Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես պետությունը չի թողնում, որ մարդիկ ռեստորան գնան, երեխային կոշիկ առնեն (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2016 14:51

«Կառավարությունը 31 մլրդ դրամ հանել է տնտեսությունից, տարել է ու մտցրել ոստիկանության բյուջե, որի մի մասն էլ հոսել է օֆշորներ»,- 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը`պարզաբանելով. «Խոսքը չարաբաստիկ արագաչափերի մասին է: Այդ մարդը այդ փողով պիտի գնար իրենց թաղի խանութից ապրանք առներ, ռեստորան գնար, բայց մենք մարդու գրպանից հանել ենք, չենք թողել, որ երեխուն կոշիկ առնի»:

Նա խոսեց նաեւ ծառայողական մեքենաների կրճատման մասին`հիշեցնելով, որ երբ ինքը հայտարարում էր`դրանց թիվը վերանայման կարիք ունի, այն որակվում էր դեմագոգիա, մինչդեռ, իր հայտարարությունից հետո, կառավարությունը սկսեց կրճատումներ կատարել. «Ինչքան դուրս գրած ավտո ու մետալալոմ կար, հանեցին ծախեցին: Բայց այսօր կառավարությունը ծառայողական մեքենաների վրա տարեկան ավելի շատ գումար է ծախսում, քան սահմանամերձ բնակավայրերի: Մենք զարմանալի պետություն ենք ընդհանրապես, մենք Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն: Մինչդեռ իր գործը ժողովրդի համար գործի ու տուն գնալու պայմանն ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը ավտոբուսի մեջ է, երթուղայինի մեջ է: Տրանսպորտի նախարարության պաշտոնյայի գործը միջմարզային տրանսպորտ ապահովելն է, բայց նրան ճոխ մեքենա ենք տալիս, ասում ենք՝ ախպեր, գնա մարզ արի: Իրա գործը երթուղայինների մեջ է, թող մի հատ նստի, տեսնի՝ մարդիկ ոնց են գնում-գալիս»:

Իր հաշվարկներով Հայաստանին պետք է ամենաշատը 35 ծառայողական ավտոմեքենա: Ի դեպ, նա առաջարկում է հստակ ֆիքսել, որ ընտանիքի անդամները իրավունք չունեն ծառայողական մեքենայով խանութ գնալ:

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն իր ելույթում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին՝ ասաց.

«Առ այսօր ամբողջ համակարգում կրճատվել է 791 մեքենա, իհարկե, դրանց մեջ եղել են նաեւ չօգտագործվող, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր նկատել, բայց բոլորն այդպիսիք չեն»:

Հակադարձելով Արամ Մանուկյանի`ուռճացված պետական ապարատի մասին դիտարկումներին էլ Վաչե Գաբրիելյանն ասաց. «Սեպտեմբերից արդեն իսկ կրճատված է չորս ԾԻԳ եւ մի քանի ՊՈԱԿ: Այսօր կառավարության վերջին ԾԻԳ-ն էլ կրճատվեց:

Նմանատիպ գործընթացն այժմ հանդիսանում է կառավարության ուշադրության կենտրոնում: Սիստեմատիկ վերանայման են ենթարկվում կառավարման բոլոր կառուցվածքները, սիստեմատիկ վերանայվում վարկային բոլոր ծրագրերը`դրանք արդյունավետ եւ նպատակաուղղված դարձնելու համար»:

Նա խոսեց արդյունաբերական զարգացման մասին, ասաց՝ կան խնդիրներ, որոնք մշտապես գտնվում են քաղաքականություն իրականացնողների ուշադրության կենտրոնում: Հատուկ ընդգծեց, որ «կարմիր գծերի» եւ տեսախցիկների գումարները հոսելու են բյուջե: «Այն հարցերը, որոնք արծարծում են պատգամավորները, տեղ են գտել եւ տեղ են գտնելու կառավարության ծրագրերում»,- ասաց Վաչե Գաբրիելյանը` նկատելով, որ սեպտեմբերին ստեղծված կառավարությունը չէր կարող բյուջետային իներցիայում անմիջապես փոփոխություններ մտցնել. «Նայեք սրան, որպես մեծ իներցիայով փաստաթղթի, որը կարողացել է պահպանողականության լավագույն շեշտադրումները պահպանել: Շեշտադրումներ անել պարտքի ավելացման, հարկային եկամուտների, սոցիալական ծախսերի պահպանման առումով: Նոր փոփոխությունները միանգամից ռադիկալ հնարավոր չի լինի անել: Ըմբռնումով մոտեցեք, հասկացեք սահմանափակումներն ու հնարավորությունները: Դրանց շրջանակում արվել է առավելագույնը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930