Թե ինչ է նախատեսում հայ-ռուսական զորքերի միավորված խմբավորման ստեղծումը քաղաքագետ Արմեն Բադալյանը կասի, երբ ծանոթանա համապատասխան համաձայնագրի վերջնական տեքստին:
«Դժվար է ասել, թե կոնկրետ այդ խմբավորումն իրենից ինչ է ներկայացնելու:
Բայց մոտավորապես կարող ենք ասել, որ լինելու է այն, ինչ Հարավային Օսեթիայի զինված ուժերի հետ կատարվեց, այսինքն, երբ Հարավային Օսեթիայի զինված ուժերն ընդգրկվեցին ՌԴ ԶՈւ կազմում, իհարկե, Հարավային զինվորական օկրուգի ստորաբաժանման վերածվեցին: Դա, իհարկե, նպաստում է Հարավային Օսեթիայի անվտանգության պաշտպանությանը, միաժամանակ ուժեղացնում է ՌԴ ազդեցությունը Հարավային Օսեթիայի տարածքում, ըստ այդմ էլ նաեւ Անդրկովկասում: Նույնը տեղի կունենա նաեւ Հայաստանի զորքերի հետ… բնականաբար այդ գործընթացը կուժեղացնի ՌԴ ազդեցությունը հայկական զինված ուժերի վրա, միաժամանակ դա կնպաստի ՌԴ անվտանգության աճին»,- Aravot.am-ին ասաց քաղաքագետը:
Ըստ նրա, զորքերի միավորված խմբավորման ստեղծման արդյունքում Հայաստանի անվտանգության պաշտպանությունն էլ կուժեղանա. «Եթե գիտեն, որ Հայաստանի տարածքում գտնվում են ռուսական զորքեր, բնականաբար Հայաստանի վրա ոչ մեկ չի հարձակվի, իմ կարծիքով, ոչ մեկ չի էլ պատրաստվում հարձակվել Հայաստանի վրա: Խնդիրն այն է, որ այդ քայլն ուղղված է ՌԴ դիրքերը Հարավային Կովկասում ամրապնդելուն»:
Կարդացեք նաև
Պարոն Բադալյանը չբացառեց, որ միավորված խմբավորման ստեղծման արդյունքում ռուսական նոր ռազմաբազա Հայաստանում ավելանա, եւ դա, ըստ քաղաքագետի, կախված չէ ՀՀ նախագահի ցանկությունից. «Ինչ-որ Ռուսաստանին պետք լինի, Ռուսաստանը կանի, ու Հայաստանի նախագահի կարծիքը, մեղմ ասած, Ռուսաստանին չի հետաքրքրում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ