Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Մարտիրոսյանի խիստ հանձնարարականը. բնակչությանը պատճառվող անհարմարությունները հասցնել նվազագույնի (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2016 18:44

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման լայնածավալ աշխատանքները, որոնք մեկնարկել են  այս տարվա սեպտեմբերին, շարունակվում են:

Հիմնանորոգման ընթացքին անձամբ ծանոթանալու նպատակով Լոռու մարզ այցելեց  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ճանապարհի շուրջ 90 կմ երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման ծրագրի շրջանակներում: Ծրագիրը բաժանված է 2 մասի և ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային և Ասիական զարգացման բանկերի կողմից։

1711201631

Ծրագրի առաջին մասի շինարարական աշխատանքներն ընդգրկում են միջպետական ավտոճանապարհի 38 կմ հատվածը: Նախարար Մարտիրոսյանը նշեց, որ Ասիական զարգացման բանկը հաստատել է նաև ծրագրի շարունակության համար անհրաժեշտ ֆինանսավորման տրամադրումը։ Առաջիկայում հայտարարվելու է շինարարական աշխատանքների կատարման մրցույթի մասին:

Ռելիեֆային առանձնահատկություններով պայմանավորված՝ ճանապարհի տարբեր հատվածներում  լայնությունը կկազմի 6-13 մ:  Նախարարը հրահանգեց քանդման աշխատանքների ընթացքում խիստ հսկողություն իրականացնել հատկապես անվտանգության խնդրի վրա:

Հիմնանորոգման ընթացքում իրականացվում են  հողային պաստառի վերականգնման, անվտանգության էլեմենտների տեղադրման, ճանապարհային պատվածքի վերակառուցման և նորոգման աշխատանքներ։

Նախատեսվում է հիմնանորոգել նաև միջպետական ճանապարհին գտնվող 3 թունելները, որոնցից երկուսը կվերանորոգվեն, իսկ երրորդն  ամբողջությամբ կվերակառուցվի՝ ապահովելով թունելի լայնության ու բարձրության համապատասխանությունը շինարարական նորմերով պահանջվող չափորոշիչներին:

Ճանապարհի 12 կամուրջներից 3-ը հիմնովին քանդվելու են և նորից կառուցվեն, մյուս 9-ը՝ կվերանորոգվեն:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի խոսքով` ճանապարհաշինական աշխատանքների այս փուլը կավարտվի 18 ամսվա ընթացքում, ինչպես  նախատեսված է ծրագրով:

«Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, որակի ու ժամկետների հետ կապված թերացումներ չենք ունենա», – վստահեցրեց Էմիլ Սարգսյանը:

Նախարար Վահան Մարտիրոսյանի  խիստ հանձնարարականն է նվազագույն անհարմարություն պատճառել շրջակայքի բնակչությանը, ենթակառուցվածքների տեղափոխման ընթացքում բնակիչներին ժամանակին իրազեկել կոմունալ ծառայությունների հնարավոր ընդհատումների մասին:

«Բոլոր միջոցառումները պետք է ձեռնարկվեն, որպեսզի բնակիչները ժամանակին տեղեկանան, թե ո՞ր ճանապարհահատվածն է փակ, ե՞րբ է ընդհատվելու ջրամատակարարումը, կամ կենցաղային ի՞նչ այլ անհարմարություններ են սպասվում»,- նշեց նախարարը:

33 համայնքներ և 167.000 շահառու բնակչություն ընդգրկող 90 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման և վերակառուցման հիմնական շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել սահմանված ժամկետներում:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում…

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930