Հայկը 16 տարեկան է: Նա իր կյանքից երկու ամիսն արդեն անցկացնում է հիվանդանոցում: Հայկը բուժվում է արյան հիվանդության դեմ:
Ինչպես բժիշկներն են ասում, դեռահասության շրջանում երեխաներն ավելի դժվար են բուժումը տանում. քիմիաթերապիայի համար նախատեսված դեղորայքը նրանց դեպրեսիվ վիճակի մեջ է գցում, եւ այդ վիճակն էլ ավելի է խորանում, երբ հիվանդանոցային պայմանները բարվոք չեն լինում: Հայկն այդ հոգեվիճակն ապրել է, ասում է՝ պատերն անգամ ճնշում էին:
Արդեն քանի օր է՝ Հայկը եւ նրա պես շատ երեխաներ Արյունաբանական կենտրոնի նոր շենքում են բուժման կուրսն անցնում: Վերաբացված կենտրոնը համեմատության եզրեր չունի նախկին մասնաշենքի հետ:
«Առավոտի» հետ զրույցում Հայկ Ղազարյանը հույս է հայտնում, որ գունեղ միջավայրի, բժիշկների ջանքերի շնորհիվ ինքն ու այստեղ բուժվող շատ երեխաներ ավելի շուտ կապաքինվեն ու կվերադառնան իրենց բնականոն կյանքին: Վերջին սերնդի սարքավորումներով ու որակյալ դեղորայքով վերաբացված կենտրոնը Հայկի մոր սրտում էլ է հույս արթնացրել` որդին կենտրոնից դուրս է գալու լրիվ առողջացած:
Կարդացեք նաև
Հինգ ամիս Արյունաբանական կենտրոնի հին մասնաշենքում է բուժվել նաեւ Վարդուհի Ստեփանյանի փոքրիկը: Ընտանիքը Գյումրիից է, եւ մարզից լինելու հանգամանքն էլ ավելի է բարդացրել փոքրիկի ընտանիքի սոցիալական վիճակը: Ինչպես տիկին Վարդուհին է ասում՝ երեխաները բուժվում էին փոքրիկ, սանիտարահիգիենիկ պայմաններից զուրկ ու մռայլ սենյակներում: Սննդի հարցը նույնպես խնդիր է եղել: Մինչդեռ այդ հիվանդությունն ունեցող մարդկանց համար անհրաժեշտ են հիվանդանոցային իդեալական պայմաններ, հատուկ սնունդ, քանի որ բուժման կուրսն անցնելու ժամանակ մարդն անպաշտպան է դառնում յուրաքանչյուր վարակի նկատմամբ:
«Նախկին պայմանները նորի հետ անհամեմատելի են: Նախկին շենքում մենք մտածում էինք ամեն մանրուքի մասին, այստեղ մեր փոխարեն ամեն ինչի մասին մտածված է՝ սկսած ամենատարրական պայմաններից, վերջացրած սննդի հարցով: Այստեղ երեխաներին հատուկ սնունդ է տրվում»,- մեզ հետ զրույցում ասում է տիկին Վարդուհին` նշելով, սակայն, որ թե՛ հին մասնաշենքում եւ թե՛ նորում բժիշկների վերաբերմունքը միշտ հոգատար է եղել:
Վարդուհի Ստեփանյանի խոսքով՝ բուժման կուրսի ժամանակ երբ դադար է լինում, հիվանդները կարող են տուն գնալ, բայց քանի որ մարզերի բնակիչների համար գնալ-գալը խնդիր էր, նրանք ստիպված հիվանդանոցում էին մնում, ինչն էլ ավելի էր ընկճում առանց այդ էլ սրտնեղած հիվանդներին ու նրանց հարազատներին: Այսօր արդեն, երբ կենտրոնում բարվոք պայմաններ են, հեռուստացույց ու երեխաների համար խաղալիքներով լեցուն խաղասենյակ կա, անգամ հիվանդանոցում մնալու պարագայում մարդիկ իրենց այդպես ճնշված չեն զգա:
Կենտրոնի վերաբացումից ի վեր, ինչպես մեզ հետ զրույցում ծնողները նշեցին, գրեթե ամեն օր տիկին Սարգսյանը երեխաներին այցելության է գալիս:
Կենտրոնի բժիշկները նույնպես նկատել են, որ թե՛ երեխաների եւ թե՛ ծնողների մոտ տրամադրության նկատելի փոփոխություն կա:
Արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար Լալա Վաղարշակյանն ասում է, որ նրանք «ավելի ոգեւորված են ու հավատքով ներշնչված»:
«Եվ դա բնական է. ինչ գեղեցիկ միջավայրում բուժվես, ինչ՝ քանդված պատերի մե՞ջ: Այս մթնոլորտը նաեւ բուժաշխատողների հոգեբանության վրա է ազդում. այդ մռայլ պատերը բավականին ճնշող ազդեցություն էին թողնում ե՛ւ հիվանդների, ե՛ւ նրանց ծնողների, ե՛ւ նաեւ բուժաշխատողների վրա: Երբ գալիս ես ավելի պայծառ, լուսավոր տեղ, ինքդ էլ հոգեբանորեն փոխվում ես:
Սա այն հիվանդությունն է, որ առանց այն էլ ճնշող ազդեցություն է գործում, որովհետեւ առաջին անգամ երբ հանդիպում ես ծնողին եւ նրան պետք է ախտորոշումն ասես, դրանից արդեն կանգնում ես փաստի առաջ: Չգիտես ինչպես ասես, որ ծնողը լրիվ չհուսահատվի: Բայց հիմնականում կարողանում ենք դուրս բերել այդ վիճակից»:
Լալա Վաղարշակյանը վստահեցնում է, որ նոր կենտրոնում սարքավորումները վերջին սերնդի են, եւ ախտորոշումն ու առաջին եւ ընթացիկ օգնությունը բարձր մակարդակի վրա են լինելու: Ըստ նրա՝ հիվանդանոցում գործելու են նոր բաժանմունքներ` վերակենդանացման, վիրահատական, ոսկրածուծի փոխպատվաստման:
Կենտրոնում երեխաների եւ նրանց ծնողների հետ նաեւ հոգեբան է աշխատում, եւ եթե դժվար փուլեր են լինում, հոգեբանի օգնությամբ դրանք ավելի հեշտ են հաղթահարվում:
Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն ասում է, որ այստեղ բուժվող մանուկների հիմնական մասը բուժումն անցնում է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ: Ծնողների խոսքով՝ գրեթե ամեն օր տիկին Սարգսյանը կենտրոնի երեխաներին տեսության է գալիս:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
18.11.2016