Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան»՝ 2017-ի բյուջեի քննարկման ժամանակ (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2016 13:36

«2017 թվականի պետական բյուջեն ու ծրագրերն իրար չեն համապատասխանում»,-խորհրդարանում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա այս բյուջեն որակեց` «ծրագրերի հետաձգման բյուջե»:

Կառավարության խոստացած 3.2 տոկոս տնտեսական աճը նա համարում է «գոյատեւմանը միտված»`նկատելով, որ ՀՀ տնտեսության հիմնական շարժը տրանսֆերտներով է պայմանավորված. «Բյուջեի բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ կառավարությունը 5 տարիների ընթացքում հիմնականում ձախողել է իր ծրագրերը: Օրինակ, ամենակարեւոր հարցերից մեկը, ավելացված արժեքի հարկի հետաձգումը սահմանին, այս ծրագրից հրաժարվել եք: Դուք մարզերում պետք է ստեղծեիք ոչ գյուղատնտեսական ոլորտի 100 հազար աշխատատեղ, սրանից էլ եք հրաժարվել, պետք է ստեղծեիք 50 հազար ՓՄՁ, էլի չեք արել, դուք պետք է ստեղծեիք 70 հազար աշխատատեղ այլ ոլորտում, էլի չեք արել, ի՞նչ է՝ հենց ընենց էին գրել»:

Պատգամավորի կարծիքով, թեեւ կառավարությունը փոխվել է, բայց քաղաքական մեծամասնությունը նույնն է: Այս տապալման համար նա չի մեղադրում նոր կառավարության «լավ մենեջերներին»: Պատասխանատուն, իր համոզմամբ, բացառապես քաղաքական մեծամասնություն ՀՀԿ-ն է: «Վարչապետն եկավ, ասաց՝ վիճակը ծանր ա: Պաուզա: Վիճակը շատ ծանր ա: Բա մենք ի՞նչ էինք ասում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը`ՀՀԿ-ականներին հորդորելով աշխատել սովորել եւ հարգանք վաստակել:

Որոշ պատգամավորներ ծափահարեցին Միքայել Մելքումյանի ելույթից հետո: Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չդիմացավ ու հեգնանքով նետեց. «Ոնց որ «Ռեալ Մադրիդ»-ի երկրպագուները ծափահարեին Ռոնալդոյին: Հերթը «Բարսելոնա»-ինն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930