Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակած վճռով մերժել է ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանի և նրա երեք նախկին գործընկերների հայցն՝ ընդդեմ Հայաստանի:
Թեմայի վերաբերյալ «Փաստինֆո» գործակալությունը բացառիկ հարցազրույց է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ:
«Հայցի մերժումը կարելի է արձանագրել որպես փաստ: Եվրոպական դատարան ներկայացրած գանգատում դիմումատուները պնդել էին, թե խախտվել է խոսքի ազատության իրավունքը և իրենց աշխատանքից ազատել էին իրենց կարծիքն ազատ արտահայտելու համար: Միաժամանակ, նշել էին, որ խախտվել է նաև արդար դատաքննության իրավունքը, որովհետև, ըստ դիմումատուների, արդար դատաքննություն չէր վարվել աշխատանքից ազատման հայցը վիճարկելու հարցում: ՀՀ կառավարության ներկայացրած առարկությունների հիման վրա Եվրոպական դատարանը համարեց, որ խախտում չկա: Մեր հիմնական փաստարկն այն էր, որ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում հստակ սահմանված է, որ դիվանագետները պետք է զերծ մնան քաղաքական գործունեությունից, այդ թվում՝ քաղաքական դիրքորոշումից: Այսինքն՝ նրանք ի սկզբանե, հանդիսանալով դիվանագետ, երբ դիմում էին նման քայլի, դրանով իսկ խախտում էին օրենքը»,-ասաց Գևորգ Կոստանյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Փաստինֆո»-ի կայքում: