Լրահոս
Օրվա լրահոսը

«Փարիզը հենց Դուվալյանի շնորհիվ մոտեցավ մեզ»

Նոյեմբեր 19,2016 14:00

Երաժշտագետ Մարգարիտ Ռուխկյանը՝
մեր երախտավորներին չմոռանալու եւ վերաարժեւորելու մասին

Երկնային կյանքով ապրող անվանի արվեստագետների մեծարման տարբեր միջոցներ կան՝ հուշ-երեկոներ, գրքերի տպագրություն, մրցույթ-փառատոների անցկացում, հեռուստա-ռադիո հաղորդումներ: Նկատենք, որ բազմադարյա մշակույթ ունեցող հայերս, օրինակ, տարվա կտրվածքով հոբելյանների պակաս չունենք եւ այնպես չէ, որ այդ առիթով ոչինչ չի արվում: Այդուհանդերձ, հաճախ արվեստագետները նեղսրտում են, թե նման միջոցառումներ անցկացնելու համար դերակատարում ունի ֆինանսի գործոնը: Չենք բացառում: Բայց ինչ ֆինանսի մասին է խոսքը, եթե, ասենք՝ որեւէ սիրված ու ճանաչված արտիստի հոբելյանի առիթով նրան նվիրվի մի ներկայացում կամ համերգ, ինչը ամրագրվի հայտագրում:

«Առավոտի» հետ զրուցած որոշ արվեստագետներ դերասանների, երաժիշտների հոբելյանները նշելու համար մատնացույց են անում Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդը, որտեղ պահ տվածը կարելի է վերածել CD-ների: Ընդ որում, ասում են, իբր 1980-ականների վերջերին եւ 90-ականների սկզբներին՝ «խառը» ժամանակներում, այդ ոսկե ֆոնդը «տեղափոխվեց» ԱՄՆ, հետո էլ իբրեւ մխիթարանք նշում են՝ «ոչինչ, էլի մեր հայերի համար է…»:

Վերջերս երաժշտագետ Մարգարիտ Ռուխկյանը մեզ ներկայացրեց իր խմբագրականով «Ժակ Դուվալյան» CD-ն, որը թողարկվել է սիրված երգչի ծննդյան 95-ամյակի առիթով:
Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում է երգչի կարիերան 1956թ. սկսել ծնունդով Սիրիայից Դուվալյանը: 1959-ին էլ հրավիրվել է Մոսկվայի Յուրի Սաուլսկու ղեկավարած անսամբլ:

margarita_ruxkyan-2

Երաժշտագետի խոսքերով՝ «բավական է արտասանել Ժակ Դուվալյան անունը եւ աչքերիդ առջեւ կհառնի 1950-ականների վերջերի, 60-ականների սկզբի Երեւանը՝ գեղեցիկ, ուրախ, բազմագույն մի քաղաք՝ նոր, լայն փողոցներով, պուրակներով, գարնանը հոտավետ ակացիաներով, ամռանը՝ փշատի նուրբ հոտով: Իսկ երգչի երգերը զարմանալիորեն ներդաշնակ էին այդ տարիների երեւանյան ռոմանտիկայի հետ»:
Մարգարիտ Ռուխկյանը հայտնեց, որ Դուվալյանի ընտանիքը 1925-ին Հալեպից տեղափոխվել է Փարիզ եւ վաղ տարիքից Ժակը ստիպված է եղել թողնել ուսումն ու անցնել աշխատանքի: Հետագայում սկսել է զբաղվել երաժշտությամբ, գրել է երգեր, երգել է սրճարաններում: Իսկ 1940-ականներին արդեն հայտնի էր ֆրանսիական հասարակության մեջ, մտերիմ էր Շառլ Ազնավուրի, Ջորջ Կարվարենցի եւ մյուսների հետ: «Նա եկավ Երեւան մոր հետ: Եկել էր սովորելու աստղաֆիզիկա, սակայն դարձավ երգիչ:

Ովքեր արբում էին նրա երգերից, ովքեր շտապում էին նրա մասնակցությամբ համերգներին, նույնիսկ չգիտեին էլ աստղաֆիզիկային նվիրաբերվելու երիտասարդի մտադրության մասին: Պերճաշուք հմայքով, հիանալի բարիտոնով, նուրբ շարժուձեւով Ժակը միանգամից դարձավ երեւանյան, իսկ շատ շուտով՝ ողջ խորհրդային երաժշտասերների սիրելին: Չափազանցված չի հնչի, եթե ասեմ, որ նրա երգի տակ կարելի էր անսահմանորեն երազել ու մտքով թռչել Փարիզ: Իր ողջ փարիզյան ապշեցուցիչ փայլով նա դարձավ կախարդական կամուրջ մեր եւ Փարիզի միջեւ: Եվ պատկերացրեք, Փարիզը հենց Դուվալյանի շնորհիվ մոտեցավ մեզ, քանի որ Փարիզը այդ տարիներին մեր կյանք էր ներխուժում հանրահռչակ վարպետների այնպիսի անուններով, ինչպիսիք են Ժան Գաբենն ու Միշել Մորգանը, Պիկասոն, մինչ այդ արգելված Յորիս Իվենսը, Ժերար Ֆիլիպն ու Իվ Մոնտանը, Սիմոնա Սինյորեն եւ մյուս երեւելիները: Մի բան էլ՝ Ժակը երգում էր եւ ռուսերեն, եւ հայերեն, սակայն իր երգերում մշտապես ներկա էր փարիզյան փայլը, ինչը շատ լուրջ ու կարեւոր գործոն հանդիսացավ հայկական էստրադայի զարգացման համար»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:

Երաժշտագետի հավաստմամբ՝ Ժակ Դուվալյանը հիանալի երգացանկ ուներ, կատարում էր եւ սեփական, եւ այլ հեղինակների երկեր. «Ժակը մեր հիշողության մեջ մնացել է որպես անկրկնելի առլեկինո՝ զերծ աստղային հիվանդությունից, թեեւ անսահման հանրաճանաչ էր: Նա գնաց Երեւանից տաղանդի ծաղկման շրջանում եւ իր արտիստական կարիերայից բաժանվելու շեմին: Սակայն Ֆրանսիայում այդպես էլ բեմ չբարձրացավ: Ուրեմն կարելի է եզրակացնել, որ նա որպես արտիստ զուտ հայկական երեւույթ է»:

Մարգարիտ Ռուխկյանը հիշեց. «Երբ 1964թ. աշնանը գնացի նրանց տուն՝ պայմանավորվելու հեռուստատեսային հաղորդման համար, հենց երգչից լսեցի իր՝ Ֆրանսիա մեկնելու մասին լուրը: Մայրը լուռ հանդիմանանքով նայեց ինձ, երբ ես ափսոսանք հայտնեցի Հայաստանը թողնելու որդու որոշման մասին»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

18.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930