Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլյան քառօրյա պատերազմը նախաձեռնել էր Ադրբեջանը՝ նոր տարածքներ գրավելու մտադրությամբ». Դևիդ Սեթեր

Նոյեմբեր 18,2016 16:10

1976-1982թթ. Մոսկվայում Financial Times թերթի հատուկ թղթակից, 1982թ. The Wall Street Journal-ի՝ ԽՍՀՄ հարցերով փորձագետ, ներկայում Հադսոն համալսարանի ավագ գիտաշխատող, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Դևիդ Սեթերը Aravot.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմը նախաձեռնել էր Ադրբեջանը՝ տարածքներ գրավելու մտադրությամբ:

Պարոն Սեթերին հիշեցրինք մի առիթով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ իր այն համոզմունքը, թե «վերադարձնելով օկուպացրած որոշ տարածքներ՝ Հայաստանը կկարգավորի ԼՂ հակամարտությունն ու կազատվի ռուսական ազդեցությունից»: Հետաքրքրվեցինք` ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմից հետո և՞ս այդ կարծիքն ունի: Պարոն Սեթերը պատասխանեց. «Միանշանակ է այն, որ ապրիլյան պատերազմի նախաձեռնողը Ադրբեջանն էր: Նա ցանկություն ուներ ընդլայնել իր տարածքները: Սակայն Ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի համար պատճառ է իր գերիշխանությունը տարածաշրջանում ավելի երկար ապահովելու համար: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, բոլոր կողմերն էլ, բացի Ռուսաստանից, հետաքրքրված են դրա կարգավորմամբ, եթե, իհարկե, դա հնարավոր է»:

Պարոն Սեթերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրության հետ որևէ նոր զարգացում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի տեսնում: Ավելին, նա ցավով նշում է, որ ԱՄՆ-ն շարունակելու է իր նույն քաղաքականությունը, այսպես կոչված՝ «սառեցված հակամարտությունների» հարցով. «Սա լուրջ հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի համար, այն բազում կյանքեր է խլում: Բայց, ցավոք, այդ հակամարտությունը Ամերիկայի ուշադրության կենտրոնում չէ: Ուստի վստահ չեմ, որ նախագահ Թրամփի ընտրությունից հետո այս հարցում որևէ էական փոփոխություն կմտցվի»:

Նշենք, որ պարոն Սեթերը երեկ ԱՄՆ Կոնգրեսում հրավիրված քննարկմանը հանդես է եկել «Պուտինի վարչակարգի իրական բնութագիրը» թեմայով զեկույցով, որտեղ մի շարք փաստեր է ներկայացրել այն մասին, որ, օրինակ, ռուս-չեչենական պատերազմը, Բեսլանի ահաբեկչությունը կազմակերպել է հենց Պուտինի վարչակարգը:

Դևիդ Սեթերի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` Դևիդ Սեթերի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930