Լրագրողները Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ հարեւանության ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանից հետաքրքրվեցին, թե Հայաստանի եւ Եվրամիության միջեւ շրջանակային նոր համաձայնագիրը ե՞րբ է կնքվելու: Նա պատասխանեց, որ հուսով է, որ բանակցությունները հաջորդ տարվա ընթացքում կավարտվեն եւ հետո պետք է անհրաժեշտ ընթացակարգային գործողությունները կատարեն:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ բանակցությունները մեկնարկել են 2015 թվականի դեկտեմբերին, որի ընթացքում քննարկումների 6 փուլ է տեղի ունեցել. «Բանակցային թիմերը առաջընթաց են գրանցել: Հաջորդ փուլը նախատեսված է դեկտեմբեր ամսին: Կարծում եմ եւս երկու-երեք փուլ եւ մենք կավարտենք բանակցությունները, եւ երբ որ մենք ավարտենք բանակցությունները, Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել: Իհարկե՛, մենք հասկանում ենք, որ Եվրամիությունը ներքին համաձայնեցման գործընթացի կարիք կունենամ, եւ հուսով ենք, որ այդ գործընթացն արագ կլինի, եւ Եվրամիությունն էլ պատրաստ կլինի ստորագրել»:
Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց այն հանգամանքը, որ երկու կողմերն էլ ցանկանում են, որ այդ նոր շրջանակային համաձայնագիրը հնարավորինս լիակատար արտացոլի այն հարաբերությունների որակը, խորությունը, լայն ծավալը, որն Հայաստանն ունի Եվրամիության հետ. «Շատ շուտով է դա լինելու»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ