Նոյեմբերի 17-ին կայացավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի ավարտից հետո իշխող կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ՀՀԿ-ական դառնալու թեմային, Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ այդ մասին Վիգեն Սարգսյանն արդեն հայտարարել է, ըստ որի նախարարի պաշտոնը քաղաքական է ենթադրում է քաղաքական պատասխանատվություն, ու հենց դրանով է պայմանավորված ՀՀԿ-ին անդամակցելու իր որոշումը:
«Սահմանադրական բարեփոխումներից հետս անհնար է դառնում լինել քաղաքական գործիչ, բայց չլինել կուսակցական: «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է», 20-րդ դարի լոզունգ է: Եթե դու ուզում ես զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետք է որեւէ կուսակցության անդամակցես»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Վիգեն Սարգսյանի մասին էլ հավելեց, որ նա երկար տարիներ զուգահեռ քայլել է ՀՀԿ-ի հետ եւ եղել է համախոհ: «Գործնականում Հայաստանի Հանրապետությունում անկուսակցական քաղաքական գործիչները, չեմ ուզում ասել, թե ապագա չունեն, բայց եթե ուզում են զբաղվել քաղաքականությամբ, պետք է լինեն կուսակցական» ,- շեշտեց ԱԺ փոխխոսնակը:
Ինչ վերաբերում է նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարին, Էդուարդ Շարմազանովի խոսքով, կուսակցության նախագահ է ընտրվելու Սերժ Սարգսյանը, եւ դա բոլոր Հանրապետականների ցանկությունն է: Նրա ձեւակերպմամբ, «Հանրապետականը մեկ լիդերի կուսակցություն է եւ մնալու է այդպիսին»:
Կարդացեք նաև
Նա նաեւ տեղեկացրեց, որ համագումարին կմասնակցեն տարբեր կուսակցություններ. մասնավորապես «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունը կունենա երեք հոգանոց պատվիրակություն, մյուսների մասին ավելին չեմ կարող ասել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ