Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը Ռուսաստանի համար կարող է ուժային բռունցք դառնալ այլ երկրների վրա ազդելու համար». Բորիս Նավասարդյան

Նոյեմբեր 18,2016 19:07

Սերժ Սարգսյանի`«Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցը  տարընթերցումների առիթ է տվել, սակայն ՀՀԿ-ականները պնդում են, որ ՀՀ նախագահն իր ասելիքը դիվանագիտական լեզվով է փոխանցել:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ նախագահի պատասխանները հստակ էին ու արժանապատիվ. «Իսկ, եթե կան որոշ մեկնաբանություններ, տարընթերցումներ, կամ որոշ մասնագետներ ու քաղաքագետներ այդ հարցազրույցը տարբեր կերպ են մեկնաբանում, ապա դա բնական է, քանի որ հարցազրույցում ասելիքն իսկապես դիվանագիտական լեզվով է ասված»:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի համար  միակ նոր ասելիքը ռուս- հայկական զորքերի միավորման մասին է, որից ածանցվող շատ հարցեր արդեն հետաքրքիր են:

Ըստ Բորիս Նավասարդյանի` Սերժ Սարգսյանի ասելիքը հայկական լսարանի համար հասկանալի էր, բայց համոզված չէ, որ այդ ձևակերպումները հասկանալի են նաև օտարերկրյա լսարանի համար: Պարոն Նավասարդյանը հստակեցրեց. «Նկատի ունեմ` ասենք Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի վերաբերմունքը վերջին հանդիպումների ժամանակ: Կարծում եմ մի քիչ ավելի բացված պիտի տրվեին այս հարցերի պատասխանները, քանի որ հասկանալի է`այդ հարցազրույցն օտար լսարանի համար է, ոչ թե հայկական»:

Բորիս Նավասարդյանի համոզմամբ` Ռուսաստանը ցանկանում է Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում դերակատարություն ստանձնել, ու հենց այդ առումով էլ Հայաստանն ընտրվել է որպես ռազմավարական գործընկեր, որը կարող է ուժային բռունցք դառնալ այլ երկրների վրա ազդելու համար: Բորիս Նավասարդյանը վտանգ է տեսնում, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական շահն առաջ տանելու պատճառով Հայաստանը կարող է հնարավոր վատ հարաբերությունների մեջ մտնել այլ երկրների հետ:

ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանն էլ հակադարձեց, թե տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունն ընդամենն անվտանգության գործոնով է պայմանավորված:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930