ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ նրանց աշխատանքային այցը եւս մեկ խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման համար: Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքում է ոչ միայն արդի փոխշահավետ համագործակցությունը, այլ նաեւ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ հոգեւոր մտերմությունը: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը փաստել է, որ հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչի ապացույցը երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների հաճախակի փոխայցերն են:
Որպես միջպետական հարաբերությունների կարեւոր բաղկացուցիչ՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Ռուսաստանի հետ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, ինչին մեծապես նպաստում է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը:
Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային ու ռազմավարական հարաբերությունների համատեքստում պարոն Սահակյանն ընդգծել է միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցության կարեւորությունը:
Կարդացեք նաև
«Համոզված եմ, որ մեր պետությունների համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի, քննարկումների եւ քվեարկությունների ժամանակ մենք պետք է հանդես գանք համակարգված եւ փոխշահավետ մոտեցումներով»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:
ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային հարցերի հանձնաժողովի՝ նոյեմբերի 19-ին կայանալիք համատեղ նիստի քննարկումները կլինեն արդյունավետ:
Կոնստանտին Կոսաչովը եւս կարեւորել է հայ եւ ռուս ժողովուրդների դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության ամուր հենքի վրա: Նա անդրադարձել է միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցված աշխատանքին եւ մի շարք հարցերում կարեւորել փոխադարձ աջակցությունը: Պարոն Կոսաչովի համոզմամբ՝ երկու երկրների պատվիրակությունների` տարբեր ձեւաչափերով հանդիպումները պետք է առավել հաճախակի դարձնել:
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
ՀՀ Ազգային ժողով