Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 18-ին Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը վիճարկում է քննիչ Օսյանի որոշումը:
Դատական նիստի ընթացքում նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ Կարո Եղնուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ նշել է, որ ոստիկանության աշխատակիցները իր կամքին հակառակ փորձել են ներխուժել իր բնակարան, ներխուժելու ընթացքում բավականին երկար փորձել է չթույլատրել, որ իրենք ներս մտնեն, ասել է, որ իրենք իրավունք չունեն, քանի որ դատարանի որոշում չկա: Կարո Եղնուկյանին եւ իր ընտանիքի անդամներին հաջողվել է դուռը փակել եւ ոստիկանները գնացել են:
Կարո Եղնուկյանը ներկայացրեց դեպքի մանրամասները: Նա ընդգծեց, որ ոստիկանները իրենց բնակարան էին եկել բերման ենթարկելու իր կնոջը՝ Ռուզաննա Եղնուկյանին, որն այդ ժամանակ գործով տուժող էր: Եղնուկյանը հավելեց, որ ոստիկաններին հայտնել է իր կնոջ գտնվելու վայրը, եւ ըստ նրա, ոստիկանները կարող էին գնալ դատարան եւ դատարանից բերման ենթարկեին կնոջը. «Իրենք ուզում էին անպայման ներս մտնել: Ուզում եմ շեշտել, որ դա ոստիկանների սրտով չէր, իրենք դա չուզելով էին անում, բայց իրենց վերադասը թելադրեց իրենց չգիտեմ, թե ինչ բառերով՝ ինչ գնով լինի մտեք»:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ