Խորենացի փողոցում հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ուսանող Հայկ Հովհաննիսյանի պաշտպան Աննա Ջուվանովան այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդություն ներկայացրեց՝ իր պաշտպանյալի՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը փոխելու նպատակով:
«Շարունակ կալանքի տակ գտնվելով՝ խախտվում է նրա ազատության իրավունքը: Հարցաքննվել են բոլոր վկաները, հավաքվել են բոլոր փաստաթղթերը, հետեւաբար՝ վարույթն իրականացնող մարմինը կարող է ազատ արձակել Հայկ Հովհաննիսյանին: Խնդրում եմ նրա խափանման միջոցը վերացնել եւ անհրաժեշտության դեպքում ընտրել խափանման այլ միջոց»,-ասաց Աննա Ջուվանովան:
Նա ներկայացրեց նաեւ Հովհաննիսյանի հարեւանների եւ այլ անձանց ներկայացրած բնութագրերը. «Դրանք հավաստում են, որ նա ապրում է լիարժեք ընտանիքում, բնութագրվում է որպես դրական եւ ազատ արձակվելու դեպքում չի խոչընդոտի քննությանը»:
Դատախազ Հայկ Պետրոսյանն առարկեց միջնորդության դեմ: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա հայտնեց, որ միջնորդությունը մերժվել է:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ