«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանն անընդունելի է համարում Հայաստանի զորքերի միավորված խմբավորման ստեղծման շրջանակում այդ խմբավորման մեջ Հայաստանի հինգերորդ բանակային կորպուսի ներառելը, որը, տվյալ պարագայում, ըստ Իոաննիսյանի, լինելու է ՌԴ ենթակայության տակ:
«Պատերազմի կամ պատերազմի վտանգի ժամանակ այն ենթարկվելու է ՌԴ Զինված ուժերին: Զինված ուժերն արդի են, ու կարեւոր է՝ ում են ենթարկվում պատերազմի եւ ոչ թե խաղաղ ժամանակ: Եվ ստացվում է, որ հայկական զինված ուժերի հինգ բանակային կորպուսներից մեկը պատերազմի կամ պատերազմի վտանգի ժամանակ պետք է ենթարկվի ուրիշ պետությանը: Միացյալ զորախմբում լինելու է նաեւ ՌԴ 102-րդ ռազմաբազան, ռազմաբազան չէ, ՌԴ բոլոր միջուկային հրթիռներն էլ լինեն համատեղ զորախմբում, ոչինչ չի փոխվում, որովհետեւ այն ենթարկվելու է ՌԴ Զինված ուժերին: Ինձ համար հարց է՝ ինչու ՀՀ Զինված ուժերի, ըստ էության, մեկ հինգերորդը տալիս ենք Ռուսաստանին: Լինելու են մեր զինվորները, որոնք լինելու են Հայաստանի քաղաքացիներ, որոնք զորակոչվելու են Հայաստանից, տեխնիկան, իրենց ընթացիկ ծախսերը լինելու են Հայաստանի բյուջեի հաշվին, բայց պատերազմի դեպքում ենթարկվելու են ՌԴ-ին: ՌԴ-ն զորքի պակա՞ս ունի»,- Аravot.am-ի հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը:
Նրա հաջորդ հարցադրումը հետեւյալն էր՝ զորքերի միավորված խմբավորումն ո՞ւմ դեմ է գործելու. «Սիրիայում կամ Իրաքում իսլամիստների դեմ չէ դա, նրանք հեռու են, դա կարող է լինել Վրաստանի դեմ, ինչը ինձ համար մեծ խնդիր է: Ընդամենը ութ տարի առաջ ՌԴ-ն պատերազմում էր Վրաստանի հետ, փաստորեն, եթե լիներ համատեղ զորախումբ, ապա այդ զորախումբն անմիմիջապես անցնելու էր ՌԴ ենթակայության տակ, ու այդ էր պակաս, որ ՀՀ բանակային հինգերորդ կորպուսը Վրաստանի հետ զինված կոնֆլիկտում հայտնվեր, դա կլիներ ուղղակի Հայաստանի վերջը, կհասնեինք Հայաստանի շրջափակման կուլմինացիային, ինչը կարող էր բերել պետականության պահպանման հետ կապված խնդիրներ: Մյուս կողմից հարց է առաջանում՝ եթե այդ զորախումբը լինելու է Թուրքիայի դեմ, ապա արդյոք մտադիր ենք հարձակվել Թուրքիայի վրա: Սա խնդրահարույց է ՝ ում դեմ:
Ակնհայտ է՝ Ադրբեջանի դեմ չէ, առավել եւս, որ հինգերորդ բանակային կորպուսը տեղակայված է Հայաստանի Հյուսիս-Արեւմուտքում, հետեւաբար կամ Վրաստանի կամ Թուրքիայի դեմ է: Չեմ կարծում, որ եթե վաղը ՌԴ-ն որոշի Թուրքիայի հետ հարաբերությունները սրել, Հայաստանի զինված ուժերը պետք է ներքաշվեն կոնֆլիկտի մեջ:
Կարդացեք նաև
Կամ օրինակ, եթե Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսի Հայաստանի դեմ, ստացվում է Ռուսաստա՞նը պետք է հրամաններ տա Հայաստանի հինգերորդ բանակային կորպուսին: Մեծ վտանգ կա, կորպուսը ինչպես է օգտագործվելու Հայաստանի պաշտպանության համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ