Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ընդդիմությունն իդեալական նվեր է գործող իշխանության համար

Նոյեմբեր 18,2016 16:17

Մինչև այժմ նորանկախ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները՝ թե համապետական, թե տեղական, բացառությամբ՝ 1995թ. խորհրդարանական ընտրությունների, մշտապես անցել են նույն սցենարով. ընդդիմադիր ուժերն իրար թուլացնելով, իրարից ձայներ են խլել, իսկ իշխանությունն այդ պարարտ դաշտում, այսպես ասած՝ համարյա առանց հակառակորդի, հանգիստ հաղթել է այդ «պայքարում»:

Եվ, ամեն հերթական պարտությունից հետո, ընդդիմությունը հիստերիա է բարձրացնում, փորձում է արդարանալ. բա գիտեք, իշխանությունն ընտրակաշառք բաժանեց, դե ժողովուրդն էլ ծայրահեղ աղքատ վիճակում է, տուրք տվեց դրան ու վերցրեց, և քանի որ, հատկապես Հայաստանի ընտրազանգվածն էլ չափազանց աստվածավախ է, չէր կարող մեղք գործել ու խաբել, դրա համար ընտրեց նրան, ու փողի դիմաց խոստում էր տվել:

Էլ չենք խոսում վարչական լծակների կիրառման, թաղային հեղինակությունների միջամտության, կարուսելների, ընտրողների իրավագիտակցության պակասի և նմանատիպ այլ հանգամանքների մասին, որոնց գործադրումը ևս էականորեն ապահովագրեց իշխանության հաղթանակը: Փաստորեն, ամեն անգամ ընդդիմությունը սրանով արդարացված է համարում իր հերթական պարտությունը, սակայն չի մոռանում բարձրաձայնել. այ հաջորդ ընտրություններում օգտագործելով այս ընտրությունների դասերը, ամեն ինչ անելու է, որպեսզի անպայման հաղթանակ տանի:

Իհարկե, վերը ասված գործոններն իրոք որոշակիորեն ազդում է ընտրությունների արդյունքների վրա, ավելին՝ դա բոլորիս ամոթն է, երբ ընտրողը 5-ից 10 հազար դրամով վաճառում է իր ձայնը, ընտրված ավագանու անդամին կամ պատգամավորին արտոնելով, որ մինչև հաջորդ ընտրությունները դու ազատ ես, ինչ ուզում ես, կարող ես անել, ընդհուպ՝ կարող ես ինձ կեղեքել, կաշիս հանել, տունս խլել, բոլոր իրավունքներս ոտնահարել…, ես դժգոհ չեմ մնա, քանզի այդ ամենի համար ինձ նախապես՝ պարկեշտ ձևով վճարել ես (ասում են, չէ՝ ամեն բան իր գինն ունի), սակայն դրանցից որևէ մեկը չէ ընդդիմության պարտության գլխավոր պատճառը:

Ընտրական գործընթացներում բազմաթիվ և բազմապիսի հանգամանքներ են գործում և դրանց վերլուծության մանրամասն ներկայացումը հատորների նյութ է, որի պատճառով կխոսենք ընտրություններում ընդդիմության օրինաչափություն դարձած պարտության մեկ հիմնական և մի շարք այլ էական պատճառների մասին և հուսանք, որ գոնե հանուն ժողովրդավարության արմատավորման, ընդդիմադիր ուժերը կօգտվեն այդ դասերից:

Հատկապես, տեղական ինքնակառավարման վերջին ընտրությունները պարզորոշ ցույց տվեցին, որ բազմաթիվ այլ պատճառների կողքին, ընդդիմությունը հիմնականում պարտվեց այն պատճառով, որ նրանք ընտրության գնացին ոչ թե դաշինքներով, այլ առանձին-առանձին՝ ընդամենը ձայները կիսելով իրար մեջ և նույնիսկ լուրջ փորձեր չարվեցին ու նման մարտավարության պայմաններում հնարավոր էլ չէր փորձել ձայներ տանել իշխանական ձայների քվոտայից:

Ավելին, իրար դեմ անողոք պայքար տանելով, իրար թշնամաբար մրոտելով, նրանք կորցրեցին ընդդիմադիր ձայների որոշակի մասը, քանզի նրանց միջև պայքարն այնքան անողոք էր, որ իրենց սատարող բավականին թվով ընտրողներ ուղղակի մտածեցին, որ սա պայքար է ոչ թե հանուն ընտրողի վաղվա օրվա, այլ սա լոկ աթոռների պայքար է, որի պատճառով էլ դրանց սկզբունքային մասը հավանաբար չմասնակցեց ընտրություններին, իսկ մնացած մասը մտածեց, ավելի լավ է փող վերցնի կամ առանց փող վերցնելու էլ ձայնը տա իշխող ուժին, քանզի միևնույն է, ոչ ոք չի մտածում իրենց մասին և իրենք էլ իզուր վատամարդ չեն լինի իրենց խնդրող պաշտոնյաների, հեղինակությունների, բարեկամների, ընկերների, ծանոթների …աչքում:

Փաստացի, Հայաստանում չերևացող այնպիսի ընտրական համակարգեր են գործում, որ եթե ընդդիմությունն ուզում է հաղթել այդ ընտրություններում, ապա պետք է առաջին հերթին փորձի փակել իշխանության հաղթանակի բոլոր ճանապարհները, հետո միայն փորձի երկրորդ քայլով հաղթանակ տանել կամ ի հնարավորին մաքսիմալ ձայներ հավաքել: Այս արդյունքներին հասնելու միակ գրավականը ընդդիմության միավորումն է բոլոր ուղղություններով: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այս պարագայում ընդդիմության հավաքած ընդհանուր ձայների թիվը ավելին կլինի, քան առանձին-առանձին հավաքած նրանց ձայների հանրագումարը, որը ոչ այլ ինչ է, քան ընդդիմության՝ և ձայների, և հոգեբանական հաղթանակ: Իսկ այն բոլոր բացասական գործոնները՝ ընտրակաշառք, կարուսել, լցոնումներ, ուրիշի փոխարեն քվեարկություն,…, և այլն, և այլն, իհարկե չափազանց կարևոր են, սակայն այդ գործոնների մասով այնպիսի համակարգ է մշակված, որ երկրի ու ժողովրդի վիճակի նման պայմաններում՝ պայմանավորված նաև մեր ընտրողների համապատասխան հոգեբանությամբ, տասնյակ և ավելի տարիներ դրանք աներկբա գործելու են և այս փուլում դրանց դեմն առնելը պրակտիկորեն անհնար է, որը բնավ չի նշանակում, որ հիմնական մարտավարությանը զուգահեռ, դրանք պետք է անտեսվեն և դրանց դեմ պայքարը դադարեցվի:

Այնպես, որ առաջիկա Ազգային ժողովի ընտրություններում ընդդիմության հաջողության հիմնական գրավականը նրանց միավորման և ընտրություններին՝ միայն մեկ դաշինքով մասնակցելն է, որի հավանականությունն այս պահին, համարյա ձգտում է զրոյի: Ասվածը՝ ընդդիմության մաքսիմալ հաջողության հասնելու միակ ճանապարհն է, որպեսզի հետո չասեք, թե մենք քնած, Դավիթ գող-գող էկավ, գնաց…

Իմ կողմից այս ամենի ներկայացումը զուտ արդարության և հոգու հանգստության, այլ ոչ թե նրա համար է, որ ընդդիմության՝ մինչև այժմ անցած ճանապարհը վկայում է, որ նրանք ավելի ունակ են ու արժանավոր և երկիրը պետք է Սինգապուր դարձնեն…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930