Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլավոր հիվանդները հորդորում են՝ մեզ մենակ չթողնեք

Նոյեմբեր 18,2016 14:30

Քրեակատարողական հիմնարկների վարչությունն
անմիջապես պատասխանում է ահազանգին

Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի 4 կալանավորներ՝ Վահե Անդրեասյանը, Արմեն Մկրտչյանը, Արթուր Գասպարյանը եւ Հարություն Կողբեցյանը երեկ մինչ հացադուլի դիմումները վարչակազմին հանձնելը, նամակներ են ուղարկել հանրապետության նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, արդարադատության եւ առողջապահության նախարարներին, գլխավոր դատախազին եւ քրեակատարողական հիմնարկների վարչության պետին: Նամակներում հորդորում են՝ «մեզ մենակ չթողնեք»: Ի դեպ, նրանք ցանկանում են հանդիպել նաեւ ազատազրկման վայրերը հսկող դիտորդական խմբի անդամների հետ:

«Առավոտի» տեղեկություններով՝ հացադուլին կուղեկցվի նաեւ ջրադուլը:
Արթուր Գասպարյանը 15 օր առաջ նամակ էր ուղարկել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին եւ տեղաբաշխման հանձնաժողովի նախագահ Րաֆիկ Հովհաննիսյանին:

Սակայն պատասխան չի ստացել եւ իր բողոքի ծայրահեղ միջոցին դիմելը գիտակցում էր, ասելով, թե գնում է գիտակցած մահվան՝ պատասխանատվությունը թողնելով արդարադատության նախարարի վրա:

Ազատավանցի Արթուրը կալանավորվել է այս տարվա հունիսի 27-ին: Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է հուլիսի 20-ին, այդ իսկ պատճառով, նրան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»: Նա 2 ամիս գտնվել է հարկադիր բուժման մեջ, ինչպես ներկայացնում է՝ թմրամիջոցներից կախվածություն է ունեցել: Ապա նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոցի» վիրաբուժական բաժին: Ըստ դատապարտյալի նշյալ պաշտոնատար անձանց ուղղված նամակների, իրեն անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն, սակայն քրեակատարողական հիմնարկը մերժում է:

Դատապարտյալը նշել էր, թե իր վերին ու ստորին ծնոտները փտել են, սեւացել, ծնոտի շրջանում առկա է բաց վերք. ստորին ծնոտը կոտրված է:
Նրա դեմքը դեֆորմացված է, ուռած, ստորին ծնոտը երեք տեղից ծակված է՝ արտադրություն է գալիս:

Դատապարտյալ հացադուլավորները բողոքով նշում են, թե իրենք հնարավորություն չունեն ցավազրկողներ գնելու, խնդրում են հարազատներին, ընկերներին՝ ցավազրկողներ բերել:
Արթուր Գասպարյանն ունի 8,5 տարեկան դուստր եւ 10 տարեկան որդի:
Նրա ներքին օրգանները՝ երիկամներ, ստամոքս, լյարդ, նույնպես շարքից դուրս են եկել:
Արմեն Մկրտչյանն ունի ոտքերի խնդիր:

Նա, ըստ մտերիմների, չի ձգի անգամ երկու օր, եթե հացադուլը չդադարեցնի:
Նա նույնպես բարձրաձայնում է վիրահատության մասին:
Նրա բողոքում էլ նշված էր, որ ծնոտն ու ոտքերի կեսը չկա:
43-ամյա դատապարտյալն ասում է, որ իր ոչ մի օրգանը չի գործում, նույնիսկ ի վիճակի չէր հացի խմորը ծամելու:

Նրան դատապարտել էին 2 տարի ժամկետով ազատազրկման, մնացել էր 4 ամիս պատիժը կրելու:

2 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտվել 25-ամյա Վահե Անդրեասյանը: Նա նույնպես բարձրացրել է իրեն վիրահատելու հարցը: Նրա ծնոտը նույնպես փտած է, իր ասելով՝ կան քաղցկեղածին երեւույթներ: Եվ եթե փտած հատվածը չվիրահատեն, այն կտարածվի: Վահեն դատապարտվել է գողության համար, իր ասելով, ոչ մարդասպան է, ոչ ծանր հանցագործության համար դատապարտված, սակայն չի հասկանում իր նկատմամբ դրսեւորվող անտարբերության պատճառը: Ըստ նրա՝ մատները նույնպես չեն աշխատում:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից «Առավոտի» ուղարկած հարցերին պատասխանեցին, որ այո, նշյալ դատապարտյալները գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոցում». «Վահե Անդրեասյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ է ընդունվել 18.05.16թ., ներկայիս գործով դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 177հ. 2 մաս, 3 կետ, նախկինում 1 անգամ դատված, Արմեն Մկրտչյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ է ընդունվել 16.06.15թ., ներկայիս գործով դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268հ. 1 մաս, նախկինում 3 անգամ դատված, Արթուր Գասպարյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ է ընդունվել 20.07.16թ., ներկայիս գործով դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268հ. 1 մաս, Հարություն Կողպեցյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ է ընդունվել 20.05.16թ., ներկայիս գործով դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 266 հ. 1 մաս, նախկինում 4 անգամ դատված»:
Ըստ ՔԿՀ-ի, վերոնշյալ դատապարտյալներն ունեն ծնոտների խրոնիկական օստեոմիելիտ հիվանդությունը. «Նրանք ստացել են դիմածնոտային եւ անոթային վիրաբույժների, ինչպես նաեւ օրթոպեդ-վնասվածքաբանի խորհրդատվություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ անհրաժեշտություն կա պլաստիկ վերականգնողական վիրահատության: Վերը նշված վիրահատական միջամտությունը ներառված է ՀՀ առողջապահության նախարարի 2013թ. սեպտեմբերի 28-ի թիվ 57-Ն հրամանի 2-րդ հավելվածի 5-րդ կետի` նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների ցանկում (Ի դեպ, պարզվեց, որ այդ հրամանի համաձայն, նման դեպքում պետպատվեր նախատեսված չէ-Ռ.Մ.):

Դատապարտյալները գտնվում են բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության ներքո, ստանում են սիմպտոմատիկ բուժում»:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

17.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930