Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապօրինի հարստացումը քրեականացնող նախագիծը պատրաստ է

Նոյեմբեր 18,2016 11:20

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հավաստմամբ՝
թեեւ օրենքը հետադարձ ուժ չի ունենալու, սակայն ապօրինի հարստացածները
կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել:

– Վարչապետը հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում նախապատրաստել եւ ներկայացնել ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին օրենքի նախագիծ: Ի՞նչ փուլում է նախագիծը: Արդեն կարո՞ղ ենք հստակ տեսլականների մասին խոսել:

– Օրենքի նախագիծը արդեն մշակված է եւ կներկայացվի կառավարության այսօրվա նիստում: Մեր տեսլականը հետեւյալն է. այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճը կամ ծախսերի կատարումը, կամ պարտավորությունների մարումը էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, եւ անձը չի կարողանում հիմնավորել, թե ինչպես է առաջացել իր փաստացի եկամուտների եւ օրինական եկամուտների միջեւ տարբերությունը, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Օրինակ՝ եթե պաշտոնատար անձը ձեռք է բերում թանկարժեք գույք, որը ակնհայտորեն չի համապատասխանում նրա եկամուտներին, եւ նա չի կարողանում հիմնավորել, թե ինչպես է իր եկամուտներով ձեռք բերել նշված գույքը, ապա այդ պարագայում պետք է բարձրանա անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:

– Դուք արդեն հայտարարել եք, որ օրենքը հետադարձ ուժ չի ունենալու, ինչը մեծ տարակուսանք առաջացրեց հասարակական շրջանակներում: Գուցե հնարավոր լինի գտնել տարբերակներ նաեւ անցյալի ակնհայտ անարդար իրողություններին անդրադառնալու համար, որպեսզի նաեւ հասարակության շրջանում վստահությունը վերականգնվի: Օրինակ՝ պաշտոնանկ արված նախարարներ Գագիկ Խաչատրյանի, Գագիկ Բեգլարյանի, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ մի շարք այլ նախկին ու ներկա պաշտոնյաների անունները շոշափվում են տարբեր կոռուպցիոն սխեմաներում, պետական ունեցվածքը ոչ արդյունավետ կառավարելու մեջ: Նոր կառավարությունում բավարարվելու են միայն նրանց պաշտոնանկություններո՞վ, թե՞ պատասխանատվության էլ կկանչվեն այդ պաշտոնյաները:

– Կա շատ կարեւոր սահմանադրական սկզբունք, այն է` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Սա բարի կամք չէ, քաղաքական իշխանության կամք չէ, քանի որ ցանկացած ընդունվող օրենք ուղղակիորեն պետք է համապատասխանի ՀՀ Սահմանադրությանը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթներին: Ցանկացած այլ քաղաքական իշխանության պարագայում էլ լուծումը չէր կարող լինել այլ: Բոլոր դեպքերում ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվությունը կգործի այն ժամանակ, երբ օրենքը մտնի ուժի մեջ: Միեւնույն ժամանակ ես ցանկանում եմ, որ խնդրին անդրադարձ կատարվի ոչ թե անձանց, այլ երեւույթների մակարդակով: Ընդհանրապես ապօրինի հարստացումը համարվում է հետեւանքային հանցակազմ, որը կիրառվում է ոչ թե պաշտոնատար անձի կատարած գործողությանը գնահատման, այլ այն վիճակի գնահատման համար, որը առկա է ենթադրյալ գործողության արդյունքում, օրինակ՝ եթե չի ապացուցվում պաշտոնատար անձի կողմից կաշառք վերցնելը, բայց վիճակը այնպիսին է, որ կա եկամուտների չհիմնավորվող էական աճ, գնահատվում է հենց այդ վիճակը: Սա նշանակում է, որ իրավիճակը քրեականացնող օրենքի հետադարձ ուժ չունենալը չի բացառում քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից գործողությունների գնահատման մեխանիզմների կիրառումը:

– Այս ընթացքում տարբեր մասնագետների կողմից նաեւ տարակուսանքներ հնչեցին, որ հայաստանյան իրականության պայմաններում այդպիսի օրենքը կարող է կիրառվել քաղաքական նպատակներով: Բազմաթիվ նախադեպեր ունեցել ենք. 2008-ին երբ պատգամավոր, սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը կանգնեց առաջին նախագահի կողքին, նա խնդիր ունեցավ իշխանության հետ. օրինակներ շատ կարելի է բերել: Այս մտավախությունները ինչպե՞ս կփարատվեն: Ի՞նչ մեխանիզմներ պետք է կիրառել նման բաներից խուսափելու համար:

– Իրականում նախագիծը մշակելիս մենք փորձել ենք դրսեւորել առավելագույնս համակողմանի մոտեցում: Այդ է պատճառը, որ ունեցել ենք մի շարք քննարկումներ քրեական իրավունքի ոլորտի լավագույն մասնագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Մի շարք խնդիրներից, այդ թվում` Ձեր կողմից բարձրացված խնդրից խուսափելու համար մենք սահմանել ենք ապացուցման բեռի բաշխման հստակ կանոններ: Միայն այն, որ անձը ունի թանկարժեք գույք, բավական չէ, որ նրան հետապնդեն եւ ենթարկեն պատասխանատվության: Քննություն իրականացնող մարմինը պետք է օրենքով սահմանված պատշաճ գործիքակազմով ապացուցի, որ անձի օրինական եկամուտները էականորեն գերազանցում են նրա փաստացի եկամուտները, եւ միայն դրանից հետո պաշտոնատար անձը պետք է հիմնավորի, թե արդյոք տարբերություն առաջացե՞լ է օրինական հիմքերով, թե՞ ոչ: Այսինքն` առանց վարույթն իրականացնող մարմնի կողմից պատշաճ ապացուցման անձը չի կարող դառնալ հետապնդումների զոհ:
– Տեսակետ կա նաեւ, որ շատ լավ օրենք կարող է գրվել ու պարզապես չկիրառվել: Ասենք, ինչ-ինչ տարբերակներով հնարավորություններ գտնել ամրագրելու ունեցվածքը` վայելելով նույն իշխանության հովանավորությունը: Օրենքի իրական կիրառում ապահովելու գործիքներ կա՞ն կամ ավելի ճիշտ` քաղաքական կամք, թե՞ սա էլ կարող է հերթական PR նախաձեռնությունը դառնալ:

– Մեր գերխնդիրն է ապահովել օրենքի իրական ապահովումը: Հենց այդ պատճառով է, որ մենք չենք ներկայացնում ընդամենը մեկ օրենսդրական փաթեթ եւ դրանով համարում, որ մեր առաքելությունը կատարված է: Բարդ խնդիրները պահանջում են համակարգային լուծումներ: Դեռ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ մենք նշել ենք, որ մեր խնդիրն է ներկայացնել համակարգային լուծումներ, ուստի ապօրինի հարստացման նախագծի հետ պատրաստվում ենք ներկայացնել նաեւ հարակից այլ օրինագծեր, որոնցով անդրադարձ կկատարվի հնարավոր բոլոր բացերին:

– Կառավարությունում փոփոխություններից հետո հակակոռուպցիոն խորհուրդը նիստեր գումարե՞լ է, ի՞նչ քննարկումներ են ընթանում, մանավանդ, որ իր գերակայությունների շարքում կառավարությունը հայտարարել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը:
– Կառավարության ծրագրի կարեւոր կետերից է նաեւ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի վերանայումը եւ բարեփոխումը, ինչի շրջանակներում մենք պատրաստվում ենք վերանայել նաեւ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործառույթները եւ կարգավիճակը: Այս առումով մեզ համար շատ կարեւոր է քաղաքացիական հասարակության, ընդդիմության եւ բոլոր շահագրգիռ կողմերի դիրքորոշումը, ուստի պատրաստվում ենք սկսել լայնածավալ քննարկումներ խորհրդի գործառույթների վերանայման համար: Կարծում եմ` արդեն առաջիկայում մենք կգումարենք նաեւ արդարադատության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նիստ, որտեղ կքննարկվի այս հարցը եւս:

 

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

18.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930