Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Սա է մեր երկրի ու ձեր առջեւ կանգնած մարտահրավերը» (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2016 14:04

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը կարծում է, որ մեզ խիստ համարձակություն է պետք`իրականությանն ուղիղ աչքերով նայելու համար, քանզի իրավիճակը իսկապես ծանր է: Նա մի հարցում համամիտ է իշխանության հետ` ստանդարտ լուծումները չեն օգնի:

Այդ մասին, նա հայտարարեց այսօր խորհրդարանում, 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Պատգամավորը իր ասածները հիմնավորեց համեմատական թվերով. «Մինչեւ 1998 թվականը ԱԺ ապարատը եղել է համեստ՝ 260 պատգամավոր, յուրաքանչյուրին մեկ հոգի էլ սպասարկող: Գնալով պատգամավորների թիվը կրճատվել է, ապարատը դարձել է 810 մարդ: Այսինքն, վեց անգամ մեր յուրաքանչյուրի սպասարկող թիմն ավելացել է իր գումարներով»:

Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ իրենց իշխանության ժամանակ, ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանն ուներ 2-3 օգնական, իսկ Գալուստ Սահակյանն այսօր ունի 20 խորհրդական ու շարունակեց. «Կառավարությունն ուներ 130 աշխատող, հիմա ունի 292, նախագահականն ուներ՝ 130 աշխատող, հիմա ունի 417: Երեք-երեքուկես անգամ պետական ապարատը ուռճացել է: Բնականաբար, նրանց պահպանման ծախսերն էլ ուռճացվել են: 2010 թվին 1800 մարդ այս երեք տարում ավելացել է: Մարզպետարանների՝ 140-180 աշխատող, Վերահսկիչ պալատը՝ 131 հոգի, արդարադատությունը՝ 70 հոգի, ԴԱՀԿ-ն 447 աշխատող ունի, 1100 հարկային տեսուչ ունենք, որոնք սպասարկում են 80 000 կազմակերպության: Վրաստանում 1400 հարկային տեսուչ է աշխատում, որոնք սպասարկում են 413 հազար կազմակերպության: Այսինքն, նրանց բեռը չորս անգամ մերից շատ է: Մաքսային 600 տեսուչ մենք ունենք 5 մաքսակետում, երկու անգամ վրացիներինն ավելին է, բայց նրանց բեռը շատ է, մեծ նավահանգիստ, երեք միջազգային օդանավակայան, չորս անցակետ»:

Արամ Մանուկյանը չանտեսեց նաեւ պաշտոնյաների «ախրանաներին»: Նրանց թիվը հինգ անգամ մեծացել է: Միաժամանակ, ընդդիմադիր պատգամավորը խնդրի լուծումը կրճատումների մեջ չի տեսնում: Հակառակը. «Այս մարդիկ կան, սրանց սպասարկող, կերակրողը պակասում է, այսինքն, պակասում է այն դաշտը, որը կերակրում է այս դաշտը: Հարկ մուծողը քչանում է»:

Նա անդրադարձավ նաեւ առեւտրաշրջանառության վերջին ցուցանիշներին. «2014-ին նոր տարվա համար, դեկտեմբեր ամսին մանր առեւտրաշրջանառության ծախսերը կամել են 221 մլրդ դրամ: 2015-ին նոր տարվա ծախսերը եղել է 178 մլրդ դրամ: 18%-ով մանրածախի շրջանառությունը պակասել է: Այս տարի ավելի տխուր է, 4%-ով ամեն ամիս պակասում է: Վերջին 22 ամիսների ընթացքում մանր առեւտրաշրջանառությունը անընդհատ նվազում է: Սա է մեր երկրի ու ձեր առջեւ կանգնած մարտահրավերը: Եթե այս խնդիրը չլուծվեց, որևէ խնդիր չի կարող լուծվել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930