Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Երբ հավաքականը հաղթում է, մոռանում ենք, որ Ռուբեն Հայրապետյանն այդ հաղթանակին աջակցում է»

Նոյեմբեր 19,2016 13:00

Պաշտոնյաներ-Ուսանողական կառույցների ներկայացուցիչներ ֆուտբոլային ընկերական հանդիպումից առաջ «Առավոտը» ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ զրուցեց Հայաստանի ազգային հավաքականի՝ Մոնտենեգրոյի նկատմամբ տարած հաղթանակի եւ մեր ընտրանու ապագայի մասին:

– Պարոն Շարմազանով: Հայտնի է, որ դուք ոչ միայն ֆուտբոլի մեծ երկրպագու եք, այլեւ գիտակ: Ի՞նչ կասեք մեր հավաքականի վերջին հաղթանակի մասին:

– Նախ, շնորհավորում եմ Արթուր Պետրոսյանին, մեր տղաներին: Շատ կարեւոր էր, որ մենք 0:2-ից հետո կարողացանք վերադառնալ խաղ: Իհարկե, բախտը մի փոքր էլ մեզ ժպտաց, քանի որ 2:0-ից հետո Մոնտենեգրոյի հավաքականը 100 տոկոսանոց երկու գոլային պահ չիրացրեց: Պետք է ասեմ, որ դժվար պահին Արթուր Գրիգորյանը խաղը վերցրեց իր վրա եւ գոլ խփեց: Հետո Վարազդատ Հարոյանը հավասարեցրեց հաշիվը: Գեւորգ Ղազարյանի գոլի մասին խոսք չկա: Այդ պահին ոչ միայն Մոնտենեգրոյի դարպասապահը, այլ ոչ ոք չէր հավատում, որ Ղազարյանը կընտրի ոչ ստանդարտ լուծում, առանց քայլ կատարելու կհարվածի եւ դա արդյունավետ կլինի: Բոլորը սպասում էին, թե նա աջ փոխանցում կանի, որպեսզի այնտեղից գնդակն ուղարկվի տուգանային հրապարակ:

– Ձեր կարծիքով՝ Հայաստանի հավաքականն այս ընտրական փուլում ապագա ունի՞:

– Ասել ու ասում եմ. Հայաստանի հավաքականը միշտ ապագա ունի: Շատ բան կախված է լինելու մարտի 26-ին Ղազախստանի հետ խաղից: Մենք այդ օրը «Հանրապետական» մարզադաշտում պետք է ապահովենք ֆուլ վիճակ, բոլորս միշտ պետք է լինենք մեր հավաքականի հետ: Խաղամակարդակով մեր հավաքականն անհամեմատ բարձր է Ղազախստանի հավաքականից: Շատ կարեւոր է լինելու, թե այդ ժամանակ մեր հավաքականի առաջատարներն ինչ մարզավիճակ են ունենալու: Կոնկրետ՝ Հենրիխ Մխիթարյանը, որովհետեւ հոգեբանական խնդիր կա: Մոնտենեգրոյի հետ խաղի ընթացքում Հենրիխը էլի թիմը տանում էր իր հետեւից, բայց հստակ երեւում էր, որ խաղային պրակտիկայի բացակայություն ունի:

futbol

– Այսինքն, հավատո՞ւմ եք, որ հավաքականը մարզչական նոր կազմի հետ կարող է խնդիրներ լուծել:

– Մենք լավ հավաքական ունենք, որը եվրոպական միջին մակարդակի հավաքական է: Այն հաղթել է Սլովակիային, Դանիային, Մակեդոնիային, Անդորրային, տասը հոգով հավասար խաղացել Իռլանդիայի հետ: Մարզիչները հրավիրված են, մեր մարզչական շտաբը շատ լավն է, ընդգրկված են պրոֆեսիոնալներ՝ Արթուր Պետրոսյանը, որն իմ կարծիքով՝ Անկախ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն է, որին մեր ֆուտբոլի այն ժամանակվա ղեկավարությունը խոչընդոտեց տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ» (ինչպես հիմա Հենրիխ Մխիթարյանն է հանդես գալիս թոփ ակումբներում- Ա.Հ.): Իհարկե, թող Մխիթարյանն ինձ ների: Ռազմիկ Գրիգորյանը, որը մեր լավագույն աջ կիսապաշտպաններից մեկն էր եւ երկար տարիներ խաղացել է Սոֆիայի ԲԿՄԱ-ում: Եվ իհարկե՝ Նորայր Մեսրոպյանից հետո մեր երկրորդ լավագույն ձախ պաշտպան Սարգիս Հովհաննիսյանը, որը Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում դարձել է բրոնզե մեդալակիր եւ, եթե հիշում եք, նույնիսկ մեկ անգամ խաղացել է Խորհրդային Միության հավաքականում: Ես կարծում եմ, որ մարզչական այս եռյակն ի զորու է մեր հավաքականի խաղը շատ լավ կազմակերպել, բնականաբար, հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ միասին:

– Երբ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասում է, թե ինքը որոշումներ կայացնելու իրավունք ունի, դա ինչպե՞ս եք գնահատում:

– Նորմալ: Որովհետեւ Ռուբեն Հայրապետյանը հայկական ֆուտբոլի համար շատ-շատ մեծ գործ է արել: Ընդամենը մի բան կարող եմ ասել. երբ հաղթում ենք, մոռանում ենք, որ ֆեդերացիայի նախագահը դրան աջակցում է, իսկ երբ պարտվում ենք, անմիջապես հիշում ենք, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ գոյություն ունի: Ինչպես Քենեդին էր ասում, հաղթանակն ունի բազմաթիվ ծնողներ, իսկ պարտությունը որբ է: Դրա համար կցանկանայի, որ մենք երկու դեպքում էլ լինենք մեր հավաքականի կողքին: Պարզապես, խնդիրը հոգեբանական է: Մենք երեք տարի «Հանրապետականում» չէինք հաղթում: Սառույցը կոտրվեց: Հուսով եմ, որ 2017 թվականը մեր ընտրանու համար կլինի հաջող:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

18.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930