Aravot.am-ի հետ զրույցում «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանը, որը Գյումրու ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր ՀԱԿ ցուցակը, իր մտահոգությունները հայտնեց այն մասին, որ թերթի հայտարարությունների 99 տոկոսը բնակարանների վաճառքի մասին է։ Ըստ նրա, մի շենքից 5-7 բնակարաններ են վաճառում։ Ընդ որում, ըստ մեր զրուցակցի, գյումրեցիները գնային յուրահատուկ սահմանումներ են անում, ոչ թե շարժվում են շուկայի պահանջներով, այլ իրենք են գներ սահմանում․ որին ինչքան գումար որ անհրաժեշտ է խնդիրները լուծելու համար։
«Գյումրիում տների գին, որպես այդպիսին գոյություն չունի, վաճառում են ով ինչքան պարտք ունի կամ ում ինչքան պետք է։ Հաշվարկում են, մեկ էլ գալիս են, թե ինձ էսքան է պետք, որ ինքնաթիռի տոմս գնեմ, հասնեմ այս ինչ երկիրը, բայց հետո գալիս են էդ գները փոփոխում են, որովհետև մեկ էլ տեսար շատ աբսուրդ թիվ են ասում, ասենք՝ մարդուն պետք է մի սենյականոցը վաճառել 50 հազարով դոլարով։
Էդքան է հաշվարկել, գուցե մինչև Բելգիա հասնելն այդքան է նստում, ի՞նչ իմանամ, հետո գալիս, ամեն ամիս իջեցնում է գինը, մինչև որ տրամաբանությանը մոտ գների է հասնում։ Իհարկե, այդ դեպքում էլ չի վաճառվում։ Ցավն այն է, որ նորակառույց բնակարանների վաճառքը նույնպես շատ է։ Սարսափելի է, երբ մարդն այդքան տարի սպասել է անօթևանության ճիրաններից դուրս գալու համար, հենց ստացավ բնակարանը, սեփականաշնորհում ու սպասում է՝ ե՞րբ պիտի վաճառվի։ Լավ, ո՞ւր ես գնալու, որ փախար, վերջին թելդ էլ կտրեցիր հայրենիքի հետ․․․ Սա նշանակում է, որ հետ գալու միտումներ չունի»։
Եպրաքսյա Մեխակյանը նշում է, որ արդեն մի քանի տարի է նույն պատմությունն է․ Գյումրիում տպագրվող թերթերի հայտարարությունները բնակարանների ու օբյեկտների վաճառքի մասին են։ Ըստ նրա, հայտարարությունները մեծ մասամբ անարձագանք են մնում, գնորդներ չկան, կան մեծ թվով վաճառողներ։ «Ես մեկ-մեկ ինձ հարց եմ տալիս, իշխանությունն է, կառավարությունն է մտքով չի անցել մարդկանց էստեղ պահի, վերջը այդ իշխանության մեջ օլիգարխներ կան, բիզնեսմեններ կան, ո՞նց են իրենց բիզնեսն առաջ տանելու, կամ ո՞նց են բյուջե լցնելու։ Էդ մարդկանց դատարկելով՝ բյուջեն ինչի՞ հաշվին են լցնելու, վերջը կյանքը պիտի շարունակվի․ մեկը մյուսին լոշիկ առնեմ, հարսիկ տամ, հարսիկ առնեմ, սազիկ տամ․․․ Պետք է առևտրային փոխհարաբերություններ լինեն, դու ինձ, ես քեզ, նա՝ նրան, որպեսզի բյուջեն x գումար լցվի, չգիտեմ ի՞նչ հույսով են հնարավորություն տալիս, որ մարդիկ էստեղից փախչեն։ Մինչև ո՞ւր է հասնելու այս երկիրը, փակե՞ն, պրծնե՞ն․․․
Կարդացեք նաև
Ես նաև ուզում եմ, որ նոր վարչապետը ուշադրություն դարձնի, մեկ գործարանի հնարավորություն ստեղծի Գյումրիում, մեկ գործարանը, եթե 500 աշխատատեղ ունենա, հնարավորություն կտա, որ գոնե 500 մարդ կարողանա ապրեցնել երեք ընտանիքների, որովհետև ուրիշ հնար չկա, ասենք մարդիկ ստիպված են բարեկամը բարեկամին, եղբայրը քրոջը օգնելու, որպեսզի կարողանան մի կերպ հացի խնդիր լուծեն այստեղ։ Վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, եթե այսպես շարունակվի, այս քաղաքում կմնան միայն դատարկ կառույցները։ Մեռյալների քաղաքի վրա էլ ուզում ես թագավոր եղիր, ո՞ւմ է պետք», -ասում է Եպրաքսյա Մեխակյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ