Լրահոս
Օրվա լրահոսը

Վա՜յ թե…

Նոյեմբեր 18,2016 17:09

(հատվածներ վեպից)

«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրապես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»:

Հեղինակ

 «Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:

Հաուպտման  

«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:   

Սեն Սիմոն

           «Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից»:

                                                                                                                                            Հյուգո        

Տասը տեղ աշխատո՜ւմ, տասը տեղ սովորո՜ւմ. դու ե՞րբ հասցնես՝ մի քիչ հանգստանաս-մի կտոր բան դնես բերանդ: Էս խի՞ քոնը սենց դժվար եղավ, հը՞, խի՞ քոնը սենց դժվար եղավ: Էս խի՞ սենց դժվար եղավ քո ամեն-ինչը: Քեզ հազար անգամ ասել եմ, ասել եմ՝ պետդ՝ բութ է, մանրախնդիր ու ոխերիմ է՝ գործդ փոխիր: Հենց նույն րոպեին: Նո՛ւյն պահին: Էս կարճ կյանքում՝ պետք չէ խավարամիտների արանքում ու մեջներն անընդհատ ապացուցել, թե, ես ձեր մտածածը չեմ: Պետք չէ՛: Խավարամիտն ու մանրախնդիրը գիտի՛՝, թե ո՛վ ես, ու հենց դա է, որ նրան հանգիստ չի տալիս: Հենց դա է: Խավարամիտը՝ խավարամիտի հետ կուզի կիսվել: Իրար շվաքում՝ իրար հետ լավ զգալ: Ու ժամանակ եւ նյարդեր մի կորցրու էս կարճ կյանքում՝ պետդ խավարամիտ է՝ գործդ փոխիր՝ նույն րոպեին ու նույն պահին: Կյանքդ ավելի պայծառ բաների վրա ծախսիր: Պայծառ մարդկանց, պայծառ տղաների շրջապատում ծախսիր: Կյանքդ պայծառ ապրիր, ցավդ տանեմ: Ցավդ տանեմ: Պորտդ կտրելուց՝ բուժքույր Փառոյին խնդրել եմ՝ պորտդ շֆաներկի հետեւը գցի: Որ…  որ մի՜շտ մեզ կպած-մեզ մոտ ու մեզ մոտիկ լինես. մեզնից հեռու չգնա՜ս, մեզնից հեռու չմնա՜ս: Դիմահար չլինե՜ս: Կուչ եկած՝ «շրջահայաց ու ճկուն», կռվից ու ղալմաղալից հեռու, ցավից ու դարդից հեռու՝ անվնաս-երկա՜ր-մեր համար ապրես: Մեր համար ու մեզ համար ապրես: Ինչպիսին ուզում ես՝ լինես, ինչ կարգի մարդ ուզում ես՝ լինես, միայն թե՝ երկա՜ր-երկա՛ր-առողջ-անվնաս ապրես մեզ համար: Իսկ դո՞՛ւ… չէ՛: Դո՛ւ՝ չէ… Քսանչորս տարեկանում չորս-հինգ հոգով վրա թափվեցին եւ հենց քո հանրակացարանի առաջ՝ ծնոտդ-աչք-ունքդ ջարդուխուրդ արեցին: Թե, ինչ է… աղջկա պատիվ եմ պահում… Լա՛վ ես անում՝ աղջկա պատիվ ես պահում՝ մեկն էլ քո քրոջ պատիվը կպահի, բայց մենակ՝ չորս-հինգ-ողորմելի-ստահակների դեմ ե՞ն դուրս գալիս: Ու, էս հիմա… էս փթանոց արկղները: Տանո՜ւմ… ու բաժանում ես: Տնքտնքալով-ճկռած… տանո՜ւմ… ու՝ արժա՜ն… անարժա՜ն… ստեղ-ընդեղ բաժանում ես: Բա, էդ հանրակացարանից՝ հետդ ուտող-խմողների մեջ, մեկը չկա՞ր, որ հետդ դուրս գար ու կողքդ կանգներ՝ մենակ չի՝ ե՛ս էլ եմ հետը: Ավտոբուսում գրպանահատի աննկատ-ընկերը ավտոբուսում աննկատ ածելին տանում-բերում՝ քիթ-շրթունքդ ծվատում է: Ծվատում է, թե ինչ է՝ ընկերոջ՝ իր նման գրպանահատի ձեռքը բռնել ես ծեր կնոջ պայուսակում: Մի ուրիշ անգամ. դու-քո մի չորս հոգու հետ՝ մի տաս-տասնհինգ հոգու դեմ դուրս գալիս-մի տաս-տասնհինգ հոգու հետ կռիվ անում… ու սրանք՝ «բեշբարմաղներո՜վ», ժինջիլներո՜վ՝ չորս-հինգ կողդ ջարդոտում… ու ջարդված տեղերը… երեք տարին մեկ-չորս տարին մեկ՝ ճիտին պարտքի նման՝ ստեղ-ընդեղ խփելո՜վ… հա՛ ջարդոտում ես սավան փաթաթելով-ինքդ քեզ բուժելով: Եւ հիվանդանոցներո՜ւմ: Մենա՜կ, մենա՜կ. մենակ գնում պառկում-բուժվո՜ւմ-մենակ-անխոս դուրս ես գալիս: Ասես, էդպես էլ պիտի լինի, էդպես էլ նախանշված է: Բոլա, էլի՛, բոլա՛, մաման մատաղ: Բոլա՛: Որ նայում եմ՝ սաղ օրերո՜վ… խելո՜ք… գլուխդ կա՜խ… գրքերը գրկած՝ գիրք ես կարդում: Բայց… մեկ էլ, ըհը՞՛՛… Ու՝ ինքդ-քո մեջ. ոչ մեկից օգնություն չխնդրելո՜վ, ոչ-մեկին չբողոքելո՜վ, ոչ-մի բանից չբողոքելո՜վ: Կենսախի՜նդ, սրան-նրան հասնելո՜վ, սրան-նրան սփոփելո՜վ. էդ էլ պետք չի՛: Էդ էլ պետք չի՛, ցավդ տանեմ: Էդ էլ պետք չի՛. Սելի ճռռացող անիվն են յուղում, մաման մատաղ: Մաման մատաղ: Ու, ես սրանք չեմ ասում, չէ՜, որ չարանաս: Եւ չես էլ կարող՝ արդեն ուշ է: Ուշ է քեզ չարանալու համար: Եւ պետք էլ չէ: Բայց… ոչ շատ քաղցր՝ որ կուլ տան, եւ ոչ էլ շատ դառը՝ որ զզվեն: Ուշ է քեզ՝ չար լինելու համար: Ուշ է: Եւ պետք էլ չէ. ես գետինը կմտնեմ, որ մեկն ու մեկն ասի՝ դու չա՛ր զավակ ունես: Գետինը կմտնեմ: Կնշանակի՝ ես ու հերդ՝ քեզ ու քրոջդ ու եղբորդ համար՝ չա՛ր ծնողներ ենք եղել, եւ չա՛ր զավակներ ենք դաստիարակել: Կնշանակի՝ դու չա՛ր ծնողի-չա՛ր զավակ ես: Բայց… այդպես էլ չի լինի, ցավդ տանեմ: Չի՛ լինի այդպես: Մարդիկ տարբեր են, ցավդ տանեմ, տարբեր են: Իսկ դու բոլորին սիրով-հավատով ես մոտենում, սիրով-հավատով ես մոտենում բոլորին. էս մեկը լավ տղա է, էն մեկը լավ մարդ է: Բա, քեզ մի վատ տղա-մի վատ մարդ չի հանդիպո՞ւմ: Քո կյանքում-քեզ չի հանդիպո՞ւմ մի վատը: Իսկ նրանք, մարդիկ, տարբեր են, եւ դա խոցելի է դարձնում քե՛զ: Մարդիկ, տարբեր են, եւ դա խոցելի է դարձնում քեզ թաքուն-նենգերի առաջ: Խոցելի է դարձնում: Բա՛, էդքա՜ն գրքեր ես կարդում: Էդքա՜ն… կարդացածդ վեր ես լուծում: Բա, դու չես տեսնո՞մ՝ արդարն ու ճիշտը՝ միայն գրքերում են հաղթում: Իսկ կյանքում՝ միայն ողորմելիները, սրա-նրա ոտի տակ փորփրող ստահակներն են հաղթում: Բա, քո սիրելի գրողներից մեկը՝ Էքզյուպերին… ում գիրքը դպրոցի գրադարանից բերեցի ու քեզ տվեցի՝ ձեռքս կոտրվեր: Բա, իր Փոքրիկ իշխանի բերանով չի ասո՞ւմ՝ ուղիղ գնացիր՝ երկար չես գնա: Կոտրվի ձեռքս, է՜, կոտրվի: Ասա՝ դպրոցի հավաքարարուհի լինելով հանդերձ՝ դո՛ւ ի՞նչ գործ ունես գրքերի հետ, որ՝ կարդո՜ւմ ու… էդ-իմ հավանած-կարդացած գրքերը դպրոցի գրադարանից բերո՜ւմ ու՝ քեզ եմ տալիս՝ ա՛ռ, կարդա՝ լավն է: Համ՝ վա՛յ-վա՜յ անո՜ւմ, որ աչքերդ քոռանում է՝ քիչ կարդա, համ էլ իմ հավանած գրքերը բերու՜մ… ու քեզ եմ տալիս՝ առ կարդա՛: Դեռ մի մատ երեխա, մի մատ երեխա. երրո՞րդ, թե՞ չորրորդ դասարանում… Թե որտեղից է ձեռքդ ընկել՝ էդպես էլ չիմացա. բոյիդ ու թափիդ կար. «Մխիթար սպարապետ»-գիրքը օր ու գիշեր գրկած-կլանված, հատակին, անկողնում, այգում՝ պառկած-կլանված՝ կարդացել, կարդացե՜լ… ու վերջում գիրքը դեն շպրտել եւ՝ լացակումա՜ծ, աշխարհից խռովա՜ծ՝ կռավատի տակ ես մտել՝ ինձ մի՛ խոսեցրեք: Մի՜ խոսեցրեք ինձ: Մեր  հայերը… մե՛ր Սպարապետի գլուխը… Մե՛ր Սպարապետին… իրենց ձեռքո՜վ… մե՛ր հայերը՜: Թուրքի՜ն… թուրքի՛ն նվեր են արել: Եւ թուրքի… մեծահոգությունը «Հայ-արի՛»-Սպարապետի նկատմամբ՝ «…վերցրեք-տարեք ձեր-Հայի՛ գլուխը…»: Եւ նեղվել էիր հայի՛ նեղմիտ-չկամությունից ու թուրքի մեծահոգությունից:  Նեղվել էի՛ր. ցա՜վդ տանեմ: Ցա՛վդ տանեմ: Էէէ՜… չորրորդ դասարանից կարդո՜ւմ ես: Կարդո՜ւմ ես: Մեր պատմական գրքերը՜… աչքերդ ջրակալած ու քոռացնելով պըրտըյեր ընգած… կարդա-ցել-կողքի դրել ու… նորից կարդո՜ւմ ես:  Նորից կարդո՜ւմ ես… Որ՝ ի՞նչ: Որ ի՞նչ լինի՝ քեզ եմ հարցնում. տգետները կարդացածից ֆիզիկապես զզվում են՝ գիտե՞ս: Նրանք ֆիզիկապես զզվում են կարդացածներից: Եւ տգետը, հաշվեհարդարի մեջ, ավելի պատասխանատու է իր գործողություններում, հետեւողական է: Ու հետեւողական սպանում է: Տանջելու նման սպանում է Մարդուն բութի-իր հետեւողական-համառ-գործողություններում: Տգետը վրեժխնդիր է իր տգիտության համար, ու՝ ինչ դիրքում էլ լինի, ինչ էլ իրենից ներկայացնի՝ իր վարքուկարգով ու նենգ-մանրախնդրի վարվեցողությամբ՝ կյանքի հարցի նման է մոտենում ի կատար ածելիք իր վրեժխնդրությանը: Կյանքի հարց որպես, կյանքի հարց դարձրած՝ տանջելով սպանում է Մարդուն: Սպանում է Մարդուն տանջելով: Ցա՜վդ տանեմ, ցա՛վդ տանեմ. դո՛ւ էլ նվնվա, դո՛ւ էլ տրտնջա, դո՛ւ էլ լացիր. աշխարհը թույլերին է սիրում: Անկամներին ու տգետներին: Ուզվորներին ու տափուկներին: Նենգերին ու մանրախնդիրներին: Բութերին ու վախկոտներին: Անդեմներին ու սողացող-ներին: Նրանք… երկա՜ր են ապրում: Երկա՜ր են ապրում նրանք: Ու նրանք… գավազանին հենվա՜ծ, ոչ-ոքի ու ոչ մեկին չտեսնելո՜վ… Ոչ-ոքի ու ոչ մեկին չլսելո՜վ… իրենք-իրենց-միայն ներքին-նամարդ ձայնը լսելո՛վ՝ կյանքը մինչեւ վերջ քամած են ապրում: Նրանք… Ինչպես եւ կա իրենց կյանքի ամբողջ ընթացքում՝ Հիշողությունը կորցրա՜ծ, կյանքից կառչած-գավազանին հենվա՜ծ, գլխակերի համառությամբ, ուրիշների կյանքը ծծելով են ապրում, ու իրենց կյանքը՝ ուրիշներին զզվեցնելով՝ մինչեւ վերջ քամած են ապրում: Եւ ուրիշների զզվանքը չնկատելո՜վ՝ մինչեւ վերջ քամած են ապրում ուրիշների կյանքը: Քամած են ապրում ուրիշների կյանքը: Ցա՛վդ տանեմ: Ցավդ տանեմ: Տեսնես՝ ի՞նչ կլինի քո հետ. ցավդ տանեմ: Ծաղրածո՜ւ, անիմաստ-բութերը, տափուկ-բութերը՝ երկա՜ր են ապրում: Նրանք երկա՜ր են ապրում: Ճակատագրի քմահաճույքն է՝ ասունի-իրենց տեսակով՝ անասունի-անցավ-անտարբերությամբ՝ երկա՜ր ու ճոխ-լա՛վ են ապրում: Ճոխ-լա՛վ են ապրում: Տեղը-տեղին, ապահովված ու… դանակը թիկունքներում պահած: Դանակը թիկունքներում պահած: Եւ, կարդացածդ ցույց մի տուր, մաման մատաղ, սկզբունքդ-գաղափարդ ցույց մի տուր, մաման ցավդ տանի, ցույց մի տուր շրջապատիդ: Ու, կամ թե… էդ քո կարդացած գրքերում… մի բացասական հերոս չկա՞ր, որ հենց էդ բացասական հերոսը… դուր գար քեզ, հենց էդ հերոսին հավանեիր, մի «հերոս»-ավազակի հավանեիր: Դո՛ւ՝ ինչո՞՛ւ՝ միկիտան-սաքոներին չես սիրում: Ինչո՞՛ւ մեծապատիվ-մուրացկաններին չես սիրում. շուրջբոլորդ չես նայո՞ւմ: Թե, չէ՝ Մխիթար-Սպարապետը՜, Պապ-թագավորը՜… Հա՛՝ «ափ-սո՛ս»: Ափսո՛ս: Բայց՝ ի՞նչ: Ի՞նչ՝ բայց: Որ ափսոսեցիր՝ հետ եկա՞ն:  Էդ խի՞ չես գիրքդ կարդում-կողքի դնում ու ասում՝ հալա՜լ Միկիտան-Սաքո-յին:Հալա՝լ նրա ապրելակերպին ու վարք ու բարքին՝ ե՛ս էլ նրան նմանվեմ: Էս կարճ կյանքում՝ ե՛ս էլ նրան նմանվեմ: Չկա՞ր մեկը, էդ քո գրքի հերոսներից, որ ասեր՝ անգրագետ-անողնաշար-անսկզբունք ու անգաղափար եղիր, բայց՝ փող սիրիր: Փո՛ղ սիրիր:

(շարունակելի)

 

Սարմեն Ղահրամանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930