Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովին սոցցանցում գրել են՝ «շնորհակալություն», «հիանալի է, Վալերի» (տեսանյութ)

Նոյեմբեր 18,2016 14:56

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թ. օգոստոսի 23-ի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:

Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդ Ար. Պողոսյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը դատարանին ներկայացրեց բողոքի հիմնավորումները: Նախ նշեց, որ Վալերի Պերմյակովը 8-10 անգամ ինքնակամ լքել է Ռուսաստանում տեղակայված ծառայության վայրը, եւ չնայած այդ հանգամանքին՝ ուղարկվել ծառայության՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանում. «Մինչ Պերմյակովին ՀՀ ուղարկելը քաջատեղյակ են եղել, որ նա անբարեխիղճ է կատարել իր ծառայողական պարտականությունները եւ ունի հոգեկան առողջության խնդիրներ: Ավետիսյանների սպանության պատճառը կայանում է նրանում, որ Պերմյակովն առհասարակ չէր կարող զորակոչվել ծառայության, զենք կրել… կարող ենք պնդել, որ ՌԴ-ն եւ ՀՀ-ն չեն կատարել կյանքի հանդեպ ակնհայտ վտանգը կանխարգելելու պարտականությունը»:

Ըստ Արթուր Սաքունցի՝ հայկական կողմը չի ապահովել ամբողջական քննություն, սպառիչ բացատրություններ չեն տրվել մի շարք հանգամանքների, իսկ որոշ հարցերի առիթով քննություն չի կատարվել: Մասնավորապես, Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ Պերմայկովի «Одноклассники» սոցցանցի էջի վերծանմամբ պարզվել է՝ Պերմյակովին մեկը գրել է՝ «ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես ուզում փախչել»:

«Չի պարզվել՝ այդ անձն ո՞վ է: Պերմյակովը նրան գրել է՝ «այդ էջից ստուգիր հաշվեկշիռը, զանգիր բանկ»: Այս նամակին ի պատասխան՝ օգտատերը գրել է, որ կստուգի», իսկ հետո գրել է՝ «26 рубли»,- հայտնեց իրավապաշտպանը:

Սաքունցը տեղեկացրեց, որ Ավետիսյանների սպանությունից հետո Պերմյակովի՝ «вКонтакте» սոցցանցի էջին մի օգտատեր գրել է՝ «շնորհակալություն», իսկ մեկ այլ օգտատեր՝ «հիանալի է, Վալերի»: Մեկ ուրիշն էլ այսպիսի նամակ է ուղարկել. «Ապրես դու, եթե կարողանաս դուրս գալ, ես ուրախ կլինեմ»: Արթուր Սաքունցն ընդգծեց, որ քննությունը չի պարզել՝ ովքե՞ր են այդ գրողները եւ նրանց հնարավոր մասնակցությունը Ավետիսյանների սպանության գործին:

Այս եւ մի շարք այլ հիմնավորումներով Արթուր Սաքունցը դատարանին խնդրեց բեկանել Շիրակի մարզի դատարանի վերոնշյալ որոշումը եւ գործն ուղարկել նոր քննության: Դատական նիստն ընդմիջվել է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930