Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեկնարկել է` «Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությունն ու բարեկեցությունը» ազգային համաժողովը

Նոյեմբեր 18,2016 21:45

Նոյեմբերի 18-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի Փարամարզ Ավետիսյանի մասնաշենքի Մանուկյան սրահում, «Վոլրդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության և «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համատեղ ջանքերով մեկնարկեց «ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանությունն ու բարեկեցությունը» խորագրով ազգային համաժողովը: Համաժողովի վարողն էր «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը, որը նշեց, որ համաժողովի գաղափարը ծնվել էր մի քանի ամիս առաջ՝ սուրճի բաժակի շուրջ:

Պատանիներով լեփ-լեցուն դահլիճում ողջույնի խոսքով հանդես եկան «Վոլրդ Վիժն Հայաստան» ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղական Սոնա Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը,  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հայաստանում Տանյա Ռադոչայը, ինչպես նաև «Սեյվ դը չիլդրեն»  կազմակերպության երեխաների խորհրդատվական խմբի պատանի անդամ Սյուզաննա Տոնոյանը:

Ելույթ ունեցողները անդրադարձան մի շարք կարևոր հարցերի: Դեբրա Գրիսերը նշեց, որ Հայաստանը վեց երկրներից մեկն է, որտեղ ԱՄՆ կառավարությունը երեխաների իրավունքների բարելավման ծրագիր է իրականացնում և շեշտեց փոխադարձ համագործակցության կարևորությունը նմանատիպ միջոցառումները արդյունքի հասցնելու համար: Տանյա Ռադոչայը իր ելույթի ժամանակ անդրադարձավ պետական մարմինների դերի կարևորությանը երեխաների իրավունքների բարելավման հարցում և նշեց, որ երեխաների իրավունքները ոչ միայն պետք է պաշտպանել, այլ նաև իրագործել:

Ողջույնի խոսքերից հետո համաժողովի մասնակիցները հանդես եկան զեկույցներով: «Երեխաների պաշտպանության ցանցի» նախագահ Միրա Անտոնյանը ներկայացրեց «Երեխաների պաշտպանության ինդեքս» միջազգային գործիքը: Ինդեքսը համեմատում է Հայաստանի և 9 այլ երկրների կառավարությունների ջանքերը՝ ուղղված երեխաների պաշտպանությանը: «Սեյվ դը չիլդրեն»  կազմակերպության տնօրեն Արսեն Ստեփանյանը ներկայացրեց «Համայնքային խնդիրները հաշմանդամություն ունեցող երեխաների համար» խորագրով նյութ, որտեղ նա կարևորեց շարունակական աշխատանքը և պետական հայեցակարգի մշակումը:

«ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը ընդհանուր վերլուծեց երեխաների իրավունքների իրավիճակը Հայաստանում: Մի շարք ելույթ ունեցողներ նշեցին, որ Հայաստանում երեխաների իրավունքներին վերաբերող օրենքներ կան, սակայն դրանք գործնականում կիրառվելու խնդիրներ ունեն, քանի որ տարեկան շատ քիչ գումար է հատկացվում երեխաներին, քիչ են սոց. աշխատողները, մի շարք մեխանիզմներ ընդհանրապես արդյունավետ չեն և այլ պատճառներով: Համաժողովը ընդմիջվեց սուրճի հյուրասիրությամբ, որի ընթացում ներկայացված էին «Սեյվ դը չիլդրեն»  կազմակերպության երեխաների խորհրդատվական խմբի անդամ 17-ամյա Թամարա Խաչատրյանի նկարները:

Այնուհետև համաժողովի մասնակիցները խմբային քննարկումներ ունեցան երեխաների սոցիալական պաշտպանության, անչափահասների արդարադատության, կրթության, առողջապահության և այլ թեմաներով: Համաժողովի ընթացքում քննարկված խնդիրները և առաջարկությունները կներկայացվեն համապատասխան գերատեսչություններին:

Մանե ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930