Լրագրողները Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովից հետաքրքրվեցին, թե արդյոք որեւէ դրական շարժ է ակնկալում դեկտեմբերի 8-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում նախատեսվող Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւ համանախագահ երկրների արտգործնախարարների հետ հանդիպումից:
Կոնստանտին Կոսաչովը պատասխանեց, որ յուրաքանչյուր նման հանդիպում հույս է տալիս, որ տեղաշարժ կլինի. «Ռուսաստանը անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի նպաստի դրան: Եվ մենք հույս ունենք՝ ինչպես ասում են՝ մի կաթիլ ջուրը քար է ծակում: Մենք հասկանում ենք, որ ապրիլյան իրադարձությունները որոշակի իմաստով դանդաղեցրել են գործընթացը: Բայց մեզ թվում է, որ զգացմունքները բավականին հանդարտվել են՝ գործընթացը վերսկսելու համար»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ