Մշակույթ ասելով մեր հասարակության զգալի մասն ավելի շուտ հասկանում է գիրք ու եկեղեցի, գեղանկարչություն, երաժշտություն, թատրոն, կինո, մի խոսքով՝ առաջին հերթին գրականություն եւ արվեստ: Մշակույթ բառը արտաբերելուց հետո մեր միտքն ակամայից փնտրում է արվեստի բնագավառի վառ արտահայտված անհատականություններ, զրնգուն անուններ՝ տեղական եւ համաշխարհային մասշտաբների: Իրականում՝ ապրում ենք մի աշխարհում, որտեղ չափից ավելի սրընթաց փոփոխությունները էապես փոխել են մշակույթ հասկացության իմաստային շերտերը, որովհետեւ այլեւս ոչ այնքան լեզուն ու պատմությունն է, ոչ էլ կրոնն ու արվեստն է մղվում առաջին պլան, որքան այն ունիվերսալ համակարգը ու միջավայրը, որն իր մեջ ներառելով այս ամենը՝ դառնում է տվյալ ազգի ու պետության դեմքը:
Պատահական չէ, որ եվրոպական ու արեւելյան ազգերից շատերը, չունենալով դասական մշակույթին հարիր առանձնահատկություններ, այսօր զարգանում են սրընթաց տեմպերով: Օրինակ՝ զբոսաշրջիկը Հայաստանից հեռանալուց հետո կարող է մոռանալ Երվանդ Քոչարի ինքնատիպ արձանները, մեր զարմանահրաշ եկեղեցիները, Մատենադարանն ու էլի շատ ու շատ սքանչելի բաներ, բայց նա երկար կհիշի այն «սպարտիվկայով» ու չուստերով տաքսիստին, որը խաբեց իրեն օրը ցերեկով, շորթելով քառապատիկ ավելի գումար՝ կարճ տարածության համար: Այս մարդու տեսադաշտից հազիվ թե վրիպի այն, թե ի՞նչ անհասկանալի միկրոավտոբուսների մեջ էին խցկվում մարդիկ Երեւանում, ինչո՞ւ էին հանրային վայրերում այդքան բարձր խոսում եւ վերջապես՝ ինչո՞ւ էր շուրջբոլորը այդքան անխնամ ու կեղտոտ: Հնարավոր է, որ նա հաճելի տպավորություններից զատ՝ իր հետ տանի եւս մի զգացում, որի մասին, կոռեկտությունից ելնելով, գուցե այդպես էլ ոչինչ չասի: Օրինակ, նա չի ասի՝ մի՞թե նորմալ է ունենալ այդքան բարենպաստ կլիմա ու սքանչելի բնաշխարհ, օժտված ու աշխատասեր ժողովուրդ, բայց ապրել աղքատության ու խեղճության մեջ: Եթե մեր հանրությունը խորությամբ չգիտակցի, որ մշակույթ ասելով պետք է հասկանալ ավելին, հասկանալ այն, որ դա նաեւ երկու մարդու բարեկիրթ զրույցն է, հանրային վարքը, վերաբերմունքը շրջակա միջավայրի հանդեպ, կենցաղը եւ առհասարակ՝ մեր կենսակերպը, ապա համաձայնեք, գավառականությունը դեռ երկար կուղեկցի մեզ: 80-ականների կեսերն էին, ընթանում էին Կասկադի շինարարական աշխատանքները:
Իմ կանադահայ ընկերոջ հետ, ով առաջին անգամ էր այցելել Երեւան, շրջում էինք այդ հատվածներում եւ ես հպարտացա, թե՝ տես, ի՛նչ հզոր շինարարական նախագիծ է իրականացվում: Ասածս նրա վրա որեւէ տպավորություն չթողեց, ավելին՝ նրա դեմքին նկատեցի տարակուսանք: Նա թույլ չտվեց, որ հարցեր տամ, միանգամից ասաց՝ «Զարմանալի բան է, ի՞նչ իմաստ ուներ այստեղ այսքան բետոն, ասֆալտ ու քար կուտակել: Մի՞թե առավել գեղեցիկ չէր, որ հենց քաղաքի սրտում մի պատառ գողտրիկ բնություն լիներ, ի՛նչ զարմանահրաշ երեւույթ է, որ ժայռը եկել ու մխրճվել է քաղաքի սրտի մեջ: Եվ հանուն ինչի՞ է այդ ամենը ոչնչացվում… Կանադայում բնության այս բեկորը կգուրգուրեին»:
Երբ նայում ես այլ երկրներում բնության հուշարձանների, ազգային պարկերի եւ այլ համալիրների հանդեպ առկա վերաբերմունքին, հասկանում ես, որ դեռ շարունակում ենք անմտորեն դոփել տեղում, մինչդեռ մեր բնության հուշարձանները ոչնչով պակաս չեն այլոց արժեքներից, իսկ շատ տեղերում դրանք առավել գրավիչ ու կատարյալ են: Իսկ առհասարակ՝ մոլորակի բնության ամեն մի պատառիկը եզակի ու կատարյալ է յուրովի: Այս գործում գոնե, համեմատությունները անիմաստ են: Խնդիրն առաջին հերթին դրանց որակյալ եւ ամենօրյա PR-ն է, որն արվում է թե երկրի սպառողներին եւ թե օտարերկրյա զբոսաշրջիկներին գայթակղելու համար:
Կարդացեք նաև
Օրինակ՝ դժվար է Գերմանիայում գտնել մեկին, որ չիմանա, թե ինչ զարմանահրաշ բան է Էշբերգ քաղաքից ոչ հեռու գտնվող «Սատանայի սեղանը», Բեռլինի «Կայզերի կաղնին», իսկ իտալացին էլ՝ անտեղյակ լինի «Ավերնոյի լճից»: Անգլիացին մի առանձնակի հպարտությամբ կպատմի Իոնի կղզու՝ հնագույն քրիստոնեական թագավորների օրրանի եւ Նյու Ֆորեստի ազգային արգելոցի մասին: Ֆրանսիացիների համար Նիցցայի «Ֆենիկս» ծաղիկների եւ Ստրասբուրգի բուսաբանական այգիները ազգային պարծանք են, իսկ «Վերդոնյան եւ Արդեշի կիրճերի» մասին նրանք կարող են խոսել ժամերով: Օրերս, երբ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսեց Հայաստանի բնության հուշարձանները քարտեզագրելու, անձնագրավորելու, պահպանման գոտիներ առանձնացնելու, դրանց կառավարման արդյունավետությունը մեծացնելու, մի խոսքով՝ գործնական ու հոգատար վերաբերմունք ցուցաբերելու մասին, մտածեցի, որ նոր էկոլոգիական գիտակցությունը կանգնել է մեր երկրի պատերի տակ ու բախում է մեր դուռը: Եվ իրոք, «Քարերի սիմֆոնիան», Շաքիի ու Թռչկանի ջրվեժները, «Զիկատարը», Դսեղի ծովերը, «Օձաքարը», «Զորականի սոսին» եւ էլի շատ ու շատ բնության սքանչելի հուշարձաններ (շուրջ 230 հուշարձան), ինչո՞ւ պետք է մնան պետության եւ հանրության ուշադրությունից դուրս, ինչ է թե՝ լրջորեն չի դրվում դրանք պահպանելու, էկոտուրիզմի համակարգի մեջ ներառելու եւ դրանցից նույնիսկ եկամուտներ ստանալու հարցերը: Նախարարի կարծիքով՝ բնության հուշարձանների շուրջ ենթակառուցվածքներ ստեղծելով, դրանց տնօրինման գործում նաեւ մասնավորին ներգրավելով՝ մենք նոր մակարդակի վրա կդնենք երկրի էկոտուրիզմը եւ զարկ կտանք նրա զարգացմանը:
Ու պետք է հասկանալ, որ չեն լինում առաջնային եւ երկրորդական պրոբլեմներ, լինում են դիֆերանցված մոտեցումներ, որն ինքնաբերաբար ամեն ինչ իր տեղն է դնում: Դա վերաբերում է թե գործնական քայլերին եւ թե բնապահպանական ընդհանուր գիտակցության մշակմանը:
Ի վերջո, ամեն ինչի կենտրոնը մարդն է եւ եթե նա ճիշտ է, եթե ճիշտ է նրա գիտակցությունը, շուրջբոլորը եւս կդառնա այդպիսին: Բնության շատ պետքն է, նա եւ՛ ավերում է, եւ՛ վերստեղծում, «եւ եղում է, եւ դեղում»: Հուշարձանների հեղինակը Բնությունն է, մարդու ձեռքը սրանց չի դիպչել, բայց մարդը գոնե չպետք է ապականի դրանք, ավելին՝ կարողանա դրանցով վեհացնել իրեն, ստանձնել է դրանք պահպանելու պարտավորությունը: Ու եթե բնության մեջ կա մի անկատար բան, դա հենց ինքը՝ մարդն է իր հավակնություններով ու վտանգավոր, երբեմն էլ՝ անմիտ ձգտումներով: Ու թե կա մեկը, ով մինչեւ օրս չի հասկացել, որ ինքը փոքրիկ մասնիկն է ամբողջի, դա կրկին մարդն է: Իսկ այս միստիկ պատմությունը պարզորոշ ասում է, թե ինչն ինչոց է եւ հուշում, թե որտեղից պետք է սկսվի իրական բեկումը ու նորոգումը: Եվ ոչ միայն բնապահպանական ոլորտում…
«Հեռավոր մի երկրում երաշտ էր, զարհուրելի երաշտ: Կործանվում էր բուսական եւ կենդանական աշխարհը, իսկ մարդիկ շնչահեղձ էին լինում անտանելի տապից: Փրկությունը չէր երեւում, բնակավայրի ավագանին թեեւ ճգնում էր, բայց այդպես էլ չեր գտնում ելքը: Հայտնվում է մի մարդ եւ ավագանուն ասում, թե ճանաչում է գյուղերից մեկում ապրող մի ծերունու, ով կարողանում է հանել անձրեւների անեծքը: Արագ գտնում են ծերունուն եւ նա սիրահոժար համաձայնում է օգնել երաշտից հյուծվող մարդկանց: Հրաժարվելով գանձ ու պարգեւներից՝ նա մի պայման է դնում, այն է՝ տալ իրեն մի խրճիթ մեկուսի տեղում եւ երեք օր չխանգարել: Դրանից էլ հեշտ բան… տալիս են նրա ուզած խրճիթը եւ երեք օր շունչները պահած սպասում: Եվ ո՛վ հրաշք, երրորդ օրվա վերջում սկսում է տեղալ հորդ անձրեւը: Մարդիկ ուրախ, երջանիկ վազում են ծերունու մոտ եւ զարմացած հարցնում, թե այդ ի՞նչ արեց նա, որ անձրեւը եկավ:
-Ե՞ս, ես ոչինչ, ոչինչ էլ չարեցի, – ասում է ծերունին, – ես ընդամենը ինքս ինձ կարգի բերեցի: Երբ մարդը ներդաշնակ է իր հոգում, երբ հաշտ է բնության հետ, սիրում է նրան ու գիտակցում իր բոլոր արարքները, նրա հետ ողջ տիեզերքն ու բնությունն է կարգի գալիս»:
Այս աշխարհից հեռանալով՝ յուրաքանչյուր մարդ պիտի այն թողնի մի քիչ ավելի լավը, քան էր….
ԴԱՎԻԹ ԱԴԱՄՅԱՆ
«Առավոտ»
18.11.2016