Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում խոսել է Իրանի հետ առևտրային շուկան մեծացնելու մասին՝ հայտարարելով, որ հարևան երկրի մեծ շուկայի չնչին տոկոսն ենք զբաղեցնում ու գյուղատնտեսության և տնտեսական զարգացման, ներդրումների նախարարություններին հանձնարարել է արտահանման ծավալները խթանելու համար ստեղծել աշխատանքային խումբ:
Aravot.am-ը Շիրակի մարզի Ազատան գյուղի գյուղապետ Վարդան Իկիլիկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարող ենք Հայաստանից արտահանել հարևան Իրանի շուկա, որ մինչ այժմ չենք արել։ Ի պատասխան մեր հարցի՝ գյուղապետը կարճ-կոնկրետ նշեց՝ Հայաստանում արտադրվող ցանկացած միրգ ու բանջարեղեն՝սկսած կարտոֆիլից, կաղամբից, Արարատյան դաշտավայրի մրգերից։
Մեր հարցին՝ մի՞թե Իրանում չկան այն նույն մրգերն ու բանջարեղենը, ինչ արտադրում ենք մենք, Վարդան Իկիլիկյանն ասաց․«Իհարկե, Իրանում ամեն միրգ ու բանջարեղեն էլ կա, բայց մերը համեմատաբար ավելի որակյալ է, չմոռանանք, որ Իրանինը ավազային ցածր որակի հողեր են։ Չեմ ասում այդ երկրում չկա, բայց օրինակ նրանցը մեր կարտոֆիլի հետ համեմատել հնարավոր չէ։ Մի տարի մեր գյուղացիների վրա մնացած կարտոֆիլը տարան Իրան, այնտեղից դուրս եկան Միջին Ասիա ու լավ էլ փողեր սարքեցին։
Կարդացեք նաև
Հիմա, եթե մենք լուրջ աշխատենք, Իրանից էլ մեր գյուղատնտեսությանն անհրաժեշտ շատ բան կա բերելու, ասենք թունաքիմիկատներ, որոնք եղածի մեջ ավելի համար են գնային առումով ու ավելի որակյալ են, հանքային պարարատանյութ, այս կարգի ապրանքափոխանակություն սկսվի, շուկայական հարաբերություններ ձևավորեն, հոյակապ կլինի»։
Վարդան Իկիլիկյանի փաստմամբ, Հայաստանից Ռուսաստան արտահանված կարտոֆիլը, միրգը բավական թանկ են։ Վարդան Իկիլիկյանը վերջերս եղել է Մոսկվայում, շրջել շուկաներում ու անձամբ է համոզվել, որ օրինակ՝ հայկական խնձորն ու խաղողը 50 տոկոսով թանկ են մյուս երկրներից ներկրած խնձորից ու խաղողից։ Նա նաև տեսել է, որ հայկական խնձորի անվան տակ, երբեմն, փորձում են իրացնել Ուզբեկստանից բերածը։
«Հայկական միրգն ու բանջարեղենը արդեն բրենդ են, մեր ստացած ապրանքը, էլի եմ կրկնում, որակով է, լավն է, երևի մեր հողային պայմաններն ու արևն են նպաստում լավ որակի արտադրանք ստանալուն, նաև հոգի է դրված»,- պարծենում է գյուղապետը։ Մեր հարցին՝ եթե Ուզբեկստանից բերում ու հայկականի տեղ են վաճառում, գնորդը չի՞ հասկանում, որ դա հայկականը չէ, Վարդան Իկլիկյանն ասաց․ «Գիտեք, մարդ կա տարրական պատկերացում չունի հայկական մրգի կամ բանջարեղենի մասին, մարդկանց այդ տեսակը հավատալով գնում է որպես հայկական միրգ, չգիտեք առևտուրը միշտ խաբեություն է։ Ես համոզվել եմ՝ շրջելով շուկաներում, նաև քրոջս տղան է բնակվում Մոսկվայում, նա էլ է փաստում, որ եթե մարդկանց հաջողվում է ձեռք բերել հայկականը, ապա առաջնահերթ հայկականն են գնում, թեկուզև թանկ»։
Վարդան Իկիլիկյանի լուսանկարը՝ hetq.am-ի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ