Դեկտեմբերին ամերիկացիները $655.8 միլիարդ են ծախսելու Սբ. Ծննդյան տոների նվերների ու զարդարանքների վրա, որից 95 միլիարդը ծախսվելու է ինտերնետում (eMarketer): Այս 95 միլիարդ դոլարից որքա՞նը կարող ենք բերել Հայաստան: Եթե ճիշտ նպատակ դնենք, ապա կարող ենք մեր տնտեսության մեջ եւ թռիչք անենք, եւ շատ աշխատատեղեր ստեղծենք, եւ որակ փոխենք:
e-Commerce – Ինտերնետային մանրածախ առեւտրի չօգտագործված հնարավորությունը
Այն ճանապարհը, որ ես կշարադրեմ այստեղ, ներուժն է ու հնարավորությունը: Դրա համար վերնագրում գրեցի «կարելի է», ու այն կարող է մեկ ամսվա ընթացքում եռապատկել կամ նույնիսկ քառապատկել մեր պետական բյուջեն, քանի որ անցած ճանապարհ է՝ փորձված ու հաջողված: Խոսքս ինտերնետային մանրածախ առեւտրի մասին է, հատկապես Սբ. Ծննդյան տոների շեմին: Տնտեսության այս ճյուղը կարող է ճեղքել ամեն մի շրջափակում եւ չի պահանջում նախնական մեծ կապիտալ: Պարզապես անհրաժեշտ է մի քիչ խելամտություն, ժողովրդին սովորեցնել գործարարության (օրինակ՝ հեռուստատեսային ծրագրերի միջոցով) եւ շատ փոքր կապիտալ: Կարող եք նաեւ ընկերներով սկսել:
Ըստ Ամերիկյան ազգային մանրածախ առեւտրականների ֆեդերացիայի (National Retail Federation)՝ 2016 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ամերիկացիները 655.8 միլիարդ դոլար են ծախսելու Սբ. Ծննդյան տոների նվերների ու զարդարանքների վրա, որից 95 միլիարդը ծախսվելու է ինտերնետում: Ես չկարողացա գտնել, թե ինչքան են եվրոպացիները ծախսելու Ծննդյան տոների նվերների ու զարդարանքների վրա այս տարի, բայց քանի որ նրանց շուկան ամերիկյանից մի քիչ ավելի մեծ է, եկեք ենթադրենք, որ մի այդքան էլ եվրոպացիները կծախսեն: Միայն ԱՄՆ-ում, 95 միլիարդը ծախսվելու է ինտերնետում, իսկ սա նշանակում է, որ այլեւս կարեւոր չէ, թե ապրանքը որտեղից է գալիս: Սահմաններն այստեղ քանդվում են: Այս թվերը տարեցտարի աճել են եւ տենդենցը շարունակվում է:
Կարդացեք նաև
Հրաշալի մարտահրավեր
հայ երիտասարդի համար
Ի՞նչ է պահանջվում, որ այդ 95 միլիարդից գոնե 5 միլիարդը գա Հայաստան: Պատկերացնում եք՝ քանի մարդ աշխատանք կունենար, եթե մենք հավելյալ 5 միլիարդ դոլարի ապրանք արտադրեինք ու փոստով առաքեինք ԱՄՆ մեկ ամսվա ընթացքում: Սա նոր հնարավորությունների հրաշալի մարտահրավեր է քեզ, հայ երիտասարդ, հայ ձեռնարկատեր: Այստեղ պայմանները հավասար են, մրցակցությունն արդար, իսկ մեր երկիրն իր էժան աշխատուժի առկայությամբ ունի ակնհայտ առավելություն:
Ի՞նչ է անհրաժեշտ
սկսելու համար
1. Վեբ կայք -Ընդամենը մի քանի հարյուր դոլարով դուք կարող եք ունենալ պարզ ու սկսնակ վեբ կայք, ավելի բարդ ու առաջացած կայքերի համար դուք հավանաբար պետք է ծախսեք 1-3 հազար դոլար: Ձեր վեբ կայքն անպայման պետք է ունենա ինտերնետային առեւտրի հնարավորություն (e-commerce solution): Սա բարդ բան չէ, եթե գիտեք՝ ինչ եք անում: Ձեր վեբմաստերն այս հարցը կլուծի: Շատ լավ կլինի, եթե ձեր կայքը մոբիլ-ով առեւտուր անելու հնարավորություն ունենա (mobile-enabled): Սա ավելի շուտ մարկետինգի հարց է եւ այս հոդվածի շրջանակից դուրս, սակայն mobile-enabled կայքն այսօր այնքան կարեւոր է, որ գոնե նշենք այստեղ այդ մասին:
Ուրիշ որտեղ կարելի է վաճառել մեր ապրանքը: Ավելի լավ ու անվճար տարբերակներ
Եթե չունեք վեբ կայք, բայց ունեք ապրանք, դուք կարող եք նաեւ ձեր ապրանքը վաճառել արդեն լավ հաստատված մեծ առեւտրական վեբ կայքերում: Օրինակ, Amazon.com-ն ունի «Վաճառիր Amazon-ում» կարելիությունը (Sell on Amazon): Սա շատ լավ հնարավորություն է հենց հիմա ձեր ապրանքն այնտեղ վաճառելու համար: Հաջորդ լավ հնարավորությունն է eBay-ը. eBay-ում ձեր ապրանքը վաճառվում է աճուրդի միջոցով: Հազարներով անհատ մարդիկ մեկ միլիոն դոլարից ավելի եկամուտ են ապահովել eBay-ի միջոցով: Նաեւ կարող եք վաճառել Etsy.com-ում: Նմանատիպ շատ ճանաչված կայքեր կան եւ Ռուսաստանում, եւ Եվրոպայում, եւ ցանկացած երկրում, որի լեզուն դուք գիտեք: Այս կայքերում վաճառելն անվճար է: Իրենք 2-4 տոկոս են վերցնում միայն, երբ ձեր ապրանքը վաճառվում է: Դուք ոչ մի ռիսկ չունենք, ոչինչ չեք կորցնում:
2. Ապրանք – Ձեզ պետք է ապրանք, որ վաճառեք ձեր կայքի միջոցով ու առաքեք փոստով: Հաշվի առնելով, որ մեր երկրում մեծ քանակությամբ մարդիկ աշխատանք են փնտրում, դուք պետք է գտնվեք մրցունակ վիճակում՝ արագ ու էֆեկտիվ արտադրություն կազմակերպելու համար: Հատկապես, եթե ձեռքի աշխատանք եք կազմակերպում եւ այն հիմնում շրջաններում: Լավ գործ արած կլինեք՝ մարդկանց իրենց հողին կապելով: Դուք չեք պատկերացնի, թե ինչ են գնում մարդիկ Ծննդյան տոների նախաշեմին: Մի անգամ տեսա գեղեցիկ ձեւավորված մի եղեւնու պարզ ճյուղ, որը խանութում դրված էր 90 ԱՄՆ դոլարով:
Դա պարզապես զարդարանքի համար էր:
Ի՞նչ արտադրել ու վաճառել
Ընտրեք կամ արտադրեք ապրանք, որ այս տոնական շրջանին ավելի պահանջված են: Հաշվի առեք, որ դուք այդ ապրանքը առաքելու եք փոստով: Հետեւաբար, ընտրեք այնպիսի լուծումներ, որ ձեր ապրանքի առաքման ծախսի հետ միասին կունենա ավելի մրցունակ գին, քան ԱՄՆ-ում կամ Եվրոպայում վաճառվող նույնատիպ ապրանքը: Ուսումնասիրեք ամերիկյան եւ եվրոպական ապրելակերպն ու սովորույթները: Տեսեք՝ ինչ են առնում, ինչ են նվիրում, ինչպես են զարդարում իրենց տներն այս տոնական սեզոնին: Օրինակ, կարող եք սկսել, ինտերնետում փնտրելով՝ Best Christmas Gift Ideas կամ Top Selling Christmas Gifts:
Ինչը կարող Է խանգարել. դիմում կառավարությանը
PayPal համակարգի ոչ ամբողջական գործումը մեր հայրենիքում կարող է խոչընդոտել այս գործին: Եթե մեր կառավարությունն ուզենա Հայաստանում մեծ թափով խթանել ինտերնետային մանրածախ առեւտրի արտահանումը, ապա շատ անհրաժեշտ է, որ բանակցի PayPal-ի հետ, որպեսզի նրանց քաջալերի ամբողջապես գործել Հայաստանում: Հիմա PayPal-ի հայաստանյան օգտատերերը կարող են PayPal-ով վճարել, բայց չեն կարող վճար ստանալ: Մինչդեռ PayPal-ն աշխարհի ամենատարածված ու ամենաապահով վճարման համակարգն է, որ չի պահանջում Credid Card վճարի համար: Իսկ սա կտրուկ բարձրացնում է վստահությունը վաճառողի նկատմամբ ու ավելացնում վաճառքի քանակը: Բայց քանի դեռ PayPal-ը լիարժեք չի գործում Հայաստանում, դուք կարող եք օգտագործել
ա. ռուսական կամ վրացական բանկ ու դրանով PayPal
բ. 2checkout.com կամ սրա նման այլ ծառայություններ
գ. iDram.am, որի միջոցով կկանխիկացնեք PayPal-ի վրա եղած գումարը:
Ամփոփում
Այս հոդվածի վերնագիրն է «Թե ինչպես կարելի է կրկնապատկել հայոց բյուջեն դեկտեմբերին»: Խոսքն անշուշտ չի վերաբերում այս դեկտեմբերին, թեեւ մեր ազգի գործարարական ջիղն ու միտքն արագ աշխատեցնելու դեպքում մեծ հաջողություններ կարելի է արձանագրել հենց այս տարի, ինտերնետային առեւտրի ասպարեզում: Հիմա կասեք, ինչպե՞ս կարելի է մի քանի կամ մի քանի տասնյակ այսպիսի բիզնեսների միջոցով կրկնապատկել մեր պետության բյուջեն մեկ ամսվա ընթացքում: Լավ… թող չլինի մի քանի տասնյակ, այլ մի քանի տասնյակ հազար երիտասարդական փոքր բիզնեսի ձեռնարկներ, քանզի փոքր բիզնեսի հաջողությունը տնտեսության ողնաշարի առողջությունն է: Բայց ահա մի քանի թվեր, թե միայն ԱՄՆ-ում անհատ խանութներ ինչ առեւտուր են գրանցել միայն ինտերնետում, միայն իրենց վեբ կայքի միջոցով: Իմիջիայլոց, սրանց ապրանքների առյուծի բաժինը չի արտադրվում ԱՄՆ-ում:
Amazon.com-ը 2015 թվականի 4-րդ եռամսյակում (տոնական առեւտրի եռուն շրջանը) ունեցել է 35.75 միլիարդ դոլարի եկամուտ: Սա 22 տոկոս աճ էր նույն ժամանակահատվածի 2014 թվականի արդյունքի վրա: eBay-ը 2015 թվականի 4-րդ եռամսյակում վաճառել է 21.9 միլիարդ դոլարի ապրանք:
Macys.com-ը 2014 թվականի 4-րդ եռամսյակում ինտերնետային վաճառքով ապահով է 4.15 միլիարդ դոլարի եկամուտ:
Այս ցուցակը կարող է շատ երկարել: Ո՞րը գրեմ: Սակայն արդեն պարզ է, որ եթե մենք սկսենք եւ շուտով Հայաստանում ունենանք մի քանի այսպիսի ինտերնետային մանրածախ ձեռնարկություններ (online retailers), ապա շատ արագ միայն այս մրցունակ սեկտորի միջոցով կարող ենք կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել մեր պետական ազգային հարստությունը, բազում աշխատատեղեր ստեղծել մեր երկրում եւ ծաղկուն ապագա՝ մեր հայրենակիցների համար: Իսկ թե ինչպես սկսած փոքր կամ միջին ինտերնետային առեւտրով զբաղվող վեբ կայքերը հասցնել eBay-ի կամ Amazon.com-ի մեծությանը, դա արդեն մարքետինգի հարց է եւ մի նոր հոդվածի նյութ: Իսկ կարեւորը սկսելն է ու այս սեկտորը զարգացնել Հայաստանում:
Amazon.com, Etsy.com, eBay.com եւ սրանց պես այլ կայքերում մեր արտադրած ապրանքներն անվճար վաճառելու համար նույնիսկ նախնական կապիտալ չի պահանջվում, այլ գիտություն, ցանկություն, եռանդ ու գործարարական ջիղ: Եկեք թեւերներս քշտենք ու կպչենք գործի: Իսկ որպեսզի մեր երիտասարդությունն ավելի իմանա այս բաների մասին, մամուլով ու հեռուստատեսությամբ թող գործարարության մասին շաբաթական հաղորդումներ կազմակերպվեն ու խոսվեն այս բաների մասին: Երեւանում, գյուղերում, շրջաններում երիտասարդները կոգեւորվեն ու կսկսի գործել հայկական գործարարական հնարամտությունը:
Այս գաղափարի իրագործումն ամիսների ընթացքում կարող է շուռ տալ Հայաստանի տնտեսության ողնաշարը: Հայ մարդը կարող է սա անել:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
https://www.facebook.com/armen.hareyan
«Առավոտ»
17.11.2016
Հիմնական պրոբլեմը առաքումն է… Մանավանդ տոների կապակցությամբ առևտուր անողը շաբաթներով չի սպասի… Իսկ արագ առաքում Հայաստանում կամ բացակայում է կամ ոսկու գին ունի… Բացի դրանից, պետք է ճշտել արդյոք Հայաստանից ուղարկված ապրանքի համար գնորդը մաքսատուրք վճարելու՞ է թե՞ ոչ… Սա կարող է քաշքշուկի ու տրամաբանությունից դուրս լրացուցիչ ծախսերի առիթ հանդիսանալ… Մի խոսքով, այդքան էլ պարզ ու միանշանակ չէ… Բայց իհարկե գրագետ գործելու դեպքում, արժե փորձել…