Խնձորը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք դադարեցնում են աղիքների եւ լյարդի քաղցկեղի բջիջների աճը
Խնձորը պատկանում է առաջատար մրգերի խմբին, որոնք հայտնի են իրենց օգտակարությամբ եւ բուժիչ նշանակությամբ: Այն պարունակում է 80 տոկոս ջուր, իսկ մնացած 20 տոկոսը՝ օգտակար նյութեր: Ինչպես նաեւ բջջանյութ, օրգանական թթուներ, կալիում, կալցիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, յոդ, վիտամիններ A, B1, B3, PP, C եւ այլ օգտակար նյութեր:
Խնձորը օժտված լինելով ցածր կալորիականությամբ՝ իդեալական միրգ է դիետա պահողների համար: Անգլիական առածն ասում է` «Երբ օրական մեկ խնձոր ուտեք` հեռու կմնաք բժշկից»:
Մասնագետները նշում են, որ օրական 3 խնձոր ուտելով` մեկ ամսվա ընթացքում օրգանիզմի մեջ զգալի կնվազի խոլեստերինի տոկոսը։ Խնձորի մեջ պարունակվող բնաթելերը կանոնավորում են սպիների եւ երիկամների գործունեությունը։
Ժողովրդական բժշկության մեջ խնձորի հյութն օգտագործվում է ստամոքսաաղիքային հիվանդությունների բուժման ժամանակ։ Ունի հակաբորբոքային եւ հակամանրէային հատկություններ։ Մրսածության եւ խռպոտության դեպքում օգտակար է խնձորի չորացրած տերեւներից պատրաստած թուրմը, որը խմում են տաք վիճակում, կես բաժակ` յուրաքանչյուր կես ժամը մեկ։ Թուրմը պատրաստել 1:10 հարաբերությամբ։
Խնձորը իր մեջ պարունակում է նաեւ քիչ քանակությամբ ֆլիվոր կոչվող նյութ, որը ապահովում է ատամների առողջությունը` պաշտպանելով փտախտից:
Կարդացեք նաև
Այն նաեւ փորկապության համար լավագույն միջոցն է համարվում, որի համար հարկավոր է ամեն առավոտ սոված փորին 1-2 թթու խնձոր ուտել: Ավելին, խնձորը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք դադարեցնում են աղիքների եւ լյարդի քաղցկեղի բջիջների աճը: Այնպես որ, աղիքային խնդիրները բացառելու համար 1-2 խնձորը կդառնա բավարար, իսկ առավել լավ արդյունք ստանալու համար, անհրաժեշտ է որոշ ժամանակ շաբաթը մեկ օր հայտարարել խնձորի օր:
Հարբուխի դեմ կարելի է պայքարել նաեւ խնձորով։ Կտրատել 3 խնձոր, լցնել եռացող 2 բաժակ ջրի մեջ եւ եփել 20 րոպե, քամել։ Յուրաքանչյուր բաժակին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր եւ խմել օրվա ընթացքում։
Խնձորը օգտակար է ոչ միայն նրանց, որոնք տարբեր հիվանդություններով են տառապում, այլ նաեւ առողջ մարդկանց: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նրանում պարունակող վիտամին A-ն 50 տոկոսով ավելի շատ է, քան նարինջի մեջ:
Հազվադեպ հանդիպող վիտամին G-ն խնձորի մեջ ավելի շատ է, քան որեւէ այլ մրգի: Այն համարվում է «ախորժակի վիտամին» եւ ապահովում է նորմալ մարսողություն եւ երեխաների դեպքում` նաեւ աճ:
Գիտնականները կարծում են, որ խնձորի սերմերը պարունակում են կենսաբանական ակտիվ նյութեր, վիտամիններ եւ ֆերմենտներ, որոնք կանխում են քաղցկեղը: Մասնագետները համարում են նաեւ, որ 5-6 խնձորի սերմեր ուտելը բավարարում է օրգանիզմի օրական յոդի պահանջը:
Հարկավոր է հիշել, որ խնձորի կեղեւի մեջ խտացված է նրա սննդային բոլոր արժեքները, հետեւաբար խորհուրդ է տրվում այն ուտել կեղեւով։
Օգտակար է իմանալ, որ մաքրած խնձորները չեն սեւանա, եթե վրան կիտրոնահյութ ցանեք կամ մինչեւ եփելը պահեք թույլ աղաջրի մեջ։ Թառամած խնձորը կվերականգնի նախկին տեսքը, եթե մի քանի ժամ պահեք ջրի մեջ: Խնձորի կեղեւը հեշտ կմաքրվի, եթե 2-3 վայրկյան դնեք եռացրած ջրի մեջ։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
17.11.2016