Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է իր հովանու ներքո մեկնարկած և ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված՝ «Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ)» խորագրով գիտաժողովի խմբագրական խորհրդին և կազմկոմիտեին:
Երևանի պետական համալսարանի և Մատենադարանի անվանի գիտնականների հետ հանդիպման ժամանակ վարչապետը ողջունել է գիտական նմանատիպ խոշոր միջոցառման անցկացումն Արցախում՝ այն համարելով կարևոր խթան արցախյան գիտության զարգացման համար:
«Ոգևորիչ է տեսնել, որ հայոց գիտության երկու լրջագույն կենտրոններից այսքան պատկառելի գիտնականներ իրենց մասնակցությունն են բերել գիտաժողովի կազմակերպման գործին՝ սիրով համաձայնվելով հանդես գալ նաև արցախյան մասում: Վստահ եմ, որ գիտաժողովին ձեր մասնակցությունը խթանելու է Արցախում գիտության զարգացման ընթացքը, ինչպես նաև դառնալու է նոր սկիզբ ԱՀ կառավարության հետ ձեր հետագա համագործակցության համար, որը, համոզված եմ, ապագայում ևս իր պտուղները կտա: Հաճելի է տեսնել, որ գիտաժողովն անցկացվում է Գանձասարում, քանի որ շուրջ երկուսուկես տասնամյակ առաջ այն դարձել էր պատերազմական գործողությունների սահմանագիծ, սակայն հայորդիների արյան գնով մեզ հաջողվեց փրկել այդ վանական համալիրը: Իսկ այժմ Գանձասարը, ի ուրախություն բոլորիս, դարձել է ոչ միայն հոգևոր, այլ նաև գիտական կենտրոն»,- իր խոսքում ընդգծել է վարչապետ Հարությունյանը:
Գիտաժողովի խմբագրական խորհրդի և կազմկոմիտեի անդամները շնորհակալություն են հայտնել Ա. Հարությունյանին գիտության և կրթության հանդեպ ցուցաբերվող հատուկ ուշադրության համար: Նրանք իրենց պատրաստակամությունն են արտահայտել Արցախում գիտական կյանքի ակտիվացմանն աջակցելու ուղղությամբ, ինչպես նաև վարչապետից հետաքրքրվել են ԱՀ կառավարության գործունեության տարբեր ոլորտներից: Կողմերի միջև տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ պայմանավորվելով շարունակել պարբերական փոխշփումները:
Կարդացեք նաև
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը և Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը, մասնակցությամբ Արցախի պետական համալսարանի, Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի բարձր հովանու ներքո, ընդառաջ գնալով ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից 2016թ.-ը «Արիստոտելի հոբելյանական տարի» հռչակելուն և արժևորելով Արիստոտելի ժառանգությունը՝ Արցախի Հանրապետությունում կազմակերպել են գիտաժողով՝ «Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (Արիստոտելյան ընթերցումներ)» խորագրով:
Նկատի ունենալով Արիստոտելի ժառանգության բազմակողմանիությունը՝ գիտաժողովին մասնակցում են տարբեր գիտակարգերի ներկայացուցիչներ՝ փիլիսոփայություն, տրամաբանություն, հոգեբանություն, պատմություն, բանասիրություն, քաղաքագիտություն, աստվածաբանություն, բնագիտություն և այլն: Գիտաժողովը մեկնարկել է փիլիսոփայության համաշխարհային օրը՝ 2016 թ. նոյեմբերի 17-ին և կավարտվի նոյեմբերի 20-ին: Նոյեմբերի 19-ին գիտաժողովն անց է կացվում Արցախում՝ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում՝ ընդգրկելով տասնյակ վաստակավոր ու երիտասարդ գիտնականների թե՛ ՀՀ-ից և թե՛ ԱՀ-ից:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին