Նոյեմբերի 16-ին Մոնղոլիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանն (նստավայրը՝ Պեկին) իր հավատարմագրերը հանձնեց Մոնղոլիայի Նախագահ Ցախիագիյն Էլբեգդորժին։
Արարողությանը հաջորդեց Նախագահի և դեսպանի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։ Մոնղոլական կողմն առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերեց նորագույն և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացման ուղղությամբ։
Դեսպան Մանասարյանն առանձնազրույց ունեցավ նաև Մոնղոլիայի ԱԳ նախարար Ցենդ Մունխ-Օրգիլի հետ: Կողմերն ընդգծեցին, որ խորհրդային տարիներին երկու երկրների միջև առկա է եղել համագործակցության բավական բարձր մակարդակ ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար ոլորտներում, որոնցից արժանահիշատակ է հատկապես բազմաթիվ մոնղոլ ուսանողների ուսանումնառության փաստը Խորհրդային Հայաստանի ԲՈՒՀ-երում։
Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու երկրներն այսօր էլ ունեն համագործակցության մեծ ներուժ՝ ընդգծելով վերջինիս լիարժեք կիրառման համար քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Նախարար Մունխ-Օրգիլն ընդգծեց, որ Մոնղոլիան հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հարցում և ակնկալում է Հայաստանի աջակցությունը հարցի դրական լուծման գործում։
Կարդացեք նաև
Նոյեմբերի 16-ի երեկոյան տեղի ունեցավ ընդունելություն` Մոնղոլիայում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման կապակցությամբ։
Նոյեմբերի 15-ին ՀՀ դեսպան Մանասարյանը հանդիպում էր ունեցել Մոնղոլիայի ԱԳ նախարարի տեղակալ տիկին Բատմունխ Բատցեցեգիի հետ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։
ՀՀ ԱԳՆ