Տիգրան Դավթյանը ոչ միայն հաստատություն է ղեկավարում,
այլեւ վարպետության դասեր տալիս
Օպերային արվեստի երկրպագուներին ծանոթ է Տիգրան Դավթյանի անունը: Ազգային օպերային թատրոնում նա ժամանակին հանդես է եկել Մոսիի (Տիգրանյան՝ «Անուշ»), Ժերմոնի (Վերդի՝ «Տրավիատա»), Դան Կաիրոյի (Բիզե՝ «Կարմեն») եւ բարիտոնի համար գրված այլ դերերգերով: Քանիցս հրավիրվել է այլ թատրոններ, իսկ Կիեւի օպերային թատրոնում կերտել է Տոնիոյի կերպարը Լեոնկավալոյի «Պայացներում» եւ այլն:
Արվեստագետը ընթացիկ ուսումնական տարվա սկզբից հանդիսանում է Երեւանի էստրադային եւ ջազային պետական քոլեջի տնօրենը: Սա մի մշակութային ուսումնական օջախ է, որն իսկապես ունի հիանալի ավանդույթներ: Հիշեցնենք, որ երջանկահիշատակ երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ակսել Բակունցը, որը էստրադային արվեստի ոլորտում կադրերի պատրաստման գործում մեծ ավանդ ունի, դեռեւս 1970-ականների վերջերին «Հայհամերգին» կից հիմնեց էստրադային ստուդիա, որը հետագայում վերանվանվեց էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջ:
Սովորաբար նոր տնօրեն նշանակվելու դեպքում երկու մոտեցում է լինում՝ ոչ մի բանի «ձեռք չի տալիս», երկրորդ՝ ինչը մեզանում տարածված է՝ սկսում է կադրային «ջարդ»: Վերջինս «Առավոտի» հետ զրույցում հերքեցին քոլեջի սաները՝ Մեսրոպ Հայրապետյանն ու Կարլ Մանուկյանը, որոնց հանդիպեցինք քոլեջի իրենց դասախոսի՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային երեկոյին: Նրանց խոսքերով՝ «ոչ միայն բոլոր դասախոսներն են իրենց տեղերում, այլեւ վերջապես վերանորոգվել է քոլեջը, աստիճանները հիշեցնում են դաշնամուրի ստեղնաշար, պատերին հայտնվել են էստրադային ու ջազային արվեստի որոշ դեմքերի նկարներ: Կարճ ասած՝ քոլեջում վերջապես արվեստի շունչ է զգացվում»: Նրանց տեղեկացմամբ, քոլեջի տնօրենը անցկացնում է նաեւ վարպետության դասեր: Ուսանողները հպարտորեն փաստեցին, որ Տիգրան Դավթյանը մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, պարգեւատրվել «Դրաստամատ Կանայան» մեդալով:
«Առավոտի» հետ զրույցում Տիգրան Դավթյանը շտապեց հայտնել, որ նոյեմբերի 22-ին, Ակսել Բակունցի ծննդյան 70-ամյակի առիթով քոլեջում կտեղադրվի նրա կիսանդրին, որը տաղանդավոր քանդակագործ Դավիթ Բեջանյանի աշխատանքն է: Հետաքրքրությանը՝ ինչպե՞ս են իր հարաբերությունները քոլեջի հարեւանի՝ Բեջանյանի տիկնոջ՝ Նադեժդա Սարգսյանի հետ (վերջինս Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրենն է), նորանշանակ տնօրենը հակիրճ պատասխանեց՝ հիանալի:
Կարդացեք նաև
Խոսելով իր ղեկավարած քոլեջի մասին, մեր զրուցակիցը ներկայացրեց, որ գործում են 6 հիմնական բաժիններ՝ երգեցողություն, գործիքային կատարողական արվեստ, պարարվեստ, ռեժիսուրա, էստրադային արվեստ եւ դերասանական արվեստ, որոնցում սովորում է 186 ուսանող, 60-ը՝ մարզերից: Ասաց նաեւ, որ ցանկություն ունի հենց հաջորդ ուսումնական տարում քոլեջում տեսնել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների շնորհալի ներկայացուցիչների:
Ինչ վերաբերում է իր կողմից կադրային ջարդ չիրականացնելուն, մեր զրուցակիցը հավաստիացրեց. «Ծնողներս մանկավարժներ են եւ ես գիտեմ մանկավարժի հարգը: Լավ կլիներ, որ մեր երկրում էլ մանկավարժն ու բժիշկը արժանավայել աշխատավարձ ստանան: Շատ եմ ուզում, որ լինի մեկենասության եւ հովանավորչության մասին օրենք, ստեղծվի այն արժեհամակարգը, որ բիզնեսմենը կամավոր օժանդակի արվեստին: Ինչ վերաբերում է մեր օջախում կրթության որակը խթանելուն, հնարավորինս արագ պետք է լուծվի ձայնագրման ստուդիայի հարցը եւ հիմնվի ուսումնական կարիերայի կենտրոն»:
Հետաքրքրվեցինք՝ վերանորոգման աշխատանքները քոլեջի բյուջեի հաշվի՞ն էին եւ կարճ ժամանակահատվածում ի՞նչ է հասցրել իրականացնել: «Մեր դեպքում ես վերանորոգում բառը կփոխարինեի մասնակի բարեկարգում արտահայտությունով: Ուսանողների կյանքը քոլեջից դուրս առաջիկայում էլ ավելի կաշխուժանա: Իսկ մինչ այսօր մեր երգիչ ուսանողները, իհարկե՝ պաշտպանության նախարարության հետ պայմանավորվածության արդյունքում, հանդես են եկել զորամասերում: Առաջին փորձերն են անցկացնում նորաստեղծ ջազ անսամբլն ու երգչախումբը, օրերս էլ ուսանողների հետ հանդիպման ենք հրավիրել կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանին»,- հավաստիացրեց պարոն Դավթյանը, առանց մանրամասնելու էլ նշեց, որ 2007թ. գարնանից ունեն տարբեր մրցույթների հրավերներ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
17.11.2016