Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձավ ՏՄՊՊՀ-ի եւ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի միջեւ այս օրերին տեղի ունեցող «հակամարտությանը»: Հակոբ Հակոբյանը վրդովվել էր, որ հանձնաժողովը 110 միլիոն դրամով տուգանել է Երեւանի Գարեջրի գործարանին, որի սեփականատերն ինքն է:
«Հանձնաժողովն անկախ պետական մարմին է, եւ կառավարությունն այդտեղ լծակներ չունի, բայց դա չի զրկում մեզ կարծիք արտահայտելու հնարավորությունից: Ուստի պարոն Շաբոյանին եւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հորդորում ենք իրենց ջանքերը կենտրոնացնել առաջին հերթին առաջնային սպառման ապրանքների շուկային, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգություններն ավելի շատ են: Դա շատ ավելի առաջնային խնդիր է, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ շուկայում կան մեծ թվով գարեջուր արտադրողներ եւ ներմուծողներ եւ բացի դրանից, ես հանդիպել եմ այդ գործարարների հետ եւ այդ իսկ պատճառով խնդրում եմ մաքսիմալ ուշադիր վերաբերվել այս հարցերին»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ