Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ԶԼՄ-ների արտադրանքի առյուծի բաժինը կազմում է հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 18,2016 11:14

Զարմանալի է, թե ինչու հայկական լրատվամիջոցների ֆանտաստիկ հավաստի աղբյուրները մինչեւ այժմ որեւէ մեկին չէին հայտնել պաշտպանության նոր նախարարի ՀՀԿ-ական դառնալու մտադրության մասին։ Սա իսկապես զարմանալի է, որովհետեւ մեր լրատվամիջոցների հավաստի աղբյուրները տիրապետում են անգամ այնպիսի ինտիմ մանրամասների, ինչպես որեւէ քաղաքական գործչի գլխում սեփական հետագա գործունեության վերաբերյալ տեղի ունեցող խմորումներն են, հաշվարկները, երբեմն նույնիսկ՝ ապրումները։

Օրինակ, արդեն մի քանի ամիս բոլորս սրտի տրոփյունով հետեւում ենք, թե ինչպես է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որոշում որեւէ կուսակցության նախագահ դառնալ, հետո տատանվում է՝ իսկ արժե՞ արդյոք, եւ վճռում՝ լավ էլ արժե։ Մի պահ ահաբեկվում է իշխանությունների իր դեմ ունեցած կոմպրոմատներից, բայց կրկին չի ընկրկում, թեեւ ի վերջո գալիս է այն եզրակացության, որ ամեն դեպքում ճիշտը ՀՀԿ-ին անդամակցելն է։

Մեծ հափշտակությամբ կարդում ենք նաեւ Սերժ Սարգսյանի եւ Սեյրան Օհանյանի զրույցից դրվագներ, որտեղ Օհանյանին նրբորեն հասկացվում է, որ իր տիկնոջ՝ զգեստների եւ ծաղկեփնջերի նույնականացմամբ նկարվելու սովորույթը խնդրահարույց է, իսկ նախարարը հերոսաբար կանգնում է կնոջ մեջքին։

Սեյրան Օհանյանը միակը չէ։ Օրերս հավաստի աղբյուրները թարմ լուրեր փոխանցեցին Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու գործընթացից։ Ըստ այդմ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին այդ առիթով ասել է՝ ուզում ես վերադարձիր, չես ուզում՝ մի վերադարձիր։

Ընդհանրապես հանրային հետաքրքրություն ներկայացնող բոլոր անձանց վերաբերյալ հավաստի աղբյուրները միշտ այսպիսի կարեւոր տեղեկատվություններ են փոխանցում։ Եվ հիմա պարզ չէ, ո՞ւմ թերացումն է, որ չենք իմացել, թե երբ եւ ինչպես է Վիգեն Սարգսյանի գլխում ծագել ՀՀԿ-ին անդամակցելու միտքը եւ ինչ մետամորֆոզների է ենթարկվել, աղբյուրների՞, թե՞ լրատվամիջոցների։ Ինչ-որ մեկն ակնհայտորեն իր գործը լավ չի կատարել։

Երեկ ԶԼՄ-ներից շատերը ստիպված էին վերլուծել, թե ինչու է Վիգեն Սարգսյանը նման քայլի գնացել, ինչ է դա նշանակում եւ այլն։ Պետք է ասել, որ այդ վերլուծությունները շատ ավելի հետաքրքիր էին, քան հավաստի աղբյուրներից ստացածները կլինեին։

Իհարկե, աշխարհի բոլոր լրատվամիջոցներն են օգտվում անանուն աղբյուրներից, եւ նրանցից ստացած տեղեկատվությունը երբեմն ամենաարժեքավորն է լինում։ Բայց յուրաքանչյուր ԶԼՄ այդպիսի արտադրանք թողարկում է ամիսը երկու անգամ, թող լինի՝ շաբաթը մեկ անգամ։ Ընդ որում, որքան հեղինակավոր է լրատվամիջոցը, այնքան քիչ է պատահում այդ ժանրի լուրը, ինչն էլ իր հերթին նվազեցնում է սխալվելու հավանականությունը։

Դժվար է ասել երբվանից, բայց հայկական ԶԼՄ-ների արտադրանքի առյուծի բաժինը կազմում է հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը։ Դրանք, որպես կանոն, ճիշտ դուրս չեն գալիս, բայց կարծես որեւէ մեկին դա առանձնապես չի հուզում։

Օրինակ, կարելի է ամսվա ընթացքում 4 անգամ գրել, որ հաջորդ ամիս համաներում է լինելու, որովհետեւ այդպես են փոխանցում նախագահական նստավայրի հավաստի աղբյուրները։ Հաջորդ ամիս 5 անգամ գրել, որ համաներման հարցում խնդիրներ են առաջացել։ Հետո նորից գրել, որ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ ամեն դեպքում համաներումը լինելու է, բայց թե կոնկրետ երբ, մի քիչ դժվար է ասել։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930