Լրահոս
Օրվա լրահոսը

«Facebook-ով կգրեն ինչ-որ բաներ, թե դռնեդուռ գնալով կտեղեկացնեն, դրանից կառավարության նկատմամբ վստահությունը չի բարձրանա». Դավիթ Սանասարյան

Նոյեմբեր 18,2016 16:34

«Առաջին անգամ չէ, որ այս եւ նախորդ կառավարությունները՝ ՀՀԿ-ի կողմից ձեւավորած կառավարությունները, մսխում են բյուջեն: ժողովրդին իրենց գործունեության մասին տեղեկացնելու լավագույն ձեւը ժողովրդի համար դրական փոփոխություններ անելն է, եւ դա ժողովուրդը կզգա»,- Aravot.am-ին ասաց քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով կառավարության մասին հրապարակումների համար պետբյուջեից հատկացվող գումարներին:

Հիշեցնենք, որ Armtimes.com– ի հրապարակման համաձայն, ՀՀ կառավարությունն արդեն 11 ամիս է, վճարում է որոշ մարդկանց՝ սոցիալական ցանցերում կառավարության գործունեության մասին գրառումներ կատարելու համար: Մեկ գրառման կամ նմանատիպ վերլուծության արժեքն է 15 հազար 100 դրամ:

Կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի ղեկավարն է Տիգրան Աբրահամյանը, այս տարի պետբյուջեից ստացել է 191 միլիոն դրամ:

Հիշեցնենք նաեւ, որ ՊՈԱԿ-ի ղեկավար Աբրահամյանը, ի պատասխան այս լուրի, հենց facebook-ով էլ պատասխան էր տարածել՝ պարզաբանելով, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքը խեղաթյուրված է ներկայացրել իրականությունը: Կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործառույթների 2.1.3 կետում սահմանված 15 100 ՀՀ դրամը հատկացվում է ոչ թե Facebook-ում ՀՀ կառավարության գործունեությունը լուսաբանող գրառումներ կատարելուն, այլև իրենից ներկայացնում է միջինացված ցուցանիշ, որը տարածվում է հիշյալ կետի մյուս ենթակետերին՝ «ՀՀ տեղեկատվական գործունեության լուսաբանում էլեկտրոնային և տպագիր ԶԼՄ-ներում հոդվածներ, տեղեկատվական նյութեր պատրաստելու» վրա ևս:

Այո, «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է ինտենսիվ աշխատանք նաև սոցիալական ցանցերում՝ ակտիվ օգտատերերի բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները պատկան մարմիններին ներկայացնելու և լուծումներ գտնելու, հետադարձ կապ ապահովելու, ինչպես նաև ՀՀ կառավարության գործունեությանն ավելի հրապարակային դարձնելու նպատակով:

Միամտություն է կարծել, թե Հայաստանում կան Facebook-յան այնպիսի օգտատերեր, ովքեր ընդամենը 4 գրառման դիմաց կարող են օրը 60 հազար, իսկ ամսվա կտրվածքով 1 մլն 800 հազար դրամ ստանալ, այն դեպքում, երբ պետական համակարգում միջին աշխատավարձը շուրջ 200 հազար դրամ է կազմում»:
«Ես դա համարում եմ փողերի վատնում: Ես գիտեմ՝ ինչի մասին է խոսքը, տեսել եմ այդ հրապարակումները այսպիսի վերնագրերով՝ «Ոսկու արտահանումը մեծացել է», էս մեկը էսպես է արել, էն մեկը էնպես է արել, Կառավարությունն այս փոփոխությունները արեց, այդ փոփոխությունները վերջին ճիչն են եւ այլն, էս կարգի բաներ են անում ու ուզում են ասենք՝ բրավո, փողերը ճիշտ նպատակային ծախսում են: Դրա համար պետք է լինի լրատվական ծառայություն, որը ճիշտ լրատվություն կտարածի, ոչ թե հազար ձեւի ծառայություն, հազար ուղղություններով աշխատանք: Ավելի շատ պետք է գործ անել, քան խոսել գործի մասին: Գործ չենք տեսնում, բայց ավելի շատ տեսնում ենք խոսքեր այդ գործերի մասին: Եթե ժողովուրդը նրանց չի վստահում, անկախ նրանից թե facebook-ով կգրեն ինչ-որ բաներ, այլ միջոցներով, թե դռնեդուռ գնալով կտեղեկացնեն, նշանակում է, որ իրենց նկատմամբ ժողովրդի վստահությունը չի բարձրանալու»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930