Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ Գլխավոր դատախազությունը Ն. Դավիդյանի կողմից՝ ինքնահրկիզված անձի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկատվության հրապարակման մեջ դիտավորություն չի տեսնում

Նոյեմբեր 18,2016 17:27

2016 թ. հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի՝ խարան առաջացնող որակումների առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ չի հարուցվել: Այս մասին մենք տեղեկացրել ենք՝ անդրադառնալով Ն. Դավիդյանի կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 145-րդ հոդվածի (Բժշկական գաղտնիքը հրապարակելը) և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտմամբ Քաջիկ Գրիգորյանի ունեցած հիվանդությունների մասին տվյալների հրապարակմանը:

Բժիշկը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ինքնահրկիզվածը ՄԻԱՎ-ով ապրող անձ է և թմրանյութերից կախվածություն ունի՝ նրան բնութագրելով որպես «պրոֆեսիոնալ թմրամոլ» և հայտնելով նրա՝ 10 տարի ազատազրկված լինելու մասին: Բժշկի կողմից Ք. Գրիգորյանի՝ ՄԻԱՎ-ով վարակված լինելու հանգամանքը բացահայտելը Քննչական կոմիտեն պատճառաբանել է ինքնահրկիզման օրը նրա հետ շփված մարդկանց վարակման ռիսկը կանխելու նպատակով և քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2016 թ. սեպտեմբերի 29-ի իր որոշմամբ բժշկի արարքում հանցակազմ չի տեսել: Հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը, սակայն, կարող է քննության առարկա դառնալ միայն հարուցված քրեական գործի շրջանակներում: Նույն համատեքստում Ն. Դավիդյանի կողմից հնչեցրած «պրոֆեսիոնալ թմրամոլ» արտահայտության առնչությամբ քննչական մարմնի կողմից որևէ մեկնաբանություն չի տրվում այն դեպքում, որ «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ թմրամոլությունը ևս հիվանդություն է համարվում:

Բացի դրանից քննչական մարմնի կողմից քննության առարկա չեն դարձել Ք. Գրիգորյանի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկատվության հրապարակման և նրանից վարակվելու հավանականության ռիսկի կանխման հավասարակշռությունը, հնարավոր վարակի մասին նրա հետ շփում ունեցած անձանց իրազեկելու այլ տարբերակների հավանականությունը կամ զանգվածային լրատվության միջոցներով հնարավոր վարակի մասին իրազեկումը՝ առանց Ք. Գրիգորյանի անձնական տվյալների հրապարակման: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքում առկա վերոնշյալ հանգամանքները ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազ Վ. Պողոսյանը հիմնավոր չի համարել՝ նշելով, որ նախաքննությամբ հիմնավորվել է Նորայր Դավիդյանի արարքում հանցակազմի բացակայությունը, քանի որ վերջինիս կողմից բժշկական գաղտնիք համարվող տեղեկատվությունը հրապարակելը դիտավորություն չի պարունակում, և 2016 թ. հոկտեմբերի 24-ի որոշմամբ քննչական մարմնի 2016 թ. սեպտեմբերի 29-ի որոշումը թողել է անփոփոխ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը որոշումը կբողոքարկվի դատական կարգով:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այն ինչ որ պէտք է կատարվի, հետապնդել թէ ո՞վքեր էին հաւաքված այս մարդուն շուրջ, երբ ան կը պատրաստվէր ինքզինք հրկիզել, եւ որոնք չկանխեցին իր այդ արարքը, թոյլ տվին որ ինքզինք այդպիսի ահավոր կերպով սպանէ… – երեվի նրանց քածաքական նպատակներին ձեռնտու էր այդ… –

    Օրէնքի առջեւ, նրա մահվան համար պատասխանատու են անոնք բոլորը

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930