան այդ ապօրինի ձեռնարկման` 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում միջազգային չափանիշ­ներին ու 1991 թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքին խիստ համապատասխա­նութ­յամբ և միջազգային դիտորդների մասնակ­ցութ­յամբ անցկացվեց անկախության հարցով հանրաքվե: ԼՂՀ ադրբեջանական փոքրամասնությանը հնարավորություն տրվեց մասնակցելու հանրաքվեին, սակայն Բաքվի ցուցումով նա հրաժարվեց այդ հնարավորությունից[4]: Հետագա իրադարձություն­ները վերացրին հանրաքվեի արդյունքները ԽՍՀՄ կենտրոնական մարմինների հետ համաձայնեցնելու անվերապահ պահանջը, քանի որ 1991 թ. դեկտեմբերի 21-ին ստորագրվեց Խորհրդային Միության լուծարման մասին Ալմա Աթայի հռչակագիրը[5]: Այսպիսով` Լեռնային Ղարաբաղի տարածքում անցկացված հանրաքվեն օրինական է, իսկ դրա արդյունքներով ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տությունը` լեգիտիմ:

Ադրբեջանի Հանրապետությունը 1992 թ. Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սանձազերծեց, իսկ 1994 թ. Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ստորագրեցին հրադադարի համաձայ­նագիր, ինչպես նաև 1995 թ.` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի հաստատունացման մասին եռակողմ պայմանագիր: Այս համաձայնագրերը հակամարտող կողմերը և Ղարաբաղյան հակամարտության գծով ԵԱՀԿ Մինսկի խումբը ճանաչեցին որպես իրենց էությամբ անժամկետ և հակամարտության գոտում երկարատև զինադադարի հաստատման համար հիմք:

2016 թ. ապրիլի 2-ին` 1994 թ. հրադադարի կնքումից 22 տարի անց, Ադրբեջանի Զինված ուժերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ձեռնարկեցին լայնամասշտաբ հարձակում, որի հիմնական նպատակն էր ձախողել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը, զավթել Լեռնային Ղարաբաղը և նրա հայկական բնակչությանը ենթարկել ցեղասպանության: Ադրբեջանը շարունակում է լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի սանձազերծման սպառնալիքով մոլորեցնել միջազգային հանրությանը: Ադրբեջանի այս վարքագիծը զգալի չափով պայմանավորված է այն հանգամանքով, որ չկան շփման գծի շուրջ ռազմական գործողությունների վերսկսման դինամիկան գրանցող մեխանիզմներ: Ադրբեջանը շատ տարիներ մերժում է հրադադարի մշտազննման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահների առաջարկությունները: Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահ պետությունները, Հայաստանի Հանրապե­տության առաջարկությամբ, արդեն մի քանի տարի շարունակ քննարկում են այդ մեխանիզմների` որպես վստահության ամրապնդման միջոցի ներդրման հնարավորությունը:

2016 թ. մայիսին Վիեննայում ԱՄՆ-ի պետքարտուղարի, Ռուսաստանի արտգործնախարարի և Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպման արդյունքներով ձեռք բերվեց հակամարտության շփման գծի երկայնքով հրադարարի հրաձգային խախտումների հետաքննության մեխանիզմների վերաբերյալ համաձայնություն: Սա պատեհա­ժամորեն ընդունված որոշում է, որովհետև զուտ ռազմական զսպման հնարավորությունները խիստ նվազել են, քանի որ կողմերից մեկը ակտիվ կերպով գնում է հարձակողական սպառազինություն՝ խախտելով ուժերի հաշվեկշիռը:

Դրա հետ մեկտեղ, Վիեննայում 2016 թ. մայիսին կայացած հանդիպման արդյունքները տվյալ համատեքստում պետք է դիտվեն որպես ոչ միայն հրադադարի ռեժիմը երկու հակամարտող կողմերի ազգային օդային տարածքներից վերահսկելու վերաբերյալ համաձայնություն, այլև երկու հակամարտող պետությունների ազգային ինքնիշխանություն­ներից դուրս գտնվող տիեզերական տարածությունից հարձակողա­կան սպառազինության կուտակման և զորքերի տեղաշարժի միջոցով պատերազմին պատրաստումը վերահսկելու ուղեծրային մեխանիզմների ընտրության վերաբեր­յալ հիմք հանդիսացող ՀՀ-ի և ԱդրՀ-ի հետ հաջողված միջազգային խորհրդարկություն[6]:

Այս տեսակետից կարող է օգտակար լինել, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահները բանակցություններ սկսեն Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման համար հարձակողական սպառազինության կուտակումը և զորքերի տեղաշարժը մշտազննելու, վերահսկելու և շահագրգիռ կողմերին իրազեկելու նպատակով իրենց տրամադրության տակ եղած մերձերկրային ուղեծրային ապարատները կիրառելու հարցով:

Պատերազմի զսպման նպատակով ուղեծրային խորազննման բարձրտեխնոլոգիական տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների նման նորարարական կիրառումը կարող է փորձարարական հարթակ դառնալ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև խաղաղաշինության նպատակով թիրախային նշանակության հետախուզական տեղեկույթի փոխանակման համար:  Քաղաքական-դիվանագիտական և ռազմական զսպման ասպարեզում այս նորամուծությունը հաջողության դեպքում կարող է որպես նմուշ   կիրառվել համաշխարհային մասշտաբներով, որպեսզի կանխվի Հարավային Կովկասի, Մերձավոր Արեւելքի և Կենտրոնական Ասիայի նման հարակից տարածաշրջաններից դերակատարների աղետալի ներգրավմամբ`  Ղարաբաղյան հակամարտության տիպի տեղափակված սառեցված հակամարտությունների վերաճումը պատերազմի:

[1] Տես «Принципы, касающиеся дистанционного зондирования Земли из космического пространства». https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/earth_remote_sensing.shtml

[2] Տես «Договор о принципах деятельности государств по исследованию и использованию космиче­ско­го пространства, включая Луну и другие небесные тела»: https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/outer_space_governing.shtml

[3] Տես «Закон СССР «О порядке решения вопросов, связанных с выходом союзной республики из СССР» No 1410-1 от 3 апреля 1990 г.». «Ведомости Съезда народных депутатов СССР, Верховного Совета СССР», 1990, N 15; «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  հռչակման մասին հռչակագիր»: Ընդունված է 1991 թ. սեպտեմբերի 2-ին. www.nkr.am/ru/declaration/10/;

Jacques Derrida, Isaiah Berlin, Alain Finkielkraut, Richard Rorty, and Adrian Lyttelton. An Open Letter on Anti-Armenian Pogroms in the Soviet Union. Joint Initiative of the Helsinki Treaty Watchdog Committee of France and Intellectuals from the College International de Philosophie, Paris. September 27, 1990. The New York Review of Books. https://www.nybooks.com/articles/1990/09/27/an-open-letter-on-anti-armenian-pogroms-in-the-sov/

(USSR Law “On the procedure for regulation of issues related to the secession of a Union Republic from the USSR” No 1410-1 of 3 April 1990, “Bulletin of the Congress of People’s Deputies of the USSR, the Supreme Council of the USSR”, 1990, No 15, Declaration on the Proclamation of the Nagorno-Karabakh Republic), www.nkr.am/ru/declaration/10/

[4] Տես «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի արդյունքների մասին արձանագրություն»: Ընդունված է 1991 թ. դեկտեմբերի 10-ին https://www.nkr.am/ru/referendum/42/

[5] Տես «Алма-Атинская Декларация». Алма-Ата, 21 декабря 1991 г. https://cis.minsk.by/page.php?id=178

[6] Տես Joint Statement of the Minister of Foreign Affairs of the Russian Federation, Secretary of State of the United States of America and State Secretary for Europe Affairs of France

https://www.osce.org/mg/240316

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930