«Ինչպես նաեւ հուսով ենք մեկնարկել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը»
Նոյեմբերի 17-ին Երեւանում կայացել է Արեւելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպումը: Հանդիպումից հետո արտգործնախարարները լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեցին արդյունքները:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ արդյունավետ քննարկում են ունեցել Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության համար էական բոլոր ուղղություններով. «Հայաստանը կարեւորում է իր ներգրավվածությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում, եւ այսօրվա հանդիպման անցկացումը եղավ դրա հերթական վկայության:
Մենք անդրադարձանք Ռիգայի գագաթաժողովի արդյունքներին, այն կարեւոր հանդիսացավ Եվրոպական միության եւ գործընկեր երկրների հարաբերությունների զարգացման համար, իսկ դրա արդյունքում ընդունված համատեղ հռչակագիրը սահմանեց հիմնական ուղենիշները անդամ եւ գործընկեր երկրների միջեւ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ զարգացման համար: Վերջին 2 տարիներին Ռիգայի հռչակագրի դրույթների իրագործումը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում»:
Կարդացեք նաև
Նալբանդյանը ընդգծեց, որ Հայաստանը նախորդ տարվա ընթացքում տեսանելի արդյունքների է հասել. կայացել են Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցություններ, եւ կողմերին հաջողվել է առաջընթաց գրանցել. «Ակնկալում ենք առաջիկայում սկսել բանակցությունները ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու համար: Ինչպես նաեւ հուսով ենք մեկնարկել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ