Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռեկտությունից ելնելով` անուններ չեմ տա»

Նոյեմբեր 18,2016 16:00

Ո՞ր պարագայում կվերադառնա Գագիկ Ծառուկյանը՝ ըստ Տիգրան Ուրիխանյանի

«Իրականում որեւէ վերադասավորում տեղի չի ունենում եւ չի էլ կարող տեղի ունենալ, որովհետեւ ՀՀ քաղաքական դաշտում կա մեկ` իշխանական դաշտ` իր արդեն ապացուցված կամ չապացուցված սատելիտներով կամ դրածոներով, եւ կա ոչ իշխանական դաշտ` շատ սակավաթիվ, մասնատված եւ անմիաբան»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` քաղաքական դաշտում ընթացող բանակցություններն ու քննարկումներն ի՞նչ վերադասավորումների կարող են հանգեցնել խորհրդարանական ընտրություններից առաջ, ասաց «Ալյանս» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ուրիխանյանը: Հետեւաբար, ըստ մեր զրուցակցի, ընդամենը մեկ տարբերակ կա եկող ընտրություններին հանրությանը նորություն առաջարկելու. «Դա կարող է լինել այն պարագայում, եթե այս ընթացքում ձեւավորված ոչ իշխանական առանձին ուժեր ինչ-որ դերակատարում ունեցող, բայց էական ազդեցության հնարավորությունից զրկված, եւ առանձին գործիչներ մեկտեղեն իրենց գործունեությունը մի պարզ նպատակով` ստեղծել այլընտրանքային իշխանությունից տարբերվող, իշխանության կողմից ներդրված, արհեստական ընդդիմադիր գործունեություն իրականացնողներից տարբերվող, ժողովրդի հետ ազնիվ հարաբերվող քաղաքական ուժ»: Թե իշխանության մեջ ո՞ր ուժերն ի՞նչ տեսք կընդունեն եւ ի՞նչ ձեւով կգնան ընտրությունների, թե թվացյալ կամ իրական ընդդիմության մեջ ո՞ր ուժերն ի՞նչ տեսք կունենան եւ ի՞նչ ձեւով կգնան ընտրությունների, Տիգրան Ուրիխանյանի համոզմամբ, միեւնույն է՝ որեւէ փոփոխության չի բերելու, եթե չլինի խոշորացում: «Բոլորն էլ ընտրություններին կարող են մասնակցել եւ պարտվել, ինչպես ցույց տվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ միայն այդ դեպքում, միայն միավորման դեպքում մարդիկ կգնան ընդդիմության ետեւից: Հակառակ պարագայում, ըստ մեր զրուցակցի, այն ձայները, որոնք սպասում են նոր առաջարկի, եւ որոնց թիվը տարբեր ժամանակներում հասնում է 600 հազարի, անգամ գերազանցում է այդ թիվը, այս անգամ փոշիացվելու են, եւ չենք ունենալու որեւէ փոփոխություն:

«Ես այս համատեքստում եմ դիտարկում Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալ-չվերադառնալու հարցը: Պահանջվա՞ծ է նրա վերադարձը: Անշուշտ, պահանջված է: Ակնհայտ են ե՛ւ քննարկումների ծավալը, ե՛ւ տեւողությունն այդ հարցի շուրջ: Ի՞նչ քաղաքական ուժերի հետ համագործակցելով կամ ո՞ր քաղաքական ուժերի հետ միասին նա կարող է գալ: Ես չեմ տեսնում այնպիսի քաղաքական ուժ, որը կարող է բավարարել ժողովրդի կողմից սպասված ծավալների համարժեք պահանջը: Չեմ տեսնում: Չկա՝ սկսած «Ալյանսից», որը պատիվ ունեմ ներկայացնելու, վերջացրած ժամանակին ԲՀԿ-ի փոփոխությունից առաջացած այլ քաղաքական ուժերով` «Համախմբում», մյուսներ՝ ներառյալ նույն ԲՀԿ-ն, որի պոտենցիալը, մեղմ ասած, այն չէ, ինչ եղել է ժամանակին, չնայած ֆորմալ առումով իրենք շարունակում են մնալ երկրորդ քաղաքական ուժը: Բայց հասկանալի է, որ այդ ֆորմալ ձեւակերպումն ավարտվելու է ընդամենը չորս ամիս հետո, եթե իրենք իրենց հերթին մասնակցություն չունենան այդ նոր հարթակի ձեւավորմանը»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը` հավելելով, որ այդ միավորման մեջ կարող են լինել նաեւ արտախորհրդարանական կուսակցություններ, քաղաքացիական նախաձեռնություններ, մարդիկ, գործիչներ` մաքուր կենսագրությամբ, ովքեր անհրաժեշտ հատկանիշներ ունեն քաղաքական նոր միտք եւ առաջարկ ծնելու, այն փաստաթղթի վերածելու, այն հասկանալի ձեւով հանրությանը մատուցելու, մարդիկ, որոնց ընտրելով՝ հանրությունը վստահ է լինելու, որ խորհրդարանական ամբիոնից կհնչեցնեն իրենց հուզող խնդիրները, կքվեարկեն այնպես, ինչպես պահանջում է խորհրդարանի շենքից դուրս գտնվող ժողովուրդը: Այսօր, ըստ Տիգրան Ուրիխանյանի, ունենք ընդամենը քաղաքական մեծամասնություն, որը մեկուսացվել է խորհրդարանի տարածքում եւ խորհրդարանական հարթակում անում է ամեն ինչ` ելնելով բացառապես իր նպատակահարմարությունից. «Ժողովրդի, խորհրդարանից դուրս գտնվող մարդկանց նպատակահարմարությունը ներկայացնող ուժեր են պետք»:

Հնարավորություն տեսնո՞ւմ է իր նշած ձեւով ընդդիմության միավորման համար Տիգրան Ուրիխանյանը` նկատի ունենալով, որ միավորման բանակցություններ են գնում նաեւ, այսպես ասած, արեւմտամետ դաշտի ուժերի միջեւ` «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Ազատ դեմոկրատներ», ՀՀՇ եւ այլն: «Միատիպ մտածողություն` աշխարհաքաղաքական շրջանակների մեջ, միատիպ մտածողություն` ներքին քաղաքական շրջանակների մեջ, եւ գործողությունների նկատմամբ համադրելի մոտեցում. այս երեք կարեւորագույն հարցերում նմանություններ ունեցողները կարող են գնալ»,- եղավ պատասխանը: Հստակեցնող հարցին` իր պատկերացմամբ՝ ՀՀ-ում այսօր ո՞ր ուժերն են բավարարում իր նշած չափանիշներին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Քաղաքական ուժերի իրական տեսակը որոշվում է նրանց կողմից իրականացվող քաղաքական կուրսով: Այս իմաստով ամեն ինչ շատ հարաբերական է, ցավոք: Ուստի բանակցությունները պիտի վարեն կոնկրետ մարդիկ` կոնկրետ քաղաքական համոզմունքներով: Կոռեկտությունից ելնելով՝ այստեղ անուններից կխուսափեմ, բայց վստահ եմ, որ հանրության համար ամեն ինչ պարզ է»:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

17.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930