Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱԳՆԱ

Նոյեմբեր 18,2016 10:30
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հիսունիններորդ

ԱՐՏԱԳՆԱ

Չնայած Օրթախի ու ամենօրյա մեր էդ սրճարանային հանդիպումների մասին էս վեպիս մեջ լիքը գրել եմ, եւ չնայած խոստացա այլեւս դրանց չանդրադառնալ, այդուհանդերձ, ինչպես տեսնում եք, լավ էլ անդրադառնում եմ, եւ չնայած ջութակահար Կառլոսին էլ խոստացել եմ էս այսուհանդերձներից ու այդուհանդերձներից վազն անցնել, ինչպես տեսնում եք, էդ խոստումս էլ բացարձակապես չեմ կատարում, իսկ ինչ  վերաբերում է օրթախականներին ու մեր ամենօրյա իրիկնային սրճարանային հավաքներին, ստիպված եմ եւս մի քիչ դրանց անդրադառնալ՝ ոչ միայն էն պատճառով, որ ճարտարապետ Կորյունի շնորհիվ մեր շրջապատը միանգամայն նոր ու միանգամայն թարմ գույներով է հարստացել, այլեւ էն պատճառով, որ ճարտարապետ Կորյունի հայտնվելով՝ մեր էդ շրջապատում տեղի ունեցավ էնպիսի մի բան՝ ինչպիսին երբեւէ տեղի չէր ունեցել, եւ էդ ասածս տեղի ունեցավ մեր էդ վերջին խաշի օրը, ավելի ճիշտ՝ մեր էդ վերջին խաշի օրն էր տեղի ունեցել, բայց մենք դրա մասին մի օր հետո իմացանք, եւ որպեսզի էս պատմությունն էլ հորովմորով անեմ ու օրթախականներից առժամանակ վազն անցնեմ, պիտի մի քիչ հեռվից սկսեմ, եւ մի քիչ հեռվից սկսելով՝ պիտի ձեզ տեղեկացնեմ, որ օրթախականների հավաքների  աշխարհագրությունը կինո «Նաիրիի» շրջակայքի էդ սրճարաններով չի սահմանափակվում, եւ հատկապես ձմռան ամիսներին խաշի առիթներով բավական  ընդլայնվում է, իսկ գարնան եւ մանավանդ ամռան ու աշնան ամիսներին  առավել եւս է ընդլայնվում՝ արտագնա հավաքների ու էքսկուրսիաների տեսքով, եւ բնականաբար էդ էքսկուրսիաներին  ոչ բոլոր օրթախականներն են մասնակցում, եւ «բնականաբար» եմ ասում, որովհետեւ մեր տրամադրության տակ լավագույն դեպքում երկու ավտոմեքենա է լինում, իսկ վատագույն դեպքում ընդամենը մեկը՝ Սերոբինը. այսինքն,  լավագույն դեպքում մենք ամենաշատը տասը հոգով ենք քաղաքից դուրս գնում, իսկ վատագույն դեպքում ու սովորաբար՝ ընդամենը հինգ հոգով, մինչդեռ սրճարանային մեր ամենօրյա հավաքներում առնվազն տասնհինգ հոգի լինում ենք, ավելի ճիշտ՝ ոչ թե միանգամից  տասնհինգ հոգի ենք ներկա գտնվում ամենօրյա մեր էդ սրճարանային հավաքներին, այլ՝ ընդհանուր առմամբ. այսինքն,  ոչ բոլորս ենք պարտադիր ամեն օր ներկա լինում, բացի, թերեւս, Օրթախ Աբոյից. այսինքն,  ընդհանուր առմամբ օրական ամենաշատը տասը հոգի ենք լինում, եւ հազվադեպ է պատահում, որ ներկաներիս թվաքանակը տասից անցնում է, եւ եթե պատահում է, էդ օրը տվյալ սրճարանում էնպիսի աղմուկ է բարձրանում, որ նկարագրելն անգամ դժվար է, եւ չնայած օրթախականներս իրարից էապես ենք տարբերվում՝ բնավորությամբ եւ մեր քաղաքական ու գեղագիտական հայացքներով, այդուհանդերձ, մի հարցում իրար շատ ենք նման. բոլորս էլ չափազանց բարձր՝ համարյա գոռալով ենք խոսում, եւ չնայած գոռալով խոսելու հարցում մյուսներս էապես ենք Ջոնին ու Արշակին զիջում, այդուհանդերձ, մյուսներիս ձայներն իրենց գոռգոռոցներին գումարվելով՝ ավելի ու ավելի մեծ աղմուկ են առաջացնում, եւ չնայած սրճարանի պատասխանատուները բազմիցս են մեզ դիտողություն արել գոռգոռալու համար, սկզբներում մենք էդպիսի դեպքերում ուղղակի ամոթից գետինն էինք մտնում եւ բոլորս էլ ամոթից կարմրում էինք, եւ բոլորի կարմրելն անձամբ էի տեսնում, եւ չնայած իմ կարմրելը չեմ տեսել, համոզված եմ, որ ինքս էլ կարմրած կլինեմ, մանավանդ որ՝ առանց էդ էլ եմ կարմիր, եւ չնայած Արշակի կարմրելն էլ չեմ տեսել, ենթադրում եմ, որ ինքն էլ էր ամաչում, եւ չնայած իր սեւության պատճառով իր կարմրելը չի նկատվում, եւ չնայած իր ամաչելն էլ առանձնապես չեմ նկատել, ենթադրում եմ, որ ինքն էլ պիտի ամաչեր, եւ սա ընդամենը ենթադրությունս է, որովհետեւ էսքան տարի իր սեղանակիցը լինելով՝ դժվարանում եմ ասել թե՝ ինքն ինչից է ամաչում եւ ինչից՝ չէ, եւ վերջերս ամաչելու առիթներ առանձնապես չենք էլ ունենում, որովհետեւ արդեն մի տարուց ավելի է՝ տեղներս  փոխել ենք:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930