Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համակարգի ամրության պաշարը

Նոյեմբեր 18,2016 10:07

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման, իհարկե, թե իր երկրի ներսում եւ թե միջազգային ասպարեզում արել է լավ եւ վատ բաներ: Ինչպես եւ ցանկացած երկրի ցանկացած նախագահ: Բայց ընդհանուր առմամբ, նա՝ լավ, թե վատ, փորձում էր պաշտպանել այն արժեքները, որոնք ես կիսում եմ, եւ որոնք ընդունված է անվանել «եվրոպական»՝ այն պարզ պատճառով, որ դրանք սկսել են ձեւավորվել Եվրոպայում: Մասնավորապես, ժամանակակից իրավունքի ակունքները Հռոմում են, իսկ ժողովրդավարության մասին առաջին գաղափարները ձեւավորվել են Հունաստանում: Օբաման վերջերս խոսեց հենց Ակրոպոլիսի հարթակից:

«Ժողովրդավարությունը, ինչպես եւ մարդկության ստեղծած ցանկացած ինստիտուտ, կատարյալ չէ: Այն կարող է լինել հիասթափեցնող, կարող է լինել դժվար, կարող է լինել անկանոն: Քաղաքական գործիչները սովորաբար պոպուլյար չեն ժողովրդավարությունների ժամանակ՝ անկախ կուսակցությունից, որովհետեւ, ըստ բնորոշման, ժողովրդավարությունը պահանջում է, որ դու հարյուր տոկոսով չլինես այն, ինչ ուզում ես: Այն պահանջում է փոխզիջումներ: Բազմազգ, բազմացեղային, բազմամշակութային հասարակություններում, որպիսին է Միացյալ Նահանգները, ժողովրդավարությունը հատկապես կարող է բարդ լինել: Հավատացեք ինձ, ես գիտեմ: (Այստեղ ներկաները ծիծաղեցին, որովհետեւ վերջին ընտրությունների մասին ակնարկը բավականին թափանցիկ էր-Ա. Ա.): Բայց ժողովրդավարությունն ավելի լավ է, քան ցանկացած այլընտրանք, որովհետեւ հնարավորություն է տալիս խաղաղ հաղթահարել մեր տարբերությունները եւ մոտեցնել մեր գաղափարները: Այն հնարավորություն է տալիս փորձարկել նոր գաղափարներ եւ ուղղել սխալները»:

Միացյալ Նահանգներն, այսքանով հանդերձ, շատ յուրահատուկ պետություն է, յուրահատուկ հասարակություն, յուրահատուկ ժողովրդավարություն, ինչի մասին ակնարկում է ԱՄՆ գործող նախագահը: Երբ մենք զարմանում ենք, թե ինչու է Թրամփի նման մարդը նախագահ դարձել, կամ՝ ինչու է այդ երկրում պահպանվել ընտրիչների արխայիկ ինստիտուտը, դրան կարելի է շատ երկար պատասխանել, եթե մոտիկից շփվել ես այդ երկրի հետ, կամ պատասխանել շատ կարճ՝ «այդպես է ցանկանում ամերիկյան ժողովուրդը»: Ես երկար պատասխանելու իրավունք ինձ չեմ վերապահում, պարզապես նշեմ, որ ամերիկյան պետական ինստիտուտները տարբերվում են եվրոպականներից. Պետդեպարտամենտը 100 տոկոսով արտգործնախարարություն չէ, Ռեզերվների դաշնային համակարգն ամբողջությամբ նույնը չէ, ինչ մեր իմացած Կենտրոնական բանկը, ամերիկյան դաշնությունը նման չէ, ասենք, Գերմանիայի դաշնությանը: ԱՄՆ պետական համակարգը բարդ է, այնտեղ զսպումների եւ հակակշիռների մեխանիզմը ճյուղավորված է եւ բազմաշերտ, հսկայական դեր է խաղում հասարակական հատվածը, այդ թվում՝ արհմիություններն ու լրատվամիջոցներւ, ինչը եւ ստեղծում է ամրության որոշակի պաշար՝ «խաղաղ հաղթահարելով տարբերությունները», ինչպես նշում է Օբաման:

Ժամանակակից Եվրոպայում, իմ տպավորությամբ, ամեն ինչ շատ ավելի պարզ է եւ (մի զարմացեք) դրա հետեւանքով՝ ավելի փխրուն: Իհարկե, եվրոպական պետական մոդելը մեզ ավելի հոգեհարազատ է: Պարզապես այդ հանգամանքները պետք է հաշվի առնել:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    “Իհարկե, եվրոպական պետական մոդելը մեզ ավելի հոգեհարազատ է:”
    5 րոպե է չեմ կարողանում շունչ քաշեմ էս միտքը կարդալուց հետո: Շատ ճիշտ է հեղինակը: Ես, Լֆիկը, Ճոյտն ու Լիսկան էլ նույնն ենք ասում: Չեք հավատում՝Սաշիկին հարցրեք: Թե չէ մի քանի հոգի կան ստից տեղը անուն են կպցնում, իբր ֆեոդալական բռնապետությունն է մեզ հոգեհարազատ, էլ եսիմ ինչ… Սովորեք, արա, սովորեք:

  2. Մուկուչ says:

    Գուցե ձեր շրջապատում եվրոպական պետական մոդելը ավելի հոգեհարազատ է, գուցե էլի մի 20% համար, բա մնացածը? Էդ ձեր ասած “իհարկե”-ն որ լիներ, ուրիշ որակի պետություն կունենայինք::

  3. Մարատ says:

    Հին Հռոմ. ՛՛Թող ողջ աշխարհը կործանվի, բայց Օրենքն անխախտ մնա:՛՛

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930