Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը «լոկալ հաղթանակների» մարտավարություն է ընտրել

Նոյեմբեր 18,2016 15:30

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը`
վերջին զարգացումների մասին

– Վերջին օրերին իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում կրկին սրվեց: Ի՞նչ առանձնահատկություն ունի ակտիվացման այս փուլը:

– Ըստ էության, լարվածության կտրուկ սրում չկա, սակայն իրադրությունը առավել ակտիվ է վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցող միջադեպերի ֆոնին: Ադրբեջանը վերջին օրերին փոքր հրետանի էր կիրառում՝ տարբեր տրամաչափի ականանետներ: Ընդ որում, այս ակտիվացումը արձանագրվեց Ադրբեջանում մեկնարկող խոշորամասշտաբ զորավարժությանը զուգահեռ, որն իրադրությանը լրացուցիչ լարվածություն է հաղորդում:

– Ադրբեջանի նախագահը նախօրեին տարբեր հայտարարություններ հնչեցրեց: Մասնավորաբար, Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ եթե հայկական զինուժն ապրիլյան գործողություններից ճիշտ եզրահանգումներ չանի, հետագայում մեծ թվով հաջող օպերացիաներ կիրականացվեն՝ որպես օրինակ բերելով Ջաբրայիլի ուղղությամբ բարձունքի նկատմամբ ադրբեջանական զինուժի վերահսկողությունը: Ո՞րն է, Ձեր կարծիքով, Իլհամ Ալիեւի հիմնական ուղերձը:

– Ադրբեջանի զինուժի վրա, կարծում եմ, երկու հիմնական խնդիր է դրված. մաքսիմում ծրագիր` լայնամասշտաբ պատերազմական գործողությունների նախապատրաստում՝ ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու նպատակով, մինիմում ծրագիր` մեծ ռեսուրսների ներգրավմամբ մասշտաբային գործողությունների իրականացում շփման գծի բոլոր ուղղություններով: Թեկուզեւ փոքր տարածքների նկատմամբ վերահսկողության սահմանում, ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ եղավ նույն Ջաբրայիլի ուղղությամբ:

– Իսկ ո՞րն է նպատակը, մանավանդ, երբ հաղորդվում է, որ ապրիլյան պատերազմի օրերին այդ գործողություններն ադրբեջանական բանակն արել է մեծ կորուստների գնով:

– Ադրբեջանում մարդկային, ռազմական, տնտեսական ռեսուրսի կորուստը ստորադասվում է քաղաքական «հաղթանակներին»: 25 տարվա խոստումներից հետո Իլհամ Ալիեւը փորձում է «Ղարաբաղի վերադարձի» մասին «հաղթական» լուզունգները փոխարինել «քայլ առ քայլ Ղարաբաղը վերադարձնելու» թեզով: Դրանով նա եւ ժամանակ է շահում, եւ կարողանում է հանրությանը լոկալ հաղթանակներով «կերակրել»՝ առաջին հերթին լուծելով իր իշխանության խնդիրը, հակառակ դեպքում երկրի ներսում դիմակայության լուրջ ալիք կարող է մոբիլիզացվել:

 

Զրույցը` Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

17.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930