Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Լոքյանը ազգուտակին գործի տեղավորած գյուղապետերի ու մարզպետերի հարցերը լուծելու է

Նոյեմբեր 19,2016 15:30
loqyan

Նույն հիմնարկում աշխատող «մայր ու աղջիկ», «հայր ու տղա» երեւույթի դեմ պայքարը տարածվելու է մարզերի վրա:

Վարչապետ Կարեն Կարապետյանը վերջերս կառավարության նիստում կոշտ դիրքորոշում էր հայտնել հանրակրթական հաստատություններում՝ դպրոցներում, մանկապարտեզներում ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երեւույթների հետ կապված: Մասնավորապես, նա ասել էր, որ պետք է ստուգեն՝ մայր ու աղջիկ՝ նույն դպրոցում, որքանո՞վ է դա օբյեկտիվ:

Նույն մայր ու աղջկա սկզբունքով մարզպետարաններում, գյուղապետարաններում ու քաղաքապետարաններում են գործի տեղավորվել համայնքների ղեկավարների ազգուտակը: Օրինակ՝ վերջերս մամուլում աղմուկ բարձրացավ Արագածոտնի մարզպետ ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանի հետ կապված, որն իրեն օգնական էր նշանակել իր հորեղբոր որդուն՝ Խաչիկ Գյոզալյանին, եւ վստահեցրել, որ նա խելացի, կրթված, պրոֆեսիոնալ անձնավորություն է, հարմար է այդ պաշտոնին:

Ուստի «Առավոտը» տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հարցրեց՝ երբ դառնում են մարզպետ կամ համայնքապետ եւ իրենց ողջ ազգականներին տեղավորում են մարզպետարանում, գյուղապետարանում, Դուք նորմա՞լ եք վերաբերվում դրան: Նա պատասխանեց. «Ես այդ խնդիրը փորձում եմ առաջիկայում կանոնակարգել համապատասխան մեթոդական ցուցումներով: Մեխանիզմ կա»:
Թե որ մեխանիզմի մասին է խոսքը՝ Դավիթ Լոքյանը բացատրեց. «Համայնքը իր համայնքային ծառայողներին ձեւավորելու պարագայում, այսինքն՝ աշխատանքի ընդունելու պարագայում, պետք է առաջնորդվի հետեւյալ չափորոշիչներով՝ ինչ մասնագիտություն ունի, ինչ կրթություն ունի: Եթե ինքը հաշվապահ-ֆինանսիստ է, հետեւապես պետք է լինի բարձրագույն կրթությամբ հաշվապահ կամ տնտեսագետ: Եթե ինքը համայնքում անցնում է գլխավոր մասնագետի պաշտոնի համայնքային ծառայության, ինքը պետք է կոորդինացնի կրթության համակարգը, խոսքը մանկապարտեզի եւ արտադպրոցական հաստատությունների մասին է, ինքը պետք է ունենա մանկավարժի կրթություն կամ համապատասխան համարժեք կրթություն: Եթե մենք կդնենք այդ չափորոշիչները, եւ հանկարծ մի գյուղում կհայտնվի մի գյուղապետ, որի երեխան, աղջիկը կամ տղան բավարարում է այս չափանիշներին, բնական է, որ նրանք էլ կարող են աշխատել»:

Նախարարն ասաց, որ մինչ օրս նման չափորոշիչներ չկան, եւ բաց դաշտ է ստեղծվում. «Համայնքային ծառայության մեջ նույնիսկ համայնքապետը կարող է միջնակարգ կրթությամբ լինել, աշխատակիցների համար հստակեցված չի: Բարձրագույն կրթությունը պարտադիր էր, բայց նեղ մասնագիտացումը՝ չէ: 2017-ի սկզբին մենք կկարգավորենք սա «Համայնքային ծառայության մասին» օրենքի փոփոխությամբ: Մենք հիմա զբաղվում ենք դրանով, որտեղ այս բոլոր խնդիրները կլուծվեն»:

 

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

18.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930