Օրերս Հայաստանի ազգային պատկերասրահում (ՀԱՊ)՝ «Դասախոսարան» կրթական ծրագրի շրջանակներում ներկայացվեց թիֆլիսահայ նկարիչ Հովսեփ Կարալյանի կյանքը եւ արվեստը:
Յուրաքանչյուր շաբաթ Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվում է «Դասախոսարան» կրթական ծրագիրը, որի շրջանակներում հայ արվեստաբանները հանրությանը ներկայացնում են իրենց հետազոտությունների հիման վրա նախապատրաստած դասախոսությունները։
Ինչ վերաբերում է Կարալյանին, նրա կյանքը եւ արվեստը ներկայացրեց ՀԱՊ-ի դեկորատիվ կիրառական արվեստի բաժնի վարիչ Մարինե Մինասյանը։
Ներկաները հիմնականում ուսանողներն էին, թանգարանի այցելուները եւ արվեստագետով հետաքրքրված այլ հյուրեր:
Կարդացեք նաև
Կարալյանի պատկերները հիմնականում պատկերում են հին Թիֆլիսի եւ Սագարեջոյի անկյունները, մարդկանց նիստուկացը, աշխատանքային առօրյան։
Ինչպես նշեց Մարինե Մինասյանը, Կարալյանի արվեստի հիմքում ընկած են հիշողությունները մանկությունից եւ վերհուշի թեման: «Ես ինքս իմ հուշերի, իմ վերապրումների նկարիչն եմ»,-ասել է նկարիչը: Ապրելով խորհրդային ժամանակաշրջանում՝ Կարալյանը կարողացել է զերծ մնալ ժամանակի գաղափարախոսությունը իր արվեստի մեջ ներառելուց, դրանք միայն արտահայտվել են պաստառների վրա, որոնց մասին Կարալյանը իր հուշերում գրել է. «Ես չեմ սիրում այս արվեստը, ես ատում եմ այն: Ինձ այստեղ միայն դուր են գալիս հանգավորումները, որոնք պաստառի մեխն են կազմում»: Իր նկարազարդած բոլոր պաստառների տեքստերի հեղինակը ինքը՝ Կարալյանն էր:
Հովսեփ Կարալյանը 70 տարեկանում դեռեւս չի ունեցել ոչ մի անհատական ցուցահանդես: Մի օր Հենրիկ Իգիթյանին առաջարկում են այցելել Կարալյանի արվեստանոց, իսկ նա մերժում է՝ ասելով, որ դա այն հասարակ պլակատիստն է: Սակայն վերջիվերջո տեղի է տալիս եւ այցելելով Կարալյանի արվեստանոց՝ միայն կարողանում է հիացած հայացքը պատկերից պատկեր փոխել: Նկարչի ստեղծագործական 50-րդ եւ կյանքի 70-րդ տարում՝ 1967 թվականին հենց Հենրիկ Իգիթյանն է դառնում Կարալյանի առաջին անհատական ցուցահանդեսի հովանավորն ու կազմակերպիչը:
ԱԳԱՊԻ ԽԱԼԱԹՅԱՆ
«Առավոտ»
18.11.2016