Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյանը՝ Նորք-Մարաշի զինված խմբի գործի մասին. «Այդ արտահայտությունը չեմ արել, որ քաղաքական գործ է»

Նոյեմբեր 18,2016 15:47

Նորք-Մարաշի զինված խմբի գործով նախաքննությունն արդեն ավարտվել է, գործը մտել է դատարան: Թե ինչպիսի նախաքննությունն իրականացվեց այս գործով, ինչ կարեւոր հանգամանքներ մնացին չուսումնասիրված, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց՝ նախաքննության թերությունները գերադասում է բացահայտել դատարանում դատաքննության ժամանակ:

«Պատշաճ չեմ համարում նախաքննության որակի մասին մանրամասն ծավալվել հիմա: Կարծում եմ՝ դատաքննությունը նրա համար է, որ բոլորը տեսնեն ու համոզվեն՝ ինչ է իրականում տեղի ունեցել: Համակարծիք եմ իմ պաշտպանյալի հետ, որ այն նյութերը, որոնք ներկայացված են, բոլորովին չեն վկայում, որ ինքը մասնակցել է որեւէ հանցագործության: Սրա ավելի մանրամասն հիմնավորումները կներկայացնենք դատարանում դատաքննության ժամանակ»,- Aravot.am-ին ասաց փաստաբան Ալումյանը:

Պարոն Ալումյանից հետաքրքրվեցինք՝ եթե նախաքննության ժամանակ Վահան Շիրխանյանի մասով ձեզ չհաջողվեց ապացուցել, որ չկան բավարար հիմքեր մեղադրանքի համար, ինչ շանսեր եք տեսնում դատաքննության համար, ձեզ կհաջողվի՞ ապացուցել մեղադրանքի անհիմն լինելը, հաշվի առնելով, որ տարբեր գնահատականների համաձայն, այս գործը քաղաքական է ու ելքը Բաղրամյան 26-ում որոշված:

«Երբ որ ասում են քաղաքական գործ է եւ այլն, ես դժվարանում եմ պատասխանել, այդ արտահայտությունը չեմ արել, որ քաղաքական գործ է: Բայց կարող եմ վստահաբար մի բան ասել, որ այս կարգի գործերը, հատկապես Շիրխանյանի մակարդակի գործիչների կալանավորման ու քրեական պատասխանատվության հետ կապված հարցերը, երբեք դատարաններում չեն իրականում լուծվում: Դատարանը սովորաբար հարցի ձեւական կողմն է ապահովում, տեսանելի կողմն է ապահովում: Եկան, դատարանը քննեց, այսպիսի որոշում կայացրեց, կալանք երկու ամսով կիրառեց, հետո կալանքը երկու ամսով երկարաձգեց: Որպես կանոն, այս որոշումները կայացված են բոլորվին ուրիշ տեղերում, շատ ավելի վաղ, քան այդ որոշումների համար գործը հասնում է դատարան: Այս կարգի գործերում ինձ միշտ մտահոգել է այն հարցը, որ դատարանը պարզապես դեկորացիա է, այս կարգի գործերում ես հաճախ ինձ էլ եմ դեկորացիա սկսում զգալ, ճիշտ է ամեն ինչ անում եմ, որ այդ դերից դուրս գամ, բայց մենք այդ իրավիճակում միակ տեղը, որին կարողանում ենք ապավինել, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է: Մենք դա կանենք, արդեն արել ենք այս գործով Շիրխանյանի առողջական վիճակի ու շարունակական կալանավորումների հետ կապված եւ կշարունակենք»,- պատասխանեց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ այս գործով քսան մեղադրյալ կա, գործը քննելու է դատավոր Արմեն Բեկթաշյանը: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ նախաքննության ընթացքում քրեական հետապնդում է իրականացվել թվով 33 անձանց նկատմամբ, որոնց մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) եւ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու եւ կրելու (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:

2016 թ. հունիսի 8-ին 4 անձի մասով գործն անջատվել է, նրանց նկատմամբ 223-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ 235-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի մեղադրանքներով քրեական գործն ուղարկվել է դատարան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930