Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը ֆեյսբուքյան գրառմամբ այսօր բացատրել է «Սասնա ծռեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից դուրս գալու պատճառները.
«1. Ինձ համար դժվար է աշխատել մի հիմնադրամում, որի անունը Սասնա Ծռեր է և որը հայտարարում է, որ չի հարում ոչ մի քաղաքական կուսակցության կամ գաղափարի, բայց իր էջում դնում է հղումներ, հարցազրույցներ, կոչեր, որոնք ամբողջովին քաղաքական են և հիմնականում Սասնա Ծռերի գաղափարներին չեն համընկնում և երբեմն, նույնիսկ, հակասում են Սասնա Ծռերի քաղաքական հայացքներին: Ինչպես նաև դժվար է լինել հոգաբարձուների մի խորհրդում, որտեղ անդամների միջև գոյություն ունեն քաղաքական լուրջ տարակարծություններ:
2. Չեմ կարող աշխատել Սասնա Ծռեր հիմնադրամում, որտեղ թափանցելիությունը լրիվ ապահովված չէ բոլոր անդամների համար: Հատկապես նկատի ունեմ Շվեյցարիայում բացված PayPall հաշվեհամարին, որը մինչև վերջ իմ համար պարզ չէր՝ ում անունով բացված լինելու հանգամանքը, որի արդյունքում բոլորս տեսանք Շանթ Ոսկերիչյանի բարձրացրած հարցը եւ դրանից բխող բոլոր վեճերը:
Հիմնադրամի խորհուրդի անդամները պետք էր որ մեկը մյուսին նկատմամբ և հատկապես նվիրատուների նկատմամբ հարգանքով վերաբերվեին և պետք չէր պարտադրել կամքը. մի բան, որի հետ չէի կարող համակերպվել և որ այս բոլոր պատճառների արդյունքում չէի պատրաստվում իմ թույլ առողջությունը առավել ևս վնասել, որի համար հրաժարական տվեցի»,- գրել է Նանոր Սեֆիլյանը: