Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արա Զաքարյան. «Ես այս դատավարությանն էլ չեմ վստահում» (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2016 21:03

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նոյեմբերի 18-ին քննել  է Վարուժան Ավետիսյանի խափանման միջոց կալանքի 2 ամսով երկարացման միջնորդությունը:

Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել նաեւ զենքի հափշտակության, գույքի դիտավորյալ ոչնչացման հոդվածներով. «Երեւի թե իշխանությունը որոշել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին խստագույնս պատժել, որպեսզի որեւիցե մեկի մոտ ցանկություն անգամ չառաջանա իր իրավունքների պաշտպանության համար իշխանության դեմ որեւէ քայլ կատարի, իր բողոքը հայտնի: Շատ վատ միտում եմ տեսնում, սա խոսում է նրա մասին, որ մեզ 38 թիվն է մոտենում, փորձելու են խիստ ռեպրեսիվ եւ ապօրինի միջոցներով մարդկանց լռեցնել»:

Արա Զաքարյանը նշեց, որ դատական նիստի ընթացքում քննիչի ներկայացրած փաստարկները հիմնավոր չի համարում. «Ավելին՝ ես այս դատավարությանն էլ չեմ վստահում, որովհետեւ «Սասնա ծռերի» տղաների բոլոր գործերով նույն նյութերն են ներկայացվում, դատարանները շաբլոնային ձեւով քննիչների միջնորդությունները հաստատում են: Ընդ որում` նույն հիմքի վրա հայտնած դիրքորոշումը մեկի գործով, մյուս գործով քննիչի դիրքորոշումն ընդունում է վարույթ եւ լսում է: Այսինքն՝ ինքն արդեն իսկ կարծիք է հայտնել, որի պարագայում բացառվում է, որ նա լսեր որեւէ կալանավորի միջնորդության հարց, բայց դատարանները լսում են»:

Արա Զաքարյանը ընդգծեց, որ դատավարությունը խիստ ձեւական է. «Բացառապես միայն արտաքնապես օրենքի ուժը պահպանելով քննիչները գալիս են մի խուրձ նյութ են ներկայացնում դատարանին, կարդում են միջնորդությունը, ոչ մի հարցի, ըստ էության, չեն կարողանում պատասխանել, որեւիցե տրամաբանական հիմնավորում միջնորդության վերաբերյալ չեն կարողանում բերել»:

Նկատառմանը, թե Վարուժան Ավետիսյանը գույք չի ոչնչացրե՞լ, զենք չի հափշտակե՞լ, պատանդ չի վերցրե՞լ, ՊՊԾ գնդի տարածքը չի գրավե՞լ՝ նա այսպես արձագանքեց. «Այդ ամբողջը քննիչը պետք է հիմնավորի ներկայացրած նյութերով, մերը պաշտպանողական դիրքն էր: Քննիչն է որոշում՝ ինչ նյութ ներկայացնել, բայց կարեւորն այն է, որ այդ նյութով պետք է ապացուցի դա, պետք է ցույց տա, որ օրինակ, կա ինչ-որ անձի ցուցմունք, որտեղ նշված է, որ Վարուժան Ավետիսյանը մուտք է գործել տարածք, այնտեղ զենք է հափշտակել»:

Հիշեցնենք՝ Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստումը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով: Լրացումից հետո ավելացել են 238 հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը՝ կազմակերպված խմբի կողմից զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Փաստաբան»ի մը կողմէ, այդ խօսքերը անպատշաճ են, անվայել են, ամօթալի են, անընդունելի են:

    Նաեւ, ձեւ մըն են ծածկել ջանալու իր փաստաբանական կարողությունների սահմանափակումները, որոնք կապ չունեն Պետության հետ, այլ իր խնդիրն են:

    Որ ժողովուրդից որոնց անձեր այսպէս խօսեն, արտահահայտվեն, «սրտերնին դատարկեն», նորմալ է: Ըստ էության սխալ է, բայց հասկնալի է:

    Սակայն ինքզինք փաստաբան նկատող անձ մը չի կարող այսպէս խօսել:

  2. Հ.Շ. says:

    Յ.Գ. Այստեղ կա ուղղակի «Contempt of Court»ի օրինական հանցանք, «փաստաբան»ին կողմէ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930