Հետազոտության, գիտության և նորարարության հարցերին նվիրված Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման շրջանակում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ԵՄ հանձնակատարների և անդամ պետությունների կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Լրագրողների հետ հանդիպմանը մասնակցել և վերջիններիս հարցերին են պատասխանել Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Սլովակիայի կրթության, գիտության, հետազոտության և սպորտի նախարար Պետեր Պլավչանը, Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլիա Գրինևիչը, Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Թամազ Մարսագիշվիլին, Բելոռուսի Գիտության պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը և Մոլդովայի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Գեորգի Դուկան:
Նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման բոլոր կողմերին՝ ընդգծելով, որ քննարկումն անցել է բավականին արդյունավետ մթնոլորտում: «Մենք հավատում ենք, որ «Հորիզոն-2020»-ին անդամակցելուց հետո մեր բոլոր երկրները կունենան նոր հնարավորություններ՝ մեր գիտակրթական համակարգերը եվրոպական կառույցներին ինտեգրելու ուղղությամբ: Շնորհակալ եմ մեր եվրոպացի գործընկերներին այն մշտական աջակցության համար, որ ստանում ենք այս ուղղությամբ մեր ջանքերը կենտրոնացնելու համար: Մեր երկրի համար կրթությունը և գիտությունը հատուկ կարևորություն ունեցող ոլորտներ են. դարերով մեր փոքրիկ երկիրը գտնվել է տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում, դրանց բախումից շատ բան կորցրել, ցեղասպանության ենթարկվել, բայց նաև այդ քաղաքակրթությունների երկխոսությունից շահել: Անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվել՝ քաղաքակրթությունների երկխոսության վայր հանդիսանալու համար»,-նշել է նախարարը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով հանդիպմանը ներկա ԵՄ հանձնակատարներին: «Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը, հիանալի հասկանալով և գիտակցելով հայոց պատմությունը և հայ ժողովրդին, մեծ ցանկություն ունի՝ նաև այս ուղղությամբ կոնկրետ գործնական արդյունքներ արձանագրել:
Գիտությանն առանց սահմանների ընդլայնվելու գաղափարախոսությունը մեծ հնարավորություն է տալիս փոքր երկրներին՝ իրականացնել իրենց հավակնությունները: Մենք պայմանավորվել ենք ձևավորել ասոցացված երկրների ընդհանուր ցանց՝ համատեղ ծրագրերով մեր գիտականների համար լավագույն պայմաններ ստեղծելու համար: Բացի այդ, նպատակ կա մեր երկրում բացել հատուկ գրասենյակ, որպեսզի հնարավորություն ունենանք մեր գիտական հանրությանը նախապատրաստել «Հորիզոն-2020»-ի բարձր պահանջներին: Այս հարցում մենք իսկապես կարիք ունենք խորհրդատվական աջակցության, որը, վստահ եմ, մեր եվրոպացի գործընկերները կտրամադրեն»,-նշել է նախարարը:
Կարդացեք նաև
Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանն էլ իր հերթին նշել է, որ այս ծրագիրը շարունակական ջանքերի արդյունք է՝ Արևելյան գործընկերության երկրներն ավելի սերտորեն մոտեցնելու Եվրամիությանը: «Այստեղ ամենակարևորը տնտեսական զարգացումներին սատարելն է, իսկ դա հնարավոր է միայն, եթե առկա է որակյալ աշխատուժ: Սա էլ իր հերթին ենթադրում է որակյալ գիտնականների առկայություն և արդիական սարքավորումներ: Հետևաբար, պետք է հնարավորինս օգտվել գիտահետազոտական աշխատանքների և նորարարության ներուժից, որն արդեն առկա է, և անել ավելին: Գիտության և հետազոտությունների ասպարեզում գոյություն չունի սահման, կամ առնվազն պիտի չունենա:
Ներկայումս անում ենք հնարավորը՝ անցյալի դժվարություններն և մարտահրավերները հաղթահարելու համար: Մեր խնդիրներից և գերակայություններից մեկը ուղեղների արտահոսքը ուղեղների շրջանառության վերածելն է: Եվրոպական գիտահետազոտական ծրագրերը, ի թիվս այլոց, լավագույնս նախատեսված և հարմարեցված են հենց այդ նպատակի համար: Հաջողված ձեռնարկատիրություն և տնտեսության զարգացում հնարավոր է, եթե այդ ամենն ապահովվում է հաջողված գիտահետազոտական աշխատանքներով: Այս իմաստով հույս ունեմ, որ այս միջոցառումը կխթանի մեր հետագա գիտահետազոտական համագործակցությունը»,-նշել է հանձնակատարը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ գործընկերներին՝ վերոնշյալ կարևոր նախաձեռնությանը սատարելու համար:
Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը նշել է, որ ուրախ է Երևանում գտնվելու համար: «Ինքս ևս փոքր երկրից եմ՝ Պորտուգալիայից: Ու թեև հիմա ներկայացնում եմ Եվրոպայի բոլոր քաղաքացիներին, բայց և այնպես, իմ երկիրը սրտիս ավելի մոտ է, և մեր երկրների միջև մեզ շատ մոտ մարդ է կանգնած՝ Գալուստ Գյուլբենկյան: Նա մեծ տեսլական ուներ և մեծապես սատարել է մեր երկու երկրներին, ուստի տեսնել նրա երկիրը՝ ինձ համար բավականին հուզիչ փորձառություն էր: Մենք արդյունավետ հանդիպում ենք ունեցել՝ քննարկելով այն ամենը, ինչին հավատում ենք: Իսկ մենք հավատում ենք բաց գիտությանը, բաց հաղորդակցությանը: Ինչպես մենք ենք ձեզ պետք, ոչ պակաս դուք եք մեզ պետք, որովհետև գիտության մեջ շատ կարևոր է համագործակցությունը»,-նշել է նա՝ ընդգծելով, որ «Հորիզոն-2020» ծրագրի նպատակն է՝ ԵՄ համակարգի ինտեգրումը ծրագրին անդամակցող երկրներին և այդ երկրների մրցունակության խթանումը.
«Մենք այսօր քննարկել ենք կոնկրետ գործողություններ` ինչպես կարող ենք մեր համակարգերն ավելի լավ ինտեգրել և ինչպես գերազանցության սանդուղքով բոլորս միասին բարձրանալ: Այսօր մեզ պատմեցին եվրոպական հարևանության գիտնականների մասին, և ես հպարտ եմ, որ «Հորիզոն-2020»-ի մեջ ներգրավված են այդ 1500 գիտնականները: Շնորհակալ եմ, որ այսօր համաձայնեցինք միասին հաստատել և առաջ տանել հանուն նորարարության մի նոր նախաձեռնություն: Սա ընդհանուր դաշտ կստեղծի երկու հենասյուններով՝ համակարգերի ներառում և մրցունակության խթանում: Դրա համար պետք է խթանել մրցունակությունն ու ֆինանսավորումը, հմտությունների մեջ ներդրում անելը»,-նշել է հանձնակատարը՝ տեղեկացնելով, որ «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել անհատներ, համալսարաններ, ձեռնարկություններ, սկսնակ ձեռնարկատերեր, նույնիսկ նույն գաղափարների շուրջ ներգրավված մարդիկ. «Ամեն երկրում կա մեր ներկայացուցչությունը, անկախ փորձագետներից կազմված հանձնաժողով, որը գնահատում է ստացված առաջարկները: Օրինակ, մի դրոշակակիր նախագիծ ներկայացնեմ, որը կոչվում է ՓՄՁ խթանման մեխանիզմ:
Բոլոր փոքր ձեռնարկությունները, որոնք ունեն պայծառ գաղափարներ, կարող են մտնել մեր կայքէջ, 10 էջանոց փաստաթուղթ լրացնել` իրենց գաղափարը շարադրելով: Եթե այդ գաղափարը որակյալ է և դրական գնահատականի է արժանանում, կարող է մինչև 50 հազար եվրոյի ներդրում ստանալ՝ գաղափարը զարգացնելու համար: Եթե երկու տարվա ընթացքում գաղափարը դառնում է ձեռնարկություն և ապագայի համար խոստումնալից նորարարություն է պարունակում, խոսքն արդեն կարող է գնալ 2-3 մլն եվրոյի մասին: Այսինքն՝ սրանով պարզ, առանց քաշքշուկի, ուղղակի կապ է հաստատվում Եվրոպայի նորարարների և ձեռնարկատերերի միջև»,-նշել է նա՝ ընդգծելով, որ ծրագրին անդամակցելով՝ այդ երկրները դառնում են եվրոպական միասնական գիտահետազոտական տարածքի մաս, մի ընտանիքի անդամ: «Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Լևոն Մկրտչյանին՝ իր առանցքային դերի համար՝ Հայաստանի ասոցացումը առաջ մղելու և ծրագրին անդամակցելու հարցում»,-նշել է նա:
Նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Սլովակիային՝ ԵՄ նախագահության հաջող իրականացման և հայկական կողմին աջակցելու համար: «Ես ևս շնորհակալ եմ հայկական կողմին՝ այս միջոցառումը գերազանց կազմակերպելու համար: Քննարկումները շատ տպավորիչ էին և պիտանի: Ես զեկուցել եմ Սլովակիայի գերակայությունների մասին, որի հիմնական ուղղվածությունը երիտասարդ գիտնականների ներգրավմանը նպաստելն է: Դրա արդյունքում ընդունվել է երիտասարդ գիտնակաների մշակած Բրատիսլավիայի հռչակագիրը, որը մատնանշում է վերոնշյալ խնդիրը»,-իր խոսքում ընդգծել է Սլովակիայի կրթության, գիտության, հետազոտության և սպորտի նախարար Պետեր Պլավչանը:
Լրագրողների հարցերին պատասխանել և իրենց երկրների փորձն են ներկայացրել նաև Ուկրաինայի և Մոլդովայի ներկայացուցիչները:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն